ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զճանապարհայն` հարկեցաւ դնէ յերկիր զբեռն իւր եւ սկսայւյօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.

— Զի տացես յուս զբեռն իմ:

 

Բառարան

ի միում աւուրց — մի օր

ծեր ոմն — մի ծերունի, մի ծեր մարդ

հատեալ — կտրած, կտրելով

յանտառէ — անտառից

յուս — ուսին

բերէր — բերում էր

այլ — այստեղ` և

պարտասեալ — հոգնած, հոգնելով

զճանապարհայն — ճանապարհին

հարկեցաւ — հարկադրվեց, ստիպված եղավ

երկիր — այստեղ` գետին

յերկիր — գետնին

յօգնութիւն — օգնության, օգնության համար, օգնելու

կարդալ — կանչել

զՄահ — Մահին

յանդիման եկն — դիմացից եկավ, ընդառաջ եկավ

եհարց — հարցրեց

ցնա — նրան

եթէ — այստեղ` թե

առ ի՞նչ — ինչի՞ համար

կոչէր — կանչում էր

զնա — նրան

յայնժամ — այդ ժամանակ

զահի հարեալ — ահաբեկված, ահաբեկվելով

պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց

տացես — տաս, կտաս, պիտի տաս, տալու ես

 

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

զճանապարհայն, զբեռն, զՄահ, զնա, հատեալ, բարձեալ, պարտասեալ, զահի հարեալ, յանտառէ, յուս, յերկիր, յօգնութիւն, յանդիման, յայնժամ, իւր:

Աշխարհաբար դարձրու այդ բառերն ու բառակապակցությունները.

բարձեալ, բարձեալ յուս իւր, զբեռն իւր, երեւեցաւ, ասէ, զբեռն իմ:

Գտի՛ր և արտագրի՛ր հարցերի պատասխանները.

Ի՞նչ արեց հոգնած ծերը:

Ի՞նչ հարցրեց Մահը:

Ի՞նչ պատասխանեց ծերունին:

Աշխարհաբար դարձրու առակը:

Անտառից ուսով փայտ բերող մի ծերունի…

Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակի համար նոր վերնագիր մտածիր:

 

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:

 

Բառարան

թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ — հնդկաց թագավորը մի թռչուն ուներ

արկաներ — այստեղ` ածում էր

ականս — ակներ (թանկարժեք քարեր)

լուեալ արքային յունաց — հունաց արքան լսելով

այնմ — այն

առաքեմ — ուղարկել

հրեշտակ — պատգամավոր, դեսպան

ետ — տվեց

հայցեաց — հայցեց

երագութիւն — արագություն

անցանէր ընդ թռչունս — թռչուններից անցնում էր

խնդիրքն — խնդրանքները

երկաքանչիւրն — երկուսից յուրաքանչյուրը, երկուսն էլ

կատարէին — կատարում էին, (այստեղ` կատարեցին)

ի Յոյնս — Հունաստան

հաւ — թռչուն, հավք

ի գալ հաւուն ի Յոյնս — գալով Հունաստան թռչունը

այլոց — ուրիշների

ածէ — ածում է

ձիոյն երթեալ ի Հնդիկս — գնալով Հնդկաստան ձին

կաղայր — կաղում էր

ոչ արշաւեր — չէր արշավում

դարձուցանէ — դարձնում է, վերադարձնում է

զերիւարն — երիվարը

յոյժ — շատ

յինքեանցն երթեալ տեղիս — գնալով իրենց տեղերը

լինէին — լինում էին / այստեղ` եղան/

ըստ առաջին օրինակին — առաջվա նման

 

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

զձու, զձի, զթռչուն, լուեալ, խնդրեաց, հայցեաց, առաքեաց, երագութեամբ, երթեալ, յունաց, ի Յոյնս, յոյժ, յինքեացն, ձիոյն, երկաքանչիւրքն, իւրաքանչիւրքն:

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Թագաւոր հնդկաց, արքայ յունաց, առաքեաց, խնդրեաց, հայցեաց, զձի նորա, ի Հնդիկս:

Առակից դուրս գրիր հետևյալ հարցերի պատասխանները.

Ինչպիսի՞ ն էր հնդկաց թագավորի թռչունը:

Ինչպիսի՞ ն էր հունաց արքայի ձին:

Ի՞ նչ էր անում թռչունը Հունաստանում:

Ե՞ րբ է ձին կաղում և չի կարողանում արշավել:

Աշխարհաբար դարձրու առակը:

Արքաները տվեցի՞ ն իրենց սիրելի կենդանիները նրան, ով խնդրում էր:

Արքաները ստացա՞ ն այն, ինչ ուզում էին:

Լրացրու առակի համառոտ փոխադրությունը.

Հունաց արքան հնդկաց թագավորից խխնդրեց նրա թռչունը, որը……………. . : Հնդկաց թագավորն էլ փոխարենն ուզեց հունաց արքայի ձին, որը…………………. . : Նրանք միմյանց չմերժեցին: Սակայն հավքը և ձին…………………: Արքաներն իրար մեղադրելով վերադարձրին ընծաները, և ……………. :

Ի՞ նչ է ցույց տալիս առակը: