1. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:

2. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

3. Կետերը փոխարինի՛ր նախադասություններով: Այդ նախադասությունները ո՞ր անդամի միտքն են լրացնում:

Քաղցած աղվեսը, որը ……….., աքլորին համոզում էր:

Իմ Չամլիի (կապիկ է) նման ուղեկցի հետ, որը …………., հեշտ չէր ռեստորան մտնելը:

Մի բարձրահասակ,նիհար տղամարդ էլ, որի …………, մեքենայի մոտ էր սպասում:

Իմ գազանանոցի կենդանիները, որոնց …………., արշավի իմ ընկերներն են:

Վանդակում, որտեղից ………………., կերի արկղն էր միայն մնացել: