Պատմվածքը գրականության պատմողական ժանրերից է, փոքր ծավալի արձակ ստեղծագործություն: Պատմվածքը ևս, ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն, կարող է ունենալ փոխաբերական իմաստ: Պատմվածքի սյուժեն հակում չունի դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ կատարվում են ավելի սովորական, հանդարտ ընթացքով:
Նովելը, ինչպես և պատմվածքը, սակավաթիվ հերոսներ ունեցող փոքրածավալ ստեղծագործություն է: Այն պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ: Նովելը պատմվածքից տարբերվում է անսովոր սյուժեով, սուր բախումով, գործողության արագ զարգացմամբ և անսպասելի, կտրուկ ավարտով: Մանրամասն նկարագրություններ նովելում սովորաբար չեն լինում:
Ստեղծագործության վերնագիրն իր մեջ ամփոփում է ստեղծագործության հիմնական գաղափարը: Այն կարող է արտահայտվել բառի, բառակապակցության կամ նույնիսկ նախադասության միջոցով: Ստեղծագործությունը կարող է վերնագրվել նաև գլխավոր հերոսի անունով, քանի որ նախևառաջ գլավոր հերոսի միջոցով է արտահայտվում ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ստեղծագործության գաղափարը երկի մեջ առաջադրված հարցերին գրողի տված պատասխանն է: Այն պատկերվող իրականության նկատմամբ հեղինակի արտահայտած վերաբերմունքն է, նրա տված գնահատականն ու եզրակացությունը:
Ռիթմ — Ռիթմը հավասար միավորների կանոնավոր կրկնությունն է: Ռիթմիկ բնույթ ունի սրտի աշխատանքը, բոլոր մեխանիզմները կատարում են ռիթմիկ աշխատանք, ռիթմիկ է մարդու նորմալ քայլվածքը կամ վազքը: Այս բոլոր դեպքերում հավասար ժամանակամիջոցում պարբերաբար կրկնվում են որոշ միանման շարժումներ: Ռիթմը կարևոր դեր է խաղում չափածո ստեղծագործության մեջ: Դրանով է նա հիմնականում տարբերվում արձակ ստեղծագործությունից:
Վանկական ոտանավոր — Բանաստեղծության մեջ ռիթմը գոյանում է նախևառաջ տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ, և ռիթմի վճռական պայմանը վանկերի հավասար քանակն է:
Հանգ — Հանգը այն երևույթն է, երբ բանաստեղծության մեջ երկու կամ ավելի տողեր ունեն նման՝ համահնչուն վերջավորություն:
Օրինակ՝ Հովի շունչ կար ու հովի թև,
Ու լուսին կար խոշոր,
Եկել էր նա՝ հագին թեթև
Հագին բարակ մի շոր:
( թև — թեթև, խոշոր — շոր)
Անհանգ բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն է, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր: Ժամանակակից անհանգ չափածոն ստացել է նաև սպիտակ բանաստեղծություն պայմանական անունը:
Ըստ իրականության արտացոլման ձևերի` գրականության և արվեստի մեջ ստեղծագործությունները լինում են ռեալիստական, ռոմանտիկական և այլն:
Ռեալիստական ստեղծագործություններում կերպարները ներկայացվում են բազմակողմանիորեն` իրենց դրական և բացասական գծերով, իրենց բազմազան, հաճախ հակասական դրսևորումներով:
Ռոմանտիկական ստեղծագործություններում կերպարները, նրանց հարաբերությունները ներկայացվում են իդեալականացված, այնպիսին, ինչպիսին կցանկանար տեսնել հեղինակը: