«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»: Գ. Մարկես: Նյութը կարդացեք այստեղ:
Վերլուծությունը` Մարիետ Սիմոնյանի

14365419_1304414076249025_715260084_n

Ա՜յ քեզ ուժ, ա՜յ քեզ հզորություն… Ասեք, որ անսպասելի էր… Տեսնո՞ւմ եք, ի՞նչ է լինում, երբ  ճշմարիտ է արվեստագետը, երբ ազնիվ է, ցավեցնելու չափ անկեղծ: Արվեստի ուժով քեզ հետ ինչ ուզում, անում է և մինչև ուշքի ես գալիս, նա իր ասելիքն ասել է: Հետո փորձում ես դուրս գալ զգացմունքների  հեղեղից, փորձում ես  իմի բերել մտքերդ ու զգացողություններդ: Փորձում ես, բայց ստացվո՞ւմ է:

Գարսիա Մարկես… Ե՞րբ եմ կարդացել «Հարյուր տարվա մենությունը»… Երևի հարյուր տարի առաջ, մի մենության պահի: Ուժեղ տպավորության հուշն է մնացել: Այլ բան չեմ հիշում: Դրա համար էլ մի տեսակ անտարբեր մոտեցա այս պատմվածքին:

Գիտե՞ք, երևի թե կա բառին տիրապետելու հզոր միջոց, որ գրողին Գրող է դարձնում, որ Մեծին է բնորոշ, գուցե և շնորհ է՝ ի վերուստ տրված: Ախր գրողը բառից բացի ուրիշ միջոց չունի ազդելու՝ ոչ ձայն, ոչ գույն, ոչ շարժում… Բայց, արի ու տես, ազդում է… բառի միջոցով ստանում է այդ գույնն էլ, այդ ձայնն էլ, այդ շարժումն էլ, և մի բան էլ ավելի, որովհետև էդ ամենին միանում է նաև քո երևակայության ուժը, անկախ քեզնից է միանում, հենց Գրողի խոսքի ուժի շնորհիվ:

ժամանակից ու տարածությունից դուրս հայտնված, աշխարհից կտրված անկյուն է նկարագրված պատմվածքում, որտեղ սովորական մարդկային արժեքները այլ են, զգացողություններն ու ընկալումները՝ այլ: Որտեղ հրվանդանին ծվարած քսան խրճիթ կա, որտեղ երեխաները խաղում են ջրահեղձների հետ, մարդկանց թաղելու համար հող չկա ու նրանց ծովն են նետում, որտեղ տղամարդիկ տեղավորվում են յոթ նավակներում, իսկ չորս բոլորը լերկ, անծաղիկ ժայռեր են:

Ձանձրույթի ախտանիշով գորշ իրականություն, որտեղ թվում է՝ ժամանակը կանգ է առել, գործողությունները մնացել են օդի մեջ կախված, ասել է թե՝ չկա շարժում, չկա ժամանակն ու տարածությունը առաջ տանող լծակ, մղումը չկա… Ես այս գյուղակը հավաքական կերպար ընկալեցի, մարդու հավաքական կերպար, ով այդ հոգեվիճակում է գտնվում՝ մխրճված կենցաղի, լերկ-անծաղիկ օրերի մեջ, ոտքերի տակ՝ անհող տարածք, տարտամ, տարածությունն արդեն չզգացող… Ո՞ւմ ծանոթ չէ այս հոգեվիճակը, թող առաջ գա, տեսնենք, շոշափենք, համոզվենք, որ իրական է:

Մե՞նք ստեղծեցինք Աստծուն՝ անընդհատ հայացքներս վերև բևեռած, թե՞ Աստված՝ մեզ, մեր մեջ դնելով կարոտը Առեղծի… Տիրոջ կամքով մեր հայացքը գամվեց հեռուներին, վերևներին՝ անիրականի սպասելիքով: Մարդը չի կարող, չի ցանկանում թաղված մնալ անհող տարածություններում՝ ծովի, լերկ ժայռերի ամայության մեջ: Եվ Մարդու ակնկալող հայացքը, սպասումն ու հույսը սերտաճում են, իրականն ու հեքիաթայինը միահյուսվում են և այդ սպասումի երկունքից ծնվում է …. Ջրահեղձը…

Ինչո՞ւ Ջրահեղձ…

Մի պահ պատկերացրեք, որ այդ մոռացված անկյունում հայտնվում է սպիտակ նժույգը հեծած Ասպետը, և կանայք միանգամից սիրահարվում են նրան, տղամարդիկ խանդով լցվում… Հետո՞ ինչ…Ինչքան էլ պատկերները տպավորիչ լինեին, Գրիչը`հզոր, կա տրամաբանության ուժ, որ չափի մեջ է պահում  զարմանքն ու հիացումը: Դե էդպես էլ պիտի լիներ՝ դե պիտի սիրահարվեին, էլի, կասեինք ու կանցնեինք առաջ: Ու էստեղ արդեն կթուլանար գեղարվեստի ուժը, սպասելին անխնա կհարվածեր թիկունքին Արվեստի: Իսկ էտեղ գրողը մեր առաջ է դնում Ջրահեղձին: Մի պահ վեր ենք թռչում… Սա՞ ինչ էր… Ի՞նչ անենք այս դիակը: Ի վերջո մենք ունենք մեր կանխակալ վերաբերմունքն ու պատկերացումը դիակների մասին: Ի՞նչ շարունակություն է ունենալու այս անհեթեթ թվացող պատմությունը: Ու … ինձ շշմեցրեց Գրողի վարպետությունը: Դիակը նկարագրել էնպես, որ նողկանք չառաջացնի, սկսի  դրական զգացողություններ փոխանցել, որ սկսի դուր գալ ու հետաքրքրել քեզ, մի քիչ էլ որ անկեղծանաս, կասես՝ սկսի սիրել տալ իրեն: Արդեն երևում է, որ Դիակը դառնալու է գործող անձ՝ ընդ որում՝ օժտված, ոչ սովորական, գերբնական: Այո, սա է Գրչի կախարդիչ ուժը…

Ի՞նչ կատարվեց մարդկանց (Մարդու) հետ:
Առեղծը կենդանացրեց մարդկանց, անսովորը, ոչ առօրեականն ու  կենցաղայինը կտրեց նրանց ոտքերը անօդ, խեղդող  իրականությունից, վեր բարձրացրեց: Սկսվեց հյուսվել հեքիաթը, գեղեցիկ հեքիաթը` առնական, արժանապատիվ տղամարդու՝ գերմարդի մասին:

Սկսվեց հյուսվել հեքիաթը`հնարավոր ու անհնարին միջոցներով փորձելով ճշմարտություն հաղորդել երևակայականին:

«…Նրանք տեսան, որ նրա վրայի ծովային բույսերը հեռավոր օվկիանոսների են և խորին ջրերի, իսկ հագուստները ծվենծվեն են եղել այնպես, ասես նա լողացել է մարջանե լաբիրինթոսների միջով»:

Ահա ամենակարևորը`խորհրդավոր, հեռավոր աշխարհից  հայտնված արքայազնը, ոչինչ, որ դիակի տեսքով, ոչինչ, որ մամռապատ-խեցեպատ, կարևորը, որ ուրիշ է, այլ է, մյուսներից տարբերվող:
Ահա նա` իրենց երազանքների Ասպետը…

Եվ կյանքը փոխվում է:

Նրանց թվում էր, թե քամին դեռ երբեք այդքան համառ չի փչել, ու Կարիբյան ծովը դեռ երբեք այդպես չի փոթորկել, ինչպես այդ գիշեր:

Ի՞նչը փոխեց Մարդու կյանքը, Դիա՞կը, այդ ուռած, անշունչ մարմի՞նը…. Չէ՜, իհարկե`ոչ: Ոչինչ դրսից չի կարող փոխել Մարդու կյանքը: Եթե Մարդու մեջ չկա այդ փոփոխության, ոգեղենության, նորի, խորհրդավորի,  թրթիռի պահանջը, եթե Մարդը թռիչքի կարոտը չունի, եթե ներքին թռչունը թևերը չի բացել և պատրաստ չէ ճախրանքի, ոչ ոք և ոչինչ չի կարող փոխել ինչ-որ բան… Իսկ այ հակառակ դեպքում՝՝ նույնիսկ Դիակը կկենդանանա և կվերականդանացնի:

Մի խոսքով՝ Բոդլերը կասեր. «Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք»…