Դիտարկումներ
Նախորդ տարվա մասնագիտական խմբերի գործունեության առավելությունը
1. Այս ձևը ներառման լավ հնարավորություն ստեղծեց: Կրթահամալիրի մեծության, մասնաշենքների առանձնության պայմաններում հաճախ դասավանդողներն իրար չեն ճանաչում, տեղյակ չեն լինում իրականացվող նախագծերից, դպրոցներում իրականացվող գործունեությունից:
Լավ էր, որ տարբեր դպրոցների տարբեր մասնագիությամբ դասավանդողներ իրար լսելու, իրար աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն ունեցան:
Դակայն խառը խմբերի ձևավորման այս ձևով միևնույն է կրթահամալիրում միմյանց գործունությանն անտեղյակության խնդիրը չլուծվեց: Կրթահամալիրի դասավանդողների մեծամասնությունը իրար լսելու, իրար հետ շփվելու հնարավորություն, միևնույն է, չունեցավ: Այնպես որ, այս ձևը այդ առումով մեծ առավելություն չուներ:
2. Այս ձևը հնարավորություն տվեց ընդհանուր մեթոդական-մանկավարժական խնդիրներ քննարկելու, խոսելու կրթահամալիրյան ընդհանուր հարցերի, նախագծերի մասին՝ առանց կենտրոնանալու կոնկրետ առարկայան խնդիրների վրա: Այդ առումով ինձ համար, որպես մասնախմբի ղեկավարի, հետաքրքիր էր: Հուսով եմ, արդյունավետ էր նաև մասնախմբի անդամների համար:
Նախորդ տարվա մասնագիտական խմբերի գործունեության թերությունը
1.Տարբեր դասավանդողներից դժգոհություններ լսվեցին, որ իրենց այդ սեմինարները ոչինչ չեն տալիս: Փաստն այն է, որ շատ հմուտ ուսուցիչներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով առաջատար ուսուցչի հայտ չէին ներկայացրել և հայտնվել էին խմբերում, իրենց անելիքը չէին տեսնում և սեմինար-պարապմունքը համարում էին ժամանակի կորուստ:
Չեմ կարծում, որ այս ձևաչափով սկսնակ ուսուցիչներն էլ իրական օգնություն ստացան: Սկսնակների դեպքում արդյունավետ կարող էր լինել մենթոր ուսուցչի ամենօրյա, հետևողական օգնությունը:
Տարբեր քննարկումներ ցույց են տալիս, որ մասնագետ-առարկայական ուսուցիչներն ունեն միասնական առարկայական-մասնագիտական քննարկումների պահանջ: Եվ ինչքան էլ որ ասվում է՝ ունեն, թող անեն, իրենց ո՞վ է խանգարում, դասավանդողն ունի ժամանակի խնդիր, և եթե այդ հավաքները կրթահամալիրյան օրացույցով չեն համակարգվում, դժվարություններ է առաջանում:
Առաջարկություն
Կարծում եմ, կրթահամալիրում պետք է գործի մեթոդիստ-մենթոր ուսուցչին ազատ ընտրելու հնարավորությունը: Այս գործընկերությունը կարող է ինքը ներկայացնել իր համագործակցության ձևը, ժամանակը, կերպը:
Կարծում եմ նաև, որ առարկայական-մասնագետ ուսուցիչների հավաքների անհրաժեշտությունը կա: