???????????????????????????????Երբեմն ինձ թվում է, մենք` ուսուցիչներս,  մանկություն չունեցած մարդիկ ենք կամ հիմնովին կորցրել ենք դպրոցական տարիների մասին մեր հիշողությունները: Այսինքն՝ երբեք անպատրաստ դասի չենք գնացել, դասի ժամանակ ուրիշ բանով չենք զբաղվել, դասից չենք փախել, դաս չենք խանգարել, մեր կաշին փրկելու համար ուսուցչին ու ծնողին չենք խաբել, ուշացած դասարան չենք մտել, մեր լավ ընկերների մեջ ծխողներ չենք ունեցել, չսովորող և անկարգ սովորողներից շատերը մեր լավագույն ընկերները չեն եղել….  Որտեղի՞ց է գալիս մեր այս անբարյացակամ, երբեմն նույնիսկ ներքին թշնամական վերաբերմունքը մեր սովորողների կարգազանցությունների, մեր առարկայի նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերող կամ անկարգ սովորողների նկատմամբ: Չէ, խոսքս կարգերի խախտման առաջ աչք փակելը չէ: Խոսքս այլ բանի մասին է: Խոսքս մանկավարժության, համենայն դեպս՝ մեր դավանած մանկավարժության մասին է: Մեր գորովանքի առարկան են շարունակում մնալ  կարգապահ ու պարտաճանաչ սովորողները, մեր հիացմունքի առարկան՝ ընդունակներն ու ինտելեկտուալները: Եկեք ընդունենք, որ այդ սովորողների հետ աշխատելու համար այդքան էլ մանկավարժական հմտություններ չեն պահանջվում: Հանձնարարում ես՝ սովորում է, բացատրում ես՝ արագ ընկալում է, գրեթե միշտ կարգի մեջ է, կիրթ է, պարտաճանաչ: Հետաքրքիր է նրանց հետ աշխատելը, ինտելեկտուալ հաճույք ես ստանում: Խոսքս մեր մյուս սովորող-չսովորողների, տարբեր խնդիրներ ունեցողների մասին է: Մենք նրանցը, և նրանք մերը չե՞ն:

Խնդիր առաջացնող սովորողին մեր մանկավարժությունից դուրս մղելը մնում է գայթակղության քար. չկա խնդիր առաջացնող սովորող, չունենք խնդիր: Ոչ ատամ, ոչ ատամնացավ, կյանքը` խաղաղ ու երջանիկ: Եվ ո՞ւր է տանում այս լայն ու հանգիստ ճանապարհը, չգիտեմ, բայց գիտեմ, որ հենց էդտեղ էլ վերջանում է մանկավարժությունը:

Ուզում եմ խոսել ապրումակցության մասին: Սա կարևոր հատկանիշ է ոչ միայն մանկավարժության մեջ, այլև ընդհանրապես: Բայց մեր գործում առանց այդ կարևոր հատկանիշի ուղղակի հնարավոր չէ: Ոչ մի ինտելեկտուալ, ընդհանուր զարգացվածության մակարդակ չի կարող փոխարինել մարդու ապրումակցելու կարողությանը: Իսկ մարդուն ապրումակցելու, օգնելու համար պետք է ճանաչել նրան, տեղյակ լինել նրա կյանքին, այդ կյանքում կատարվող հնարավոր փոփոխություններին: Բայց արի ու տես, որ մենք վատ գիտենք մեր սովորողներին: Ավելի ճիշտ, բոլորովին չգիտենք: Սովորողը սկսել է անպատրաստ գալ դասի, դարձել է անտարբեր ուսման նկատմամբ: Դասավանդողները բողոքում են, բարկանում են, պատժում.. Պարզվում է՝ ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է հայտնվել. կորցրել են բնակարանը, հայտնվել փողոցում: Այս մյուս սովորողից սկսեցին հաճախակի բողոքներ լսվել՝ չի լսում, անուշադիր է, խոսում ես, չի էլ բարեհաճում պատասխանել, արհամարհում է: Վրդովվում են ուսուցիչները:  Իսկ սովորողի մոտ լսողության լուրջ խնդիրներ են առաջացել: Միանգամից, անհայտ պատճառներով թուլացել է լսողությունը. նա իրոք սկսել է չլսել: Ինչո՞ւ է այս մյուս տղան այսքան ագրեսիվ տրամադրված հատուկ կարիքով սովորողների նկատմամբ, անմարդկայնության ի՜նչ վատ գծեր է ցուցաբերում: Բայց գիտե՞ն դասավանդողները, որ այդ տղան ընտանիքում հատուկ կարիքով 18 տարեկան անկառավարելի եղբայր ունի, ով հոգս է դարձել  ծնողների համար, չգիտեն՝ ինչո՞վ զբաղեցեցնեն, ո՞ւմ դիմեն, ի՞նչ անեն: Եվ ընտանիքի այդ ներքին խռովքը, անելանելի վիճակը փոխանցվում է պատանի եղբորը, դառնում ագրեսիա մյուս հատուկ կարիքով սովորողների նկատմամբ: Կարելի է էլի ու էլի օրինակներ բերել: Ցավոք դրանք շատ են: Ինչպե՞ս անել, որ մենք դասատվությունից անցնենք մանկավարժության: Ինչո՞ւ ենք մենք սովորաբար փաստում իրավիճակը` առանց փորձելու հասկանալ բուն պատճառը: Ինչո՞ւ է դա մեզ քիչ հետաքրքրում: Սովորողը սկսել է խանգարել դասերը: Նրան չի հետաքրքրում, որ ուսուցիչը բարկանում-նյարդայնանում է: Ավելին` ուսուցչի երբեմն անօգնական վիճակը հաճույք է պատճառում նրան: Դա օտարացման կանխանշան է: Ինչպե՞ս անել, որ սովորողը քեզ յուրային, բարեկամ համարի, չցանկանա ցավեցնել, նեղացնել: Հնարավո՞ր է առանց յուրայնացման կրթություն իրականացնել: Լինո՞ւմ է անհոգի կրթություն:

Մենք մեր սովորողի հետ չենք ապրում: Ի՞նչ ապրումակցման մասին կարող է խոսք լինել:Ի՞նչ եղան մեր արշավներն ու քայլարշավները: Ինչպե՞ս ենք իրականում ճանաչելու, յուրայնացնելու մեր սովորողին, եթե նրա հետ դժվարություններ, բարձունքներ չենք հաղթահարում, միասին խարույկի համար փայտ չենք հավաքում, խարույկ չենք վառում ու խարույկի շուրջ նստած չենք զրուցում, ճանապարհին իրար օգնելով, միասին մի քանի օր կողք կողքի ապրելով չենք հարազատանում: Հիշենք` վերջին անգամ ե՞րբ ենք առանձնազրույց ունեցել մեր որևէ սովորողի հետ, ուղղակի զրուցել, հարցուփորձ արել, ե՞րբ ենք միասին ծառ ու ծաղիկ տնկել ու ջրել, դասաժամերից դուրս ի՞նչ շփում ենք ունեցել;

Եվ մի բան էլ: Վերջերս Միջին դպրոցի ուսուցիչներով քննարկում էինք կարևոր հարց. մեր սովորողները լսել չեն կարողանում: Լուրջ ու բուռն քննարկում էր: Խոսում էինք առանց իրար լսելու, իրար ընդհատելով ու նաև իրար զուգահեռ: Լա՜վ քննարկում էր՝ ինչպես անել, որ սովորողները կարողանան իրար ու ուսուցչին լսեն, չխոսեն զուգահեռ, իրար ընդհատելով… Սեմինարների, մանկավարժական հավաքների, նույնիսկ դասական երաժշտության համերգների ժամանակ քիչ չեն խոսողին, կատարողին չլսող, զրուցող դասավանդողները: Եվ ինչքան էլ զարմանալի է, այդ  դասավանդողների մեջ են նաև նրանք, ովքեր հայտնի են դասարանում կարգապահություն սահմանելու իրենց խստությամբ, խոսող սովորողների նկատմամբ անհանդուրժողականությամբ:  Ուսուցիչն ինքը  ուշացող է և սովորողին պատժում է ուշանալու համար,  ինքը չի լսում դիմացինին, բայց ստիպում է. որ լսեն իրեն, ինքը պարտաճանաչ չէ իր  պարտականությունները կատարելիս, բայց սովորողից պարտաճանաչություն է պահանջում…. Այս շարքը կարելի է շարունակել: Ուզում ենք սովորողների մոտ զարգացնել հատկանիշեր, որոնք մենք չունե՞նք: Լինո՞ւմ է այդպես, հնարավո՞ր է փոխանցել չունեցածը: Չգիտեմ՝ հնարավոր է, թե չէ, բայց ազնիվ չէ: Իսկ մենք գործ ունենք ձևավորվող պատանիների հետ, ում մոտ սովորաբար սուր է արտահայտվում անարդարության դեմ բողոքը:

Այնպես որ, եկեք չդատենք: Եկեք  կազմակերպենք ոգեղեն, ներառող կրթություն: Մինչև վերջ անհատականացնենք մեր կրթությունը, մինչև վերջ ներառենք մեր յուրաքանչյուր սովորողի: