13902767_865756096890306_417090428049573678_nՉէ, որոշել եմ, գրելու եմ: Էդ ոնց որ տիար Բլեյանը իր անդադրության մեջ ժամանակ կգտնի, ես չեմ գտնի՞: Պայմանավորվեցինք սովորողների հետ՝ իրենք գրում են Սովորողի օրագիր, ես՝ Ուսուցչի: Ես հո գիտեմ, որ այն, ինչ դու չես անում, չի կարելի դիմացինից պահանջել: Էլ չեմ ասում, ինչո՞ւ չգրել:
Սեպտեմբերի 1: Սկսվե՞ց… Ի՞նչը… Սկսվելու համար վերջանալ է պետք: Մեր կրթական-ուսումնական աշխատանքն անընդհատ է: Իհարկե այս տարի ամռանը ճամփորդեցի, Վրաստանում՝ Սև ծովի ափին եղա բավականին երկար ժամանակով: Պիտի խոստովանեմ, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում  ամռանը այսքան երկար ժամանակով կրթահամալիրից չեմ բացակայել: Դե, այս տարի այդպես ստացվեց: Չդիմացա Հասուլի ու Լևոնիկի հետ ճամփորդելու գայթակղությանը: Բայց այս արձակուրդ կոչվող ընթացքում դադարեցի՞ աշխատել: Համենայն դեպս, այդ օրերի հետ կապված մտորումներս մանկավարժական էին, ուշադիր հետևում էի ընտանեկան կրթությանը: Հետաքրքիր դիտարկումներ արեցի:

Հասմիկ և Լևոն Սարգսյանների ընտանիքը և ես՝ Սև ծովի ափին:

Մենք շատ ենք կարևորում դպրոցական կրթությունը: Այն, ինչ կատարվում է դպրոցի պատերից դուրս՝ փողոցում, բակում, ընտանիքում, բավականին կարևոր է: Ահա Սարգսյանների այս ընտանիքը: 7 տարեկան Հասմիկն է, 5,5 տարեկան՝ Լևոնը: Պետք է ր տեսնել, թե նրանց հայրը՝ Գարիկը, ինչ հետևողականությամբ իր երեխաներին լողալ էր սովորեցնում, ինչպես էին ամբողջ ճանապարհի ընթացքում բանավոր հաշվարկ անում, խոսում անտառների, լճերի, ծովի առաջացման մասին: Ծովափին Հասմիկը ռուս ընկերուհի ուներ, որի հետ ազատ հարաբերվում էր ռուսերեն: Դժվարություններ ունեցավ վրացերենի հարցում և որոշեց դպրոցում անպայման վրացերեն սովորել: Ամբողջ ընթացքում Լևոնը պլանշետով՝ ինտերակտիվ նյութերի միջոցով, հարց ու պատասխանով ռուսերեն էր հարաբերվում: «Առանց առոգանության են խոսում ռուսերեն, զարմանում էր Գարիկը»:
Չէ, երևի թե ընտանեկան կրթության, սովորողի ինքնակրթության մասին ավելի լուրջ և հանգամանորեն է պետք խոսե: