1. Քննարկել Վ. Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, ստեղծագործության հետևյալ հատվածը.

Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե`  ամեն Սուրբ Ծնունդին, – բայց  վատ մի´ զգացեք  դրա համար, որովհետև դուք  ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ  դու,   Ձմեռ պապ, քեզ  հիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´  հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած   ամեն ինչը,   իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք  ունեցիր էդ գլխիդ մեջ,  էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ   արդեն  ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ  են,  նույնիսկ եթե   իրոք    կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների:  Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ  էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն  աշխատեցրու´ ուղեղդ:  Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե  որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես.  նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես  ցանկացած բան  անել,  ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել,  էլի: Հարցն իրերը   չեն, որ նրանք ուզում են  կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել:  Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ` ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու   պետք  է   սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն   “ինչ-որ բաներ”    տալ. “ինչ-որ բաները” կարելի է գնել,  բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել,  չեն կարող   գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և  դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:  Հիմա  դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա  ավելի թանկարժեք   չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ  կստանաք: Սպասե´ք, երեխանե´ր: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու   և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե  մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  էդ  մեծ  գործն  էսօրվանից:

2. Համեմատեք տվյալ հատվածը Հովհ. Թումանյանի ,, Իմ երգը ,, բանաստեղծության հետ.

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին` անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին` ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։