Հատված երկրորդ

IMG_5595_0Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա,

հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր:

Առկա ուսուցում: Միջին դպրոցում ուսուցումն առկա է, այսինքն՝ սովորողը պարտավոր է ներկա գտնվել բոլոր պարապմունքներին՝ ըստ հաստատված պարապմունքների և դրանց ժամանակացույցի: Առկա ուսուցում են համարվում նաև դասընթացների մաս կազմող ուսճամփորդությունները, հասարակական նախագծերի իրականացումը, ընդհանուր պարապմունքները : Առկա ուսուցման դեպքում հաշվառման մատյանում նշում չի արվում (նշվում են ուշացումներն ու տվյալ պարապմունքին չներկայանալը): Առկա ուսուցումը պարտադիր է բոլոր սովորողների համար:

Հեռավար ուսուցում: Առկա ուսուցման մեջ ըստ կարգի հարգելի համարվող պատճառով չընդգրկված սովորողն անցնում է հեռավար ուսուցման: Սովորողը հեռավար ուսուցման է անցնում ծնողի պատճառաբանված դիմումի հիման վրա՝ համապատասխան հրամանով:

Հեռավար ուսուցման մեջ օգտագործվում են տեսադասերը, սովորողին առցանց ուղարկված առաջադրանքների փաթեթը, ինչպես նաև սովորողին հարմար միջավայրում արվող նախագծերն ու դրանց առցանց քննարկումները: Ֆիզկուլտուրայի ժամաքանակը սովորողը լրացնում է ֆիզկուլտուրայի բաց թողնված պարապմունքների լրացման կարգով: Հեռավար ուսուցման անցած սովորողին հաշվառման մատյանում բացակա չի նշանակվում:

Հանձնարարությունները չկատարող սովորողի հետ, ծնողին տեղեկացնելով, դադարեցվում են հեռավար ուսուցման   աշխատանքները, և սահմանված կարգով հաշվառման մատյանում նշվում են բացակայությունները: Սովորողը առկա ուսուցման է անցնում համապատասխան հրամանով:

Հեռավար ուսուցում է իրականացվում նաև սովորողի արձակուրդի ընթացքում, որն էլ ապահովում է նրա անընդհատ կրթության իրավունքը: Սովորողներին առաջարկվում են  արձակուրդային նախագծեր, կամ սովորողն ինքն է առաջարկում արձակուրդային իր նախագիծը: Արձակուրդային ուսումնական նախագծեր են դառնում նաև ստուգատեսներին պատրաստվելը:

Հեռավար ուսուցման բաղկացուցիչ է առցանց  ուսուցումը: Սա ևս համացանցի միջոցով կատարվող ուսումնական աշխատանք է: Սրանք առցանց քննարկումներն են, դասավանդողի կամ ընկերների հետ առցանց հարց ու պատասխանները, առաջադրանքների առցանց ստանալն ու պատսսխաններն ուղարկելը, կայքի նյութերը կարդալն ու դրանց արձագանքելը…

Տնային ուսուցում: Տնային ուսուցման մեջ ընդգրկվում են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն սովորողները, ովքեր առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չեն հաճախում: Նրանց հետ՝ հաստատված ժամանակացույցով և անհատական ուսումնական պլանով աշխատում է նշանակված մանկավարժական աշխատողը: