Перейти к содержимому

Դիտարկում: 27.04.2018

Մայիսյան հավաքին ընդառաջ

Սովորաբար քայլքով եմ գալիս կրթահամալիր՝ Աջափնյակից 1 ժամ, 3-5 րոպեում մտնում եմ Մեդիա-կենտրոն: Բայց երբ առավոտյան քնով եմ անցնում (վերջերս դա հաճախ է լինում), օգտվում եմ կրթահամալիրյան տրանսպորտից: Տրանսպորտում բոլորս ճանաչում ենք իրար, երբեմն նաև գիտենք անուններով՝ էս Դավիթը չկա՞ էսօր, Մաքսը ուշացե՞լ է, թե՞ չի գալու, Անուլ, ինչո՞ւ ես անտրամադիր… Սիրելի դարձած միջավայր ու մարդիկ՝ մեծով ու փոքրով…Էսպիսի բնական, վարչարարի աչք-ականջից  հեռու միջավայրում մարդիկ ազատ են, անկաշկանդ, բաց, խոսք ու զրույցի հակված: Թեթև, ուրախ, անկաշկանդ մթնոլորտ… Իսկական թարմ առավոտ…

Ծնող է ճանապարհում սովորողին՝ պայուսակը ինքն է բերել մինչև կանգառ: Սովորողը բարձրանում է ավտոբուս, իսկ ծնողը պայուսակը փոխանցում է ինձ. ես եմ դռան մոտ կանգնած: Երևի աչքերիս մեջ տարակուսանք է տեսնում: Չտված հարցիս մեղավոր պատասխանում է. «Շատ է ծանր, դժվար է իր համար»: Հարցս մնաց օդում կախված՝ բայց ինչո՞ւ է ծանր: Ավտոբուսը շարժվում է: Պայուսակ եմ ասել, հա՜: Մի կերպ տեղավորում եմ սովորողի ոտքերի տակ: Ասեմ, որ աղջիկը 3-րդ դասարանի սովորող է: Անուններ չեմ տալու՝ ո՛չ սովորողի, ո՛չ դպրոցի, չհարցնեք: Խոսելու եմ երևույթի մասին:
— Էս քա՞ր ես տեղափոխում, ի՞նչ կա պայուսակիդ մեջ, որ էսքան ծանր է:- Փորձում եմ ներքին դժգոհությունս խոսքիս չփոխանցել:
— Գրքեր, տետրեր, համակարգիչ,- խաղաղ ժպտում է աղջնակը:
Մտածում եմ՝ տեսնես էս երեխայի ծնողը լսե՞լ է կրթահամալիրի տնօրենի էն խոսքը, որ մեր սովորողի պայուսակը չի կարող ծանր լինել, որովհետև այդքան գիրք ու տետրի փոխարեն միայն մի նեթբուք կամ պլանշետ է դնում պայուսակում:
Հիմա պարզվում է, որ մեր սովորողի գիրք-տետրին ավելացել է մի հատ էլ համակարգիչ:

Նորից հիշեցի անցած տարվա խոսքուզրույցը սովորողի պայուսակի պարունակության մասին: Դե, դրա վրա  մի ամբողջ 49-օրյա իմ պասային շրջանն է անցել: Էլ նստվածք չկա: Բայց էս ծանրպայուսակային երևույթի վրա փաստորեն այդ շրջանը չի ազդել: Ոչինչ չի կարող  ազդել նաև այդ մասին  բարձրաձայնելու իմ հաստատակամության վրա և՛ որպես ծնող, և՛ որպես մանկավարժ, և՛ որպես ուղղակի Մարիետ Սիմոնյան:

Խաղաղ, առանց «что это такое» կեցվածքի անեմ մի քանի հարցադրում, տեսեք, համաձա՞յն եք դրանց հետ: Ինչի հետ համաձայն չեք, ասեք, բայց գրավոր: Սիրով պատրաստ եմ երկխոսության:

«Մենք իրավունք ունե՞նք սովորողի պայուսակը նայելու» հարցադրմանը պատասխանում եմ.

  • մենք իրավունք չունենք չիմանալու՝ ինչո՞ւ է մեր սովորողը իր դեռ չձևավորված ողնաշարի վրա այդպիսի ծանրությամբ պայուսակ կրում, կամ մի ձեռքով բռնած ծանր պայուսակով ողնաշարը թեքում մի կողմ
  • մենք իրավունք չունենք չիմանալու այդ ի՞նչ գրքեր, տետրեր է տանում-բերում սովորողը
  • մենք իրավունք չունենք ծնողի հետ չքննարկելու սովորողի պայուսակի պարունակության խնդիրը, ընդհանրապես առողջապահական խնդիրներ
  • մենք իրավունք չունենք հայտարարել մի բան, անել մի այլ բան
  • մենք իրավունք չունենք մանկավարժական խնդիրները շրջանցելու:

Մանկավարժության մեջ փոքր խնդիրներ չեն լինում: Այն, ինչ վերաբերում է մեր սովորողին, հատկապես նրա առողջապահական խնդիրներին, չի կարող  չհետաքրքրել մեզ:  Եթե մենք խնդիր ենք տեսնում, մի՞թե դժվար է դրան մանկավարժական-ուսումնական մոտեցում ցույց տալ: Սովորողի պայուսակն իր պարունակությամբ շատ լավ ուսումնական աշխատանք կարող է դառնալ՝ պայուսակի կշիռը, ծավալը, ինչպե՞ս է փոխվում այդ կշիռը, երբ գրքերն ու տետրերը հանում ենք: Միայն նեթբուքով կամ պլանշետով պայուսակի կշիռն ինչքա՞ն է, և այլն…

Սովորողի պայուսակն իր կշռով ու պարունակությամբ մաքուր մանկավարժական խնդիր է, որը կարելի է և պարտավոր ենք լուծել առանց սովորողի իրավունքը ոտնահարելու:
Եվ եթե կուզեք իմանալ՝ պայուսակի պարունակությունը պատմում է հենց այդ սովորողի հետ իրականացվող ծրագրի և մանկավարժության մասին: Ինչո՞ւ ենք փակում մեր ականջները:

Реклама
%d такие блоггеры, как: