Dino_buzzati-150x200Դինո Բուցատի

 

Ճագարներ լուսնի տակ

 

 

 

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

  1. Դուրս գրիր բնության պատկերներ, որոնք, քո կարծիքով ,առավել հաջողված են:
  2. Ցույց տուր հակադրություններ, որոնք առկա են ստեղծագործության մեջ:
  3. Ո՞րն է հակադրությունների դերը:
  4. Պատճառաբանիր բնության պատկերների անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:
  5. Ստեղծագործությունը պայմանականորեն բաժանիր երեք համեմատաբար առանձնացող մասերի:
  6. Դուրս գրիր տողեր, որտեղ արտահայտված է ստեղծագործության գլխավոր ասելիքը:
  7. Բնութագրիր այս ստեղծագործության պատմող-հերոսին:
  8. Գրիր խոհեր՝ կապված ստեղծագործության հետ:
  9. Գրիր շարադրություն «Սպասում ենք, սպասում» թեմայով:

 

Լրացուցիչ կրթություն

Կարդալ Դինո Բուցատիի «Սիրո դեմ» պատմվածքը և գրավոր քննարկել:

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա:
Ահա և վերջ: Այնքան էլ սարսափելի չէր, որքան ինքն էր կարծում, ու պակաս երկարատև: Չորս ամիս էլ չի անցել, և ահա ինքը լրիվ ազատ է: Մի քիչ նիհարել է, ավելի գունատվել, ավելի թափանցիկ է դարձել, սակայն ավելի թեթև է զգում իրեն, ապաքինման քաղցր թուլություն է վրան իջել, որի մեջ արդեն բաբախում են նոր, աղոտ պատրանքնրը: Ո՜հ, ինքը կեցցե, հերոսուհի է, կարողացավ ինքն իր հանդեպ անողոք լինել, վճռականորեն վանեց հուշերի բոլոր շողոքորթանքները, որոնց տրվելն այնքա՜ն գայթակղիչ էր:

Ոչնչացնել այն ամենը, ինչ մնում էր նրանից իր մոտ, անգամ մի քորոց, այրել բոլոր նամակներն ու լուսանկարները, դուրս նետել իր հագած բոլոր շորերը, երբ նա իր կողքին էր, որոնց վրա գուցե նրա նետած հայացքները թողել էին մի անշոշափելի հետք, ձերբազատվել այն գրքերից, որ նա էլ էր կարդացել, և որոնց մասին իրենց երկուսի իմացությունը նման էր գաղտնի հանցակցության, վաճառել շանը, որն ամիջապես ճանաչում էր նրան ու վազում նրան ընդառաջ, երբ բացում էր պարտեզի դուռը. խզել կապերը բոլոր այն ընկերների հետ, որոնք ընդհանուր էին իրենց երկուսի համար էլ, մինչև անգամ փոխել տունը, քանզի այս բուխարու գոգին մի երեկո նա արմունկով հենվել էր, քանզի մի առավոտ այդ դուռը բացվեց ու հայտնվեց նա, քանզի դռան զանգը շարունակում է նույն կերպ հնչել, ինչպես այն ժամանակ,երբ նա էր զանգը տալիս, ու բոլոր սենյակների մեջ իրեն թվում էր, թե նրա խորհրդավոր հետքերն էին:

Ու նաև վարժվել մտածելու այլ բաների մասին, նետվել մի կլանող գործի մեջ, որից հետո, երեկոյան, երբ վտանգը վերստին արթնանար գաղտագողի, անհաղթահարելի քունը իրեն զգետներ. ճանաչել նոր մարդկանց, հաճախել նոր միջավայրեր, փոխել նաև մազերի գույնը:
Այդ ամենն իրեն հաջողվել էր անել, հուսահատ վճռականությամբ, չթողնելով ոչ մի բաց անկյուն, ոչ մի ճեղք, որոնցից հիշողությունը կարողանար սպրդել: Ինքն արել էր դա: Եվ… ապաքինվել:
Հիմա առավոտ է, մի գեղեցիկ կապույտ զգեստով, որ իր դերձակը քիչ առաջ էր ուղարկել, Իրենեն պատրաստվում է դուրս գալ տնից: Դրսում արև է: Նա իրեն զգում է առողջ, երիտասարդ, ներսում՝ լրիվ լվացված, թարմ, ինչպես տասնվեց տարեկան հասակում: Երջանի՞կ: Գրեթե:

Բայց ահա, հարևան տնից երաժշտության ելևէջներ են լսվում: Ինչ-որ մեկը միացրել էր ռադիոն, կամ էլ գրամոֆոնը, ու բաց թողել լուսամուտը: Բաց թողել ու փակել անմիջապես:
Դա բավական եղավ: Վեց-յոթ նոտա, ոչ ավել, մի հին մեղեդու, իր սիրած երգը: Դե՜հ, վե՛րջ տուր Իրենե, էդ ստից բանի համար չկորցնե՛ս քեզ, վազի՛ր աշխատավայրդ, կանգ մի՛ առ, ծիծաղի՛ր:
Բայց մի սոսկալի դատարկություն արդեն գոյացել էր իր ներսում, անտակ մի անդունդ: Ամիսներ շարունակ, սերը` այդ տարօրինակ դատավճիռը, քնած էր ձևացել` մոլորեցնելով Իրենեին: Ու հիմա, չնչին մի բան բավական եղավ, որպեսզի նորից արթնանար:
Դրսում անցնում են մեքենաները, մարդիկ ապրում են,- ոչ ոք չգիտե մի կնոջ մասին, ով իր տան հատակին մեկնված, որպես մի պատժված երեխա, փչացնելով իր նոր շրջազգեստը, արտասվում է դառնագին:
Նա հեռու է, այլևս երբեք չի վերադառնա, ամեն ինչ անօգուտ եղավ:

 

 Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը: