Քննարկեք Շառլ Բոդլերի հետևյալ ստեղծագործությունները:

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

 

Շունն ու սրվակը
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ: