Փոքրիկ տղան զրուցում էր մոր հետ: Մայրն ասաց.
— Չմոռանաս, որ պետք է օգնես ուրիշներին:
Տղան հարցրեց.
— Բա ուրիշնե՞րն ինչ անեն:
Մայրը բնականաբար պտասխանեց.
— Նրանք էլ կօգնեն մյուսներին:
— Կարծես թե ամեն ինչ խճճել եք: Ամեն ինչ իրար խառնելու և դժվարացնելու փոխարեն լավ չի՞ լինի ամեն մարդ ինքն իրեն օգնի::
****
Փոքրիկ Ջոուին նստած էր փողոցում` ծառի տակ, երբ լսեց մոր ձայնը.
— Ջոուի, ի՞նչ ես անում:
— Ոչ մի բան, մամ:
— Չէ, ճիշտն ասա, Ջոուի, ի՞նչ ես անում:
— Մամ, ասի` բան չեմ անում:
— Մի խաբի, ասա, ի՞նչ ես անում:
Ջոուին խոր հոգոց հանեց, վերցրեց մի քար և շպրտեց:
— Քար եմ շպրտում, մամ:
— Էդպես էլ գիտեի, որ դա ես անում: Չի կարելի, մի արա:
-Է~, — ինքն իրեն խոսեց Ջոուին,- էլ ոչ ոք քեզ չի թողնի ոչ մի բան չանել:
******
— Աստված իմ,- հառաչեց Պեդին,- ես ամեն ինչ ունեի, էն ամենը, ինչ կարող էր երազել մարդը` չքնաղ կնոջ սեր, հրաշալի տուն, լիքը փող, գեղեցիկ հագուստ…
— Բա ի՞նչ եղավ,- հարցրեց Սիմուսը:
— Ի՞նչ եղավ… հանկարծ, չգիտես որտեղից, առանց անգամ զգուշացնելու… ներս մտավ կինս:
******
Մի մարդ հարբեցողությամբ էր զբաղված, երբ մոտեցավ ընկերն ու ասաց.
— Ի՞նչ ես անում, ախր դա դանդաղ մահ է:
— Իսկ ես ո՞ւր եմ շտապում որ,- պատասխանեց հարբեցողը:
****
Մոլա Նասրեդինին բռնեցին փողոցում ուրիշի կնոջը համբուրելիս: Դատարանից դուրս գալով` ասաց ընկերոջը.
— Դաժան վարվեցին հետս: Սկզբում էդ համբուրելու համար դատավորը տուգանեց 50 ռուպի, հետո, երբ տեսավ էդ կնոջը, 50 ռուպի էլ տուգանեց հարբած լինելու համար:
*****
Ասում են, մի անգամ մի քահանա գալիս է օտար քաղաք: Քահանան պիտի հասներ եկեղեցի, որտեղ երեկոյան քարոզ էր կարդալու: Բայց արի ու տես, տաքսիները գործադուլ են անում: Քահանան եկեղեցու տեղը հարցնում է մի փոքրի տղայից, ով էլ նրան ուղեկցում է մինչև եկեղեցի: Երբ տեղ են հասնում, քահանան շնորհակալություն է հայտնում տղային և ասում.
— Շատ շնորհակալ եմ քեզ, որ օգնեցիր ինձ: Դու ոչ միայն ինձ եկեղեցու տեղը ցույց տվեցիր, այլև ուղեկցեցիր ինձ մինչև վերջ: Եթե քեզ ընդհանրապես հետաքրքրում է Աստծո գոյությունը, երեկոյան եկեղեցի արի` քարոզս լսելու: Ես ցույց եմ տալու դեպի Աստված տանող ճանապարհը:
Տղան ծիծաղելով ասում է.
— Դու նույնիսկ եկեղեցի տանող ճանապարհը չգիտես, դու ո՞նց կարող ես դեպի Աստված տանող ճանապարհը իմանալ: Ոչ էլ կգամ:
*****
Ահա Ձենի մի հրաշալի պատմություն: Մի կրոնավոր առավոտ շուտ միայնակ կանգնած էր բլրի գագաթին: Նա կանգնած էր անշարժ, միայնակ, ինչպես բլուրը, իսկ բլրի տակով անցնում էին երեք մարդ, ովքեր դուրս էին եկել առավոտյան զբոսանքի: Նրանք նայեցին մարդուն և տարբեր ենթադրություններ արեցին, թե ինչ կարող է անել նա այնտեղ: Մեկն ասաց.
— Ես ճանաչում եմ այս մարդուն: Մի ժամանակ նրա կովը կորել էր, դե, հիմա էլ կանգնած բլրի գագաթին, նայում է` որտեղ կարող է լինել:
Երկրորդն ասաց.
— Ելնելով նրա կանգնած դիրքից` նա ընդհանրապես չի նայում, ոչ էլ շարժվում է: Նրա աչքերը համարյա փակ են: Էս ձևով մարդ բան չի փնտրում: Ես կարծում եմ` ընկերոջ հետ դուրս է եկել զբոսանքի, ընկերը ետ է մնացել, սպասում է` երբ կմոտենա:
Երրորդն ասաց.
— Չեմ կարծում, որ պատճառը դա է: Մարդու սպասելիս լիներ, մեկ-մեկ կնայեր` գալի՞ս է, թե՞ չէ: Իսկ նա ընդհանրապես չի շարժվում, ոչ մի ուղղությամբ չի նայում: Նա չի սպասում, դա սպասող մարդու դիրք չէ: Կարծում եմ` նա կամ աղոթում է, կամ մեդիտացիա է անում:
Այնքան տարբեր էին կարծիքները, և դա այնպես հուզեց նրանց, որ որոշեցին մոտենալ և հենց նրանից իմանալ` ինչ է անում: Բլուրը հեշտ չէր բարձրանալը, բայց նրանք մագլցեցին: Հասան կրոնավորին և առաջին մարդն ասաց.
-Կո՞վդ ես փնտրում: Ես գիտեմ, որ կորել է, դու հիմա երևի նայում ես` որտեղ կարող է լինել:
Մարդը բացեց աչքերն ու ասաց.
— Ես ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ կարող կորցնել: Ես ոչ կով եմ փնտրում, ոչ էլ մի ուրիշ բան:
Ասաց ու նորից փակեց աչքերը: Երկրորդն ասաց.
— Ուրեմն ես էի ճիշտ: Սպասում ես հետ մնացած ընկերոջդ:
Մարդը բացեց աչքերն ու ասաց.
— Ես չունեմ բարեկամներ և չունեմ թշնամիներ, ես ինչպե՞ս կարող եմ ինչ-որ մեկին սպասել: Ես միայնակ եմ, և ոչ ոք ինձնից ետ չի մնացել, քանի որ ոչ ոք էլ չկա: Ես լրիվ միայնակ եմ:
Այդ ժամանակ երրորդն ասաց.
— Ուրեմն ճիշտը ես էի: Դե, ուրիշ տարբերակ չկա էլ. դու աղոթում էիր կամ մեդիտացիա էիր անում:
Մարդը ծիծաղեց և ասաց.
— Բոլորից հիմարը դու ես: Ես չգիտեմ մեկին, ում կարող եմ աղոթքով դիմել, և ես չունեմ նպատակակետ, ես ինչպե՞ս կարող եմ մեդիտացիա անել:
Այդ ժամանակ բոլորը միաձայն հարցրին` լավ, բա ի՞նչ ես անում:
Մարդը պատասխանեց.
— Ես ուղղակի կանգնած եմ: Ոչինչ չեմ անում:
Ռուսերենից թարգմանեց Մարիետ Սիմոնյանը: