20150725_134653

Զարմանալի բան է ճամփորդություն ասվածը: Միշտ զարմացել եմ, թե ինչքան բան է  բացահայտում  քո մեջ, դիմացինիդ մեջ, նաև  նոր արժևորումների, նոր խոհերի ծնունդ դառնում: Պատմեմ իմ ճանապարհի ընկեր սովորողների մասին: Նրանց մեծ մասի հետ աշխատել եմ 2-3 տարի: Տարբեր նախագծերով, տարբեր առիթներով լավ էլ գործնականում շփվել ենք: Բայց արի ու տես, որ իրականում նրանց ոչ էլ ճանաչել եմ (ահա թե ինչու է այդքան կարևոր սովորողի հետ քայլելը, արշավելը, ճամփորդելը):

Չեմ ուզում մանրամասնությունների մեջ մտնել, բայց պիտի ասեմ, որ զարմացած եմ մեր սովորողների անբռնազբոս ազատության վրա: Գուցե կրթահամալիրում դա այդքան էլ աչքի չի զարնվում, բայց պետք էր տեսնել նրանց ինքնուրույն, ազատ-անկաշկանդ վարքը միջազգային մեծության օդանավակայաններում: Ինչպես արագ համախմբվել, խորհրդակցել, ում դիմել և ինչպես դիմել , ինչպես  wi-fi-ի գաղտնաբառ  ստանալ, այդքան անհրաժեշտ սուրճը հայթայթել, կողմնորոշվել դեպի թռիչքային գոտի տանող լաբիրինթոսում… Թբիլիսիի օդանավակայնում ստիպված եղանք անցկացնել մի քանի ժամ: Մեր սովորողներն ազատ նստոտեցին հատակի գորգերի վրա՝ նստած, պառկած, իրար թինկն տված, մոտավորապես այնպես, ինչպես տեղավորվում են մեր Մայր դպրոցի ընթերցասրահում: Ականջի ծայրով լսում եմ խոսակցությունները՝ սուր, բարի հումոր՝ առանց իրար նեղացնելու: Ոչ մի տրտունջ, նվնվոց, թնկթնկոց՝ չնայած հեշտ չէր քսանվեցժամյա ճամփորդությունը: Ուշադիր իրար ու մեր նկատմամբ, հասուն մարդիկ, ովքեր  պատասխանատու են զգում իրենց: Ոչ մի անկարգություն. դիտողություն անելու առիթ չտվեցին: Սովորողներից շատերն առաջին անգամ էին ինքնաթիռ նստում, բայց եթե չասեին, մտքովդ էլ չէիր անցկացնի, այնքան խաղաղ, հանգիստ, տեղեկացված էին:

Միջազգային ճամբարի առօրյայում շատ հեշտ  ներառվեցին:  Հենց առաջին օրը, չնայած ճանապարհի հոգնությանը, լիրարժեք մասնակցեցին բոլոր գործունեություններին: Հիմա էլ ճամբարում շատ ինքնավստահ են՝ անհրաժեշտ չափով  տիրապետում են անգլերենին, ՏՀՏ միջոցներին: Աստղացուցարան, թվային հեռադիտակ, ճամբարային առօրյա տեսած մարդիկ են սեբաստացիները՝  ծանոթ խմբային աշխատանքին, հմուտ նախագծային ուսուցման մեջ, նախաձեռնող և ստեղծական: Զգում են իրենց, ինչպես ձուկը՝ ջրում: Ազատ են նաև շփման մեջ: Ինչպես Թբիլիսիում, դիմավորող թիվ 98 դպրոցի սովորողների հետ իսկույն ծանոթացան, մտերմացան և թափառեցին մի քանի ժամ, այնպես էլ այստեղ՝ ճամբարում, արագ մտերմացան իսրայելցի, լեհ, թուրք, վրացի ճամբարականների հետ: Ո՞րն է ընտանեկան դաստիարակության արդյունք, ո՞րը՝ հետևողական իրականացվող կրթական ծրագրերի  և կրթական միջավայրի, դժվար է տարանջատել: Փաստն այն է, որ այսօր այսպիսին են մեր սովորողները: