Նորից անձրև, մշուշ, ամպ,
Թախիծ անհուն, տխրանք հեզ,
Աշուն, քեզ ի՞նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությունն իմ խոնարհ,
Եվ թփերը դողդոջուն,
Եվ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է, կարծես,
Աշուն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…