Перейти к содержимому

Դիտարկում -1.06.04.2018

Վերապատրաստող ուսուցչի բլոգը առավելագույն ներկայանալի պետք է լինի, ներկայացրած ծրագիրը՝ մանրամասն մշակված, համապատասխան հղումներով, նկարագրություններով: Պետք է ակնհայտ ցույց տրվեն բլոգային ուսուցման, մեդիակրթության, թվային գործիքների  առավելությունները, նախագծեր կազմելու, իրականացնելու հմտությունները…

Մի քանի դիտարկում, որ կարող են օգտակար լինել հաջորդ վերապատրաստմանը պատրաստվելիս:

Ներկայացված ծրագրերում հիմնականում հղումները բացակայում են: Ո՞րն է մեդիակրթության, բլոգային ուսուցման առավելությունը, եթե նշված գործունեությունների վրա հղումներ չպիտի լինեն:

Բերեմ մի քանի օրինակ՝

  • Ընդհանուր պարապմունք – հղումը դրված չէ:  Մեր բոլոր ընդհանուր պարապմունքներն ունեն իրենց ծրագրերը: Ինչո՞ւ հղումը չդրվի ծրագրի վրա:
  • Զատկական խնդիրներ – հղումը դրված չէ
  • Անգլերեն-ռուսերեն – ի՞նչ են անելու այդ գործունեության ընթացքում, հղումները այդ գործունեությունների վրա դրված չեն:
  • Ընտրությամբ գործունեություն: Գործունեությունների հղումները դրված չեն:
  • Նախագծերը ճիշտ չեն ներկայացվում: Նախագիծն ունենում է  իր հստակ ձևակերպումները, կառուցվածքը: Նախագիծն ունի ներկայացվող պահանջներ: Ստեղծագործության հետ առաջադրանքների տեսքով հարցեր դնելը նախագիծ չէ:
    Ինչպե՞ս ենք նախագծային ուսուցում ներկայացնելու, եթե մենք դրանք ճիշտ չենք ձևակերպում: Օրինակ՝ Ամենաուժեղը: Ղազարոս Աղայան: Նախագիծ: Ստեղծագործությունների հավաքածուն դեռ նախագիծ չէ:
  • Նախապատրաստում ստուգատեսին, ո՞ր ստուգատեսին, հղումը դրված չէ:
  • Քայլք Հյուսիսային դպրոց — սա նախագի՞ծ է, չէ՞: Ի՞նչ երգերով, ընթերցումներով, հայրենագիտական բաղադրիչներով…

Այսպես կարելի է շարունակել:

Սա չի նշանակում, որ բոլոր դասվարների մոտ ամեն ինչ բացակայում է: Ես ընդհանուր մոտեցման մասին եմ խոսում: Բոլոր դասվարների ներկայացրած ծրագրերում ավել կամ պակաս չափով այս մոտեցումը բացակայում է: Իհարկե, կան նաև հետաքրքիր լուծումներ,  նախագծի ներկայացման մանրակրկիտ ձևեր:
Օրինակ՝
Մարմնամարզական ընդմիջում
Աչքերի վարժություն
Մաթեմատիկական խնդիրներ
Դասական երաժշտության ունկնդրում
Զատկական երգ-պարի ամրապնդում
«Զատկական ծես» նախագիծ

Բայց ինչո՞ւ դասվարները իրենք իրենց ծրագրեր չեն նայում: Եթե նայեին, ամեն մեկի մոտ էլ մի բան կարևորված է: Կարելի  էր վերջնական-միասնական մոտեցում մշակել և ուսումնական պարապմունքները ներկայանալի ներկայացնել:

Այս վերապատրաստումները ստիպելու են, որ  մենք վերանայենք մեր արածը, փորձենք այլ մասնակցի, կողքի մարդու հայացքով նայել մեր արածին, փորձենք առավել ներկայանալի, մանրամասն մշակումներով հանդես գալ: Վերապատրաստումները հրաշալի հնարավորություն են նոր մակարդակ հաղթահարելու, ավելի բարձր հարթակում հայտնվելու:

Եվ վերջում նաև վրիպումների, քերականական սխալների մասին: Մենք բաց տարածքում ենք գործում: Չենք կարող դա նկատի չունենալ: Առավել ուշադիր պիտի լինենք մեր և մեր գործընկերոջ գրավոր խոսքի նկատմամբ: Մեր և մեր ընկերոջ գրածը կարդալով՝ կարող ենք ժամանակին ուղղել վրիպում-սխալները:

 

 

 

 

Реклама
%d такие блоггеры, как: