IMG_7083Ստեղծագործությունը կարդացեք այստեղ:

Իմ մտորումները այս ստեղծագործության մասին:

Կոբո Աբեին ծանոթ եմ դպրոցական տարիներից: Ընդ որում`հեղինակին չէի հիշում կամ գուցե չէի էլ նայել, հիշում էի ստեղծագործության վերնագիրը`Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանը : Մանրամասնություններ հարցնեք, չեմ հիշի: Միայն հիշում եմ, որ ցանկանում էին օվկիանոսի հատակում նոր հասարակություն ստեղծել՝ ուժեղ, անթերի, և դրա համար հավաքում էին ներարգանդային պտուղներ, որոնցից մայրերը ցանկանում էին ազատվել: Կարդացել էի մեկ շնչով:  Տպավորվել էր այնքան, որ ուսանողական տարիներին ցանկացա գտնել այդ գիրքը: Փնտրեցի և գտա: Նայեցի հեղինակին, բայց գիրքը նորից չուզեցի ընթերցել: Երևի ուզեցի մանկության վառ հիշողություններս թողնել: Թե չէ, պատկերացնո՞ւմ եք, նորընծա բանասեր, բանասիրական հայացք՝ ստեղծագործության գաղափար, հաջողված ու անհաջող կերպարներ. բանասիրական ինչ մոլեռանդությամբ պիտի ընկնեի գրքի վրա… Չէ, չուզեցի մանկությանս մեջ տպավորված ստեղծագործությունս անդամահատել: Գտա հեղինակին ու գիրքը դրեցի մի կողմ:
Հաջորդ հանդիպումս եղավ Կոբո Աբեի հետ ավելի ուշ:


Սիրում եմ այս գրողին: Առեղծ կա նրա գործերում: Չեմ սիրում, երբ ստեղծագործության մեջ հստակ է ասելիքը, պարզ է ամեն բան: Կոբո Աբեի գործերը երբեք միանշանակ չես անվանի. շերտերը շատ են: Ինչքան ուզում ես գնա և ուր ուզում ես հասիր:

Հիմա այս գործի մասին: Զարմանալի, շշմելու կերպար է ստեղծել-հորինել, թե՞ ինքն իրեն է վերարտադրել: Թվում է՝ ողբերգական, աչքը՝ պարանին, կախվելու պատրաստ, ոչ մի հարազատ հոգի ու ոչինչ չունեցող մեկը ու միևնույն ժամանակ այսքան  կենսախինդ, կյանքով լցված, հումորով ու ներքին ծիծաղով, բարեհոգի մարդու ժպիտով՝ ուղղված աշխարհին :

«Գետնին պարանի կտոր էր գցած, և ես հանկարծ կախվել ուզեցի, «Հանգստանանք, եղբայրս, քնենք»,- կարծես ասում էր պարանը և այդ ընթացքում` խեթ նայում վզիս: Իրոք որ, ինքս էլ դեմ չեմ քնելուն, սակայն որտե՞ ղ: Եվ հետո բոլորովին էլ եղբայր չեմ այս պարանին, իսկ ամենակարևորը` սկզբում հարկավոր է, այնուամենայնիվ, գտնել քիչ թե շատ տրամաբանված պատասխան այն հարցին, թե ինչու՞ ես տուն չունեմ:»

Ինչո՞ւ է հանկարծ մարդը մնում անտուն, ասել է թե՝ օտար, ասել է՝ առանց տաք ու ջերմ միջավայրի, վանված մարդկանցից, որոնց անընդհատ թվում է, որ իրենցից ինչ-որ բան են ուզում: Ինչո՞ւ: Այնպես չէ, որ մարդը դրա կարիքը չունի, չի փնտրում, չի կարևորում: Չէ… ուզում է, այն էլ ոնց է ուզում…Գուցե և ստեղծեր իր անկյունը, իր բույնը՝ ահա այս խողովակի մեջ, կամ այս նստարանի վրա (ախր, իր պահանջները այդքան էլ մեծ չեն),  եթե միայն չհայտնվեր ՆԱ, իր ռետինե մահակով, որպեսզի քշի ինձ… Ահա  այդ Նան՝ իր ռետինե մահակով: Այդ Նա է, որ միշտ հարվածելու է քո Եսին, որ չի հանդուրժելու քեզ, որ փնտրելու է, որտեղ էլ լինես և ասելու է.

«Եվ հիշիր, եթե մտքովդ կանցկացնես տեղավորվել ուրիշ որևէ տեղում, բացի այդ նկուղից, հենց միայն դրանով հանցանք կատարած կլինես, կխախտես օրենքը…»

Այո, նկուղում, միայն նկուղում, այնտեղ՝ ներքևներում… Չհամարձակվես փնտրել, չհամարձակվես ցանկանալ, թևերդ չբացես, չհամարձակվես… Քո այդ ցանկություններով, քո վերելքով դու արդեն իսկ հանցանք գործած կլինես, կխախտես Օրենքը… Հիշեցի՞ք «Ջոնաթան Լիվինգստոն ճայի»  ամբոխի Օրենքը, որը խախտողներին վտարում էր… Հա… Նման է…  Էնտեղ էլ, հիշո՞ւմ եք, արգելվում էր թռիչքը…

Ո՞րն է այս իրավիճակից ելքը.  հեղինակի լուծումը անսպասելի է: Փակվեց մարդն ինքն իր մեջ, իր ինքնությունից հավաքեց կյանքի հետ կապող իր բոլոր թելերը, հյուսեց իր բոժոժը՝ իր մենությունը, իր պատյանը՝ իրեն շրջապատից բաժանող և պաշտպանող, որտեղ դրսի խավարից ազատված շարունակում են  թրթռալ իր հոգու  լույսերը:

«Դրսում արդեն գիշեր է, իսկ բոժոժի մեջ դեռ ձգվում-երկարում է աղջամուղջը և թրթռում են երեկոյան կարմրավուն ցոլքերը»:

Սակայն Նա՝ այդ բիրտ ուժը, այդ ռետինե մահակը երբեք չի քնում ու քեզ հանգիստ չի տալու: Քո մենություըն, քո բոժոժի լույսը նա չէր կարող չնկատել: Եվ դա չի կարող նրան չչարացնել:

«Դա շատ աչքի զարնող բան էր, և բոժոժը չէր կարող չհրավիրել ՆՐԱ ուշադրությունը: ՆԱ նկատեց ինձ, ինձ, որ վեր էի ածվել բոժոժի, ռելսերի և արգելափակոցի միջև»:

Այո, մարդը դարձավ բոժոժ ռելսերի՝ անընդհատ ուղղություն պարտադրող այդ երկաթե ուղու և արգելափակոցների միջև:

Բայց Կոբո Աբեն չէր կարող փակուղի ստեղծել. վերջաբանը անսպասելի լուսավոր է: Նույնիսկ Նա՝ այդ ռետինե մահակավորը, չի կարողանում մի կողմ նետել այդ կարմիր լույս արձակող բոժոժը: Այն պահում է իր գրպանում, որը հետո անցնում է նրա Մանչուկին:

Ասել է, թե՝ ինչ որ լավ է, վառում է ու վառվում, ինչ որ լավ է, միշտ վառ կմնա, այս արև, այս վառ աշխարհում, քանի կաս, վառվիր ու գնա…

Ասել է, թե՝ գալու է ՆՐԱ, այն մահակավորի Մանչուկը, որն արդեն ուրիշ է լինելու: Եվ նա  չի հյուսելու իր բոժոժը, որովհետև ունենալու է իր տաք անկյունը, իր լուսավոր աշխարհը, որտեղ ամեն ինչ և իրենն է լինելու, և բոլորինը, որովհետև համատարած Սեր է լինելու և համատարած Լույս: