kG2HGlClj-qMdEnS9Dnfic3gUG_bh8fDhOrsOTMmwlY
Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարը Իզմիրի կենտրոնական մասից շատ հեռու չէ, կամ գոնե ինձ այդպես թվաց՝ Երևան-Թբիլիսի-Ստամբուլ-Իզմիր 26-ժամյա ճամփորդությունից հետո: Ճշտապահ են ճամբարի կազմակերպիչները: Երբ դուրս եկանք օդանավակայանի սպասասրահ, մեզ արդեն սպասում էին: Երկու երիտասարդներ էին՝ թուրք և թրքուհի՝ եվրոպական ժպիտով, արևելցու ջերմությամբ: Ընդ որում՝ մտածված էր ամեն բան՝ ուղևորների համար առանձին ավտոբուս էր նախատեսված, ուղեբեռների համար՝ առանձին:
Արդեն պարզել էինք, որ որպես ուղեբեռ հանձնած մեր երկու ճամպրուկները տեղ չեն հասել: Նոր էինք հաշտվել այդ մտքի հետ, երբ Ալենը հայտարարեց, որ անձնագիրը կորցրել է: Սա արդեն լուրջ էր. ժողովրդական բառուբանով ասած՝ շվարեցինք, մնացինք: Երիտասարդ կազմակերպիչներն արագ կողմնորոշվեցին. ճամբարական սովորողներին պետք է արագ ճամբար հասցնել (հոգնած էին, պառկում էին, որտեղ հասնում էին): Թրքուհին ուղեկցեց ինձ ու սովորողներին ճամբար, մյուսը՝ թուրք երիտասարդը,  Լուսինեի հետ շտապեց օդանավակայան՝ անձնագրի ետևից:
Մի հետաքրքիր փաստ նշեմ, որ հասկանալի դառնա, թե ինչ փրկություն էր մեզ համար օդանավակայանում ծանոթ թուրք տղայի ներկայությունը: Արդեն օդանավակայանում պարզվեց, որ մեր հարևան Թուրքիայում անգլերենին չեն տիրապետում: Հատ ու կենտ մարդիկ են, որ կարող են պարզ հարցերի պատասխանել: Մյուսները ժպտում են և պատրաստակամ նայում դեմքիդ: Այսինքն՝ Բուշի անգլերենը անզոր էր իրավիճակը ներկայացնելու: Իսկ մեր թուրք նոր ընկերը, ինչպես պատմեց Լուսինեն, շատ արագ գտել է համապատասխան մարդկանց, ովքեր շատ կարճ ժամանակում պարզել են, որ աշխատակիցներից մեկը հայկական անձնագիր է գտել: Նոր էինք հասել ճամբար, երբ ճառագայթող դեմքով Բուշը եկավ: Ուրախ էինք ու երջանիկ: Ճամպրուկների մասին էլ ո՞վ էր հիշողը: Բայց արի ու տես, որ մեր թուրք ընկերները չէին մոռացել մեր ուղեբեռները: Վերցրել էին օդանավակայանից համարներ և հետևողական զանգահարում էին՝ պարզելու, թե դրանք երբ տեղ կհասնեն: Երկրորդ օրը մեր ճամպրուկները ճամբար հասան: Հաճելիորեն զարմացած էինք:
Հիմա՝ ճամբարի ծրագրի մասին: Ամեն ինչ մանրամասնորեն նախօրոք մշակված էր. սովորողները խմբերի էին բաժանված (ըստ ներկայացրած փաստաթղթերի), նշանակված էին ղեկավարները, որոշված էին տրամադրվող սենյակները: Մանրամասն կազմված էր աշխատակարգը՝ բավականին հագեցած և բազմազան: Ուղեկից ուսուցիչների համար առանձին փաթեթ էին նախատեսել՝ և՛ հետաքրքիր աշխատանքներ էին առաջարկում, և՛ տրված էին Իզմիրի տեսարժան վայրերն իրենց կոորդինատներով, տրանսպորտային համարներով, գումարի չափով:
Հարմարավետ են առաջարկված սենյակները՝ ոչ շքեղ, բայց  մաքուր, կոկիկ, ամենօրյա սպասարկմամբ: Ողջ անձնակազմը երիտասարդ է, կան նաև ուսանողներ, ովքեր ուսման հետ համատեղում են աշխատանքը: Բոլորը տիրապետում են անգլերենին. մեկը՝ մի քիչ լավ, մյուսը՝ ավելի վատ, բայց աշխատանքի համար բավարար: Աշխատակազմում կան նաև ամերիկացիներ: Բացառիկ կարգապահ, կիրթ ու բարեհամբույր մարդիկ են: Սնունդը բազմատեսակ է. ճամբարականներն ունեն ընտրելու իրավունք: Օդորակիչներն ամենուր են: Ամբողջ շենքում պահպանված է 23-24 աստիճանը, իսկ դրսում 39-ից չի իջնում ջերմաստիճանը: Մարդիկ կարևորել են շենքային ջերմաստճանը և ապահովում են: Մի բան, որ չես ասի համացանցի մասին: Նախ՝ սովորողներին տրված չէ համացանցից օգտվելու հնարավորություն: Ավելին, հեռախոսը լիցքավորելու համար նույնիսկ ժամային սահմանափակում կա, որի ընթացքում հեռախոսները հիմնականում չեն հասցնում ամբողջական լիցքավորվել: Ուղեկցող ուսուցիչներին անհատապես է տրվել ինտերնետ կապ՝ անձնագրի համարներով: Այն շատ թույլ է՝ անընդհատ ընդհատումներով: Ա՛յ, էսպիսի վերաբերմունք համացանցի նկատմամբ:
Շենքի ողջ դիզայնն ուղղված է տիեզերական միջավայր ստեղծելուն: Պատերի նկարները, ընդհանուր ձևավորումը տիեզերքն են ներկայացնում՝ աստղեր, մոլորակներ, արբանյակներ … Հաջողվե՞լ է: Երևի թե:
Ունեն լավ բուժծառայություն: Արագ արձագանքում են յուրաքանչյուր առողջական խնդրին: Բուժանձնակազմը աշխատում է շուրջօրյա՝ ուշադիր է, հոգատար: Անձնակազմը հիմնականում թուրքախոս է, անգլերեն չեն հասկանում: Բայց մարդկային ջերմությունը լրացնում է այդ բացը: Ի թիվս մասնագիտացված սենյակների՝ ունեն նաև խաղասենյակ:
Տիեզերական ճամբարը գտնվում է արդյունաբերական ազատ գոտում:
Այստեղ արտասահմանյան շատ կազմակերպություններ ունեն իրենց արտադրամասերը: Մենք եղանք այն ցուցասրահում, որտեղ ներկայացված էր արտադրանքը արտադրության ամենատարբեր ճյուղերից՝ տեքստիլից մինչև ամենատարբեր տրակտորներ:
Ճամբարի շրջապատում մարդու գրեթե չես հանդիպում (համենայն դեպս 13.00-ից հետո, երբ մենք սովորաբար դուրս ենք գալիս շենքից):
Դե, առայժմ այսքանը: Հիմա գնում ենք՝ մեր պատրաստած հրթիռները տիեզերք ուղարկելու: Ուշաղիր եղեք, ինչ իմանաս՝ որտեղ կիջնեն: )))))