30-6-1-1Արամը` ամուսինս, «Հայ զինվոր» թերթի հատուկ թղթակիցը, երկար ժամանակ խոսում էր Գյումրիի զորամասում հանդիպած զինվորից: Սիրում է զինվորներից պատմել: Ասում է, որ բանակում զիլ տղերք շատ կան. լավն է սերունդը: Էրիկ Աստվածատրյանին գործուղման ժամանակ էր հանդիպել:

— Ախր ո՞նց չես հիշում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից եմ, ասում էր, քեզ էլ շատ լավ գիտեր, գրականություն ես դասավանդել, խոսում էր քո տված գրականությունից, Էրիկը Աստվածատրյան, հիշեցի՞ր:

— Դե չեմ հիշում, ախր քանի~ սվորողի եմ դասավանդել, ո՞նց պիտի հիշեմ, է~:

Արամը հեշտ ոգևորվողներից չէ: Բայց երևում է, որ շատ է ուզում, որ հիշեմ էս զինվորին: Ակնհայտ էր, որ տպավորված է:

— Երկար ու սիրով էր պատմում կրթահամալիրից, իրենց լրագրությունից ու օպերատվական դասընթացից: Էդպես էլ չխոսեց ԲՈՒՀ-ից: Չիմացա էլ` սովորո՞ւմ է, թե՞ չէ:  Գրագետ էր, բանիմաց: Հետաքրքիր զրուցակից էր:                                                                          Փաստորեն կրթահամալիրում լրագրություն եք անցնում, օպերատվություն: Տես, որ լրագրությունը հետո մասնագիտություն է դարձել ձեր սովորողի համար: Հիմա էլ բանակում թերթ է հրապարակում: Փաստորեն նախամասնագիտական հմտություններ եք տալիս: Լավ եք մտածել:

Արամը հավանում է մեր կրթությունը: Բանասեր է մասնագիտությամբ: Գնահատում է իմ ու Սուսան Մարկոսյանի հեղինակած գրականության դասագրքերը: Լինելով լավ գրականագետ` կատակով ասում է` երևի դուք էլ գլխի չեք` ինչ եք արել, ինչ գրական ճաշակ ու մտածողություն եք փոխանցում ձեր գրականության դասագրքերով: Ցանկացած միջավայրում, անհրաժեշտության դեպքում, հիմնավորված ներկայացնում է մեր կրթության առավելությունները, ասում է` մարդիկ լուրջ գործով են զբաղված:

Զարմացած էր Էրիկի հեշտ շփվելու, արագ հաղորդակցության մեջ մտնելու կարողության վրա: Շատ էր անմիջական, համարձակ, նախաձեռնող`ասում էր: Էրիկին ոչ ոք չէր ներկայացրել: Ինքն էր մոտեցել:  Տեսել էր լրագրողին ու մոտեցել էր, ներկայացել, զրույցի բռնվել:  Ներքին հիացմունք կար Արամի խոսքում: Մեկ տարի ծառայած զինվորը հանգիստ մոտենում է փոխգնդապետ լրագրողին, ներկայանում է: Նայում ես, զինվոր է` կրծքին երեք նշան` «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ զինվոր» և «Հայոց բանակի գերազանցիկ»:  

— Շա՞տ ունեք էսպիսի սովորողներ, որ Էրիկին չես հիշում,- չի խաղաղվում Արամը,- ախր էսպիսի բան համարյա չի հանդիպում: Եզակի երևույթ է:

— Այ փոխգնդապետ Արամ Ներսիսյան, մեր տված կրթությունն իր կնիքը դնում է`համարձակություն, անմիջականություն, նախաձեռնություն, ներկայանալու ու ներկայացնելու կարողություն: Սրանով տարբերվում են մեր սովորողները: Ի՞նչ կա զարմանալու: Չեմ հիշում, որովհետև մեր կրթական համակարգով անցած շատ սովորողներ կարող էին մոտենալ քեզ, դեռ հարցազրույց էլ կվերցնեին, չէին էլ սպասի, որ դու հարցեր տայիր: Իսկ եթե Էրիկին դասավանդել եմ, մի հուզվիր, նկարը որ լինի, անպայման կհիշեմ, տեսողական հիշողությունս լավ է:

Այսօր մեր կայքում տեսա հարցազրույցը` Էրիկի նկարով: Էրիկ Աստվածատրյան, ահա թե ում մասին է խոսքը: Չեմ հիշո՞ւմ Էրիկին: Բայց մոռացե՞լ եմ, որ հիշեմ: Ակտիվ, խոսուն, պայծառ ու անկանխատեսելի Էրիկը: Էրիկին կարելի՞ էր ծույլ ասել. ոչ երբեք: Կարդում էր շատ, գրում էր շատ: Պարտաճանա՞չ: Էդ ի՞նչ եք ասում, իհարկե ոչ: Երբեք չկատարեց տրված հանձնարարությունները: Բայց և անպատրաստ չներկայացավ դասին: Աբսո՞ւրդ եմ ասում: Երևի թե` հա: Հանձնարարում ես Մարկես, կարդում է Հեմինգուեյ, ասում է` սա եմ ուզում կարդալ, մայրենիից հանձնարարությունը չէր կատարում, ասում էր` սցենարի վրա եմ ուզում աշխատել, դա է հիմա ինձ հետաքրքրում, էդպիսի առաջադրանք տվեք: Հանձնարարեցի սցենար գրել (հիմա չեմ հիշում` ինչ էր թեման), գրեց էջերով, մանրամասն, առանց գլուխ պահելու, ոգևորված: Գրական քննարկումներին սիրում էր մասնակցել, բայց երբեք կարդացած չէր լինում հանձնարարված գրականությունը. այլ բան էր կարդացած լինում: Բայց քանի որ միտքը և հոգին հասուն էին, իսկ գրականությունը նաև  կյանք է ու  կենսափորձ, լավագույն վերլուծություններն էր անում, դեռ մի բան էլ ավելին` համեմատում էր իր կարդացածի հետ: Երբեմն բարկանում էի, ասում էի` չես կարդացել, չես խոսելու, չենք լսելու: Բայց Էրիկին լռեցնե՞լ կլիներ: Էլ չեմ ասում` լավ էլ ուզում էինք լսել, միտքը հետաքրքիր էր աշխատում, անսպասելի լուծումներ էր տալիս:

Եվ ահա, խնդրեմ` երեք շքանշաններով մեր սեբաստացի զինվորը` ազատ, անկաշկանդ, գործուն, ակտիվ, նախաձեռնող: Ինչո՞ւ պիտի Էրիկը «Լավագույն մարզիկ զինվոր» շքանշանը չստանար, եթե նա առաջին դասարանից սկսած կրթահամալիրում մարզվել է` մարմնամարզությունից սկսած մինչև իր նախընտրած սպորտաձևը` վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, ֆուտբոլ… Ինչո՞ւ պիտի «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» շքանշաններին չարժանանար, եթե ուսանելու տարիներին բազմիցս մասնակցել է ռազմա-մարզական բանակումներին, մարզական-հայրենագիտական ճամբարներին, քայլարշավներին և ամնեատարբեր բարձունքների հաղթահարումներին:   

Մեզ երբեմն հարցնում են` իսկ դուք արդյունք ունե՞ք, ի՞նչ արդյունք եք ակնկալում: Այո, պատասխանում եմ ձեզ, ունենք արդյունք: Ահա մեր սովորողը` Էրիկ Աստվածատրյան, ով չգիտեմ էլ`ԲՈՒՀ-ում սովորո՞ւմ է, թե՞ չէ: Բայց ,անկեղծ ասած, կարևոր էլ չէ: Մի՞թե կրթության արդյունքը այսօրվա անպահանջարկ ԲՈՒՀ-ը կարող է լինել:

Էրիկ, իմ սեբաստացի զինվոր, կարոտեցի քեզ:

Աստված քեզ և բոլոր զինվորներին պահապան: Բարի վերադարձ: