Հնդկաստանի հռչակավոր բանաստեղծներից մեկին` Ռաբինդրանատ Թագորին, մի տարեց մարդ` նրա պապի ընկերը, անընդհատ հիմար դրության մեջ էր դնում: Ծերուկը հաճախ էր հյուր գալիս, քանի որ մոտ էր ապրում, և երբեք առանց Ռաբիդրանատին տեսնելու չէր գնում: Սովորաբար ծեծում էր նրա դուռը և հարցնում.
— Ինչպե՞ս է գրելուդ գործը: Դու իսկապե՞ս ճանաչում ես Աստծուն: Դու իրո՞ք գիտես` ինչ է Սերը: Ճիշտն ասա, դու իրականում գիտե՞ս այն ամենը, ինչի մասին խոսում ես քո բանաստեղծություններում: Իսկ գուցե դու ուղղակի խաղում ես բառերի հետ: Ցանկացած ապուշ կարող է խոսել Սիրո, Աստծո, Հոգու մասին: Ես քո աչքերում եմ տեսնում` դու գիտեցածիդ մասին չես գրում:
Եվ Ռաբինդրանատը ոչինչ չուներ նրան ասելու: Ավելին` ծերունին ճիշտ էր: Երբ նրանք պատահաբար հանդիպեցին շուկայում, ծերուկը քաշեց նրա թևքից և հարցրեց.
— Հը՞, Աստվածդ ինչպե՞ս է: Դու գտա՞ր Նրան, թե՞ շարունակում ես առաջվա պես գրել Նրա մասին բանաստեղծություններ: Հիշիր, գրել Աստծո մասին և իմանալ Աստծուն, նույն բանը չեն:
Ծերունին սիրում էր մարդկանց գցել շփոթության մեջ: Բանաստեղծական հանդիպումների ժամանակ, որտեղ հարգանքով էին վերաբերվում Ռաբիդրանատին (նա Նոբելյան մրցանակի դափնեկիր էր), անպայման կհանդիպեիր այդ ծերուկին: Բեմի վրա` բանաստեղծների և երկրպագուների ամբոխի առաջ, նա բռնում էր բանաստեղծի օձիքն ու ասում.
— Այնուամենայնիվ դա տեղի չունեցավ: Ինչո՞ւ ես խաբում այս հիմարներին: Նրանք մանր-մունր ապուշներ են, իսկ դու` հսկա: Նրանց մեր երկրից դուրս ոչ ոք չի ճանաչում, իսկ քեզ չէ՞ որ ամբողջ աշխարհը գիտի: Բայց դա ամենևին չի նշանակում, որ դու գտել ես Աստծուն:
Ռաբինդրանատը գրել է իր օրագրում. «Նա ինձ ուղղակի տանջում էր. նա այնպիսի խորաթափանց աչքեր ուներ, որ նրան խաբել հնարավոր չէր: Միայն նրա ներկայությունը քեզ դնում էր երկընտրանքի առաջ`կամ ճիշտն ասա, կամ լռիր:»
Եվ այնուամենայնիվ դա տեղի ունեցավ… Մի անգամ Ռաբինդրանատը դուրս եկավ առավոտյան զբոսանքի: Վաղ առավոտ էր: Գիշերն անձրև էր եկել: Արևը նոր էր ծագում: Օվկիանոսը փայլում էր ինչպես ոսկի, փողոցում անձրևից փոքրիկ լճակներ էին առաջացել: Այդ լճակներում արևն արտացոլվում էր նույն հանդիսավորությամբ, նույն փայլով ու նույն խինդով, ինչպես օվկիանոսում…
Տպավորիչ էր տեսարանը: Ռաբինդրանատը իր ներսում ինչ-որ փոփոխություն զգաց. այս աշխարհում ոչ մի բան գլխավոր չէ, և ոչ մի բան երկրորդական չէ, աշխարհը միասնական է:
Իր կյանքում առաջին անգամ նա շարժվեց դեպի ծերունու տունը, թակեց դուռը, նայեց ծերունու աչքերին և ասաց.
— Հիմա՞ ինչ կասես:
Ծերունին պատասխանեց.
— Այ հիմա ասելու բան չունեմ: Դա տեղի ունեցավ: Ես օրհնում եմ քեզ:
Ռուսերենից թարգմանեց Մարիետ Սիմոնյանը: