скачанные файлы (1)Միշտ մտածել եմ՝ ինչն է այդքան ինձ տանում դեպի Սարոյան: Միայն աշխարհայացքի հարազատությո՞ւնը, Սարոյանի մաքուր, խաղաղ, իմաստուն ժպի՞տը՝ ուղղված կյանքին: Դրանք  քիչ չեն, իհարկե, կարևոր գործոն են: Բայց մի բան էլ կա, որ Սարոյանին սիրելի է դարձնում ինձ:

Սարոյանը նուրբ արվեստի մասնագետ է: Ամենանուրբ զգացողությունների բացահայտմանն է ուղղված Սարոյանի խոսքը: Խնդիրը բարին կամ չարը չէ, լավն ու վատն էլ չէ: Խոսքը հենց կյանքն իր նրբերանգների, նրբությունների մեջ տեսնելն է: Ինչ-որ անբացատրելի, խորհրդավոր հմայք կա Սարոյանի գործերում. օձային հմայք և խորհրդավորություն: «Օձը» …

«Ա՜հ,– մտածեց,— չարիքի մեր խորհրդանշա՜նը»,- և ճիպոտով դիպավ օձին, որը գալարվեց:

Սկսվեց հակադրություը, որը դառնում է շարժիչ ուժը ստեղծագործության: Ահա Օձը՝ չարիքի խորհրդանիշը, բիբլիական ժամանակներից եկած մեր ավանդական թշնամին, որի պատճառով վտարվեցինք դրախտից: Մյուս կողմում Մարդն է՝  Աստծո կերպարի նմանակը, Աստծո գլուխգործոցը, տուժյալը, օձի չարության պատճառով մահկանացու դարձածը:

Հիմա հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Փոքրիկ մոխրագույն օձը նրան տարավ այգու խորքերը, այնպես որ նա հիմա աչքից հեռու էր և առանձին՝ օձի հետ։

Սարոյանը մեր ձեռքից բռնած տանում է այս երիտասարդի հետևից, ասել է՝ մարդու, ասել է՝ բևեռում  է հայացքդ դեպի մարդու ներսը:

Դեմ-դիմաց՝ Մարդն ու Օձը: Բոլորի հայացքից հեռու,  մի անկյունում`ընդունված  ճշմարտությունից ու նենգափոխված կեղծիքից անդին…

Այո՜, աչքից հեռու, որ ոչ ոք չտեսնի: Ի՞նչ է մտքինը: Սպանությո՞ւն…

Չէր ասելու, թե մտադիր է սպանել օձին։ Չէր ասելու, բայց հո ինքը գիտեր:

Անիմանալի՞ն էր, առե՞ղծը, ի՞նչը: Մահվան հմա՞յքը… Ո՞վ կբացատրի:
Վախ, ցանկություն, մղում, վանում…

Ձեռք տալ օձին, նշանակում էր ձեռք տալ մարդկային մտքում թաքնված չգիտես ինչ գաղտնիքի, որ երբեք չպետք է լույս աշխարհ բերվի։

Ո՜նց է մարդուն տանում անհայտությունը, ի՜նչ գրավիչ բան կա սահմանից այն կողմ, հայտնիից, շոշափելիից, իմացումից այն կողմ: Ինչո՞ւ է այդքան ձգում չիմանալին, աներևույթը, անհասանելին…  Ի՞նչ կա անդին , քուչի ախպեր, ա՜յ էն սարի ետևում..Եվ արդյո՞ք սա չէ Մարդու բնույթը՝ բիբլիական ժամանակներից եկած:

Խոստովանեց ինքն իրեն, որ վախենում է օձին ձեռքով դիպչել։

Եվ ձեռք է տալիս, չի կարող ձեռք չտալ, անուժ է այդ ցանկության դեմ, անդիմադրելի է այն: Ձեռք տալ օձին՝ իմանալ գաղտիքը, մեծ առեղծը: Մարդը հակված է իմանալու: Մե՞ղք է դա: Եվ ո՞ւմ մեղքն է՝ Մարդո՞ւ, Օձի՞: Ինչո՞ւ ի սկզբանե սկիզբ դրվեց անարդարությանը, և Օձը դարձավ քավության նոխազ:

Մարդն ինքը մի ժամանակ այդ սահուն ողորկությունն էր և այդ ահավոր լռությունը, և հիմա, երբ մարդը հասել է իր այս վերջին ձևին, ահա դեռ օձերը սողում են երկրի վրա, կարծես դեռ ոչ մի փոփոխություն չի եղել։

Այո՞, Վարպետ,  ի սկզբանե Մարդն ի՞նքն էր Մեղքը, այն կրում էր իր ներսո՞ւմ, իր ահավոր լռության մեջ պահում էր այդ սառը ողորկությո՞ւնը: Եվ հիմա հասել է իր վերջի՞ն և դեռ շարունակո՞ւմ է մեղքն իրենից դո՞ւրս տեսնել՝ սողացող օձերի մե՞ջ: Կինը՝ մարդ, Կինը՝ մեղք, կինը՝ մեղսագործ… Այդ բիբլիական  Օ՞ձն էր, որ գայթակղեց կնոջը, թե՞ Կին-Մարդն  էր Մեղքի կրողը, և ամեն ինչ բարդվեց խեղճ Օձի ուսերին:

— Ահա՛,— ասաց։— Հիմա գիտեմ ճշմարտությունը: Օձը սառն է, բայց մաքուր։ Լպրծուն չէ, ինչպես մտածում էի առաջ։

Այո, հեոսը հայտնագործություն արեց: Սրբագործեց Օձին: Օձը մաքուր է, ճշգրիտ է: Հիմա Մարդը գիտե ճշմարտությունը: Բայց գիտե»արդյոք:

Շարունակվում է մեղքի վերագրումը: Ադամը չի կարող ընդունել Մեղքն իր մեջ: Ադամը արդար է, ի սկզբանե… Բայց, այ, կինը…
— Դու գեղեցիկ ես, բայց չար, — ասում է երիտասարդը:

Որտեղի՞ց է գալիս այս արտահայտությունը: Բիբլիակա՞նն է: Հեղինակի ասելիքի մա՞ս է կազմում, երիտասարդ Ադամը նորի՞ց անմեղության սքեմը հագավ:

Հավատաքննությունը վերջացավ: Եվ դու դեռ ողջ ես։ Դու զգացիր մարդու ներկայությունը և դեռ ողջ ես։

Խեղճ չարիքի խորհրդանիշ, խեղճ օձ… Դու հանդիպեցիր մարդուն, դու տեսար իրական չարիքը, դու զգացիր մահվան սարսափը, տագնապը՝ կորստյան: Բիբլիա՞ն… Այն գլխի՞ց մարդը հակված է ամեն ինչ իրենից դուրս տեսնելու: Այն գլխի՞ց մեղքի կրողը մեղքը իրենից դուրս է փնտրում: Ամեն ինչ ա՞յն գլխից… Եվ ի սկզբանե՞ էր ամեն ինչ:

– Լավ,– ասաց, ահա ես, անցած բոլոր տարիներից հետո, մի երիտասարդ, որ ապրում է նույն երկրի վրա, նույն արևի տակ, և նույն կրքերն ունի։ Եվ ահա դու էլ իմ առջև, նորից նույն օձը։ Դրությունն էլ նույնն է։ Ի՞նչ ես ուզում անել։ Փախչե՞լ: Չեմ թողնելու, որ փախչես։ Ի՞նչ է միտքդ։ Ինչպե՞ս ես պաշտպանելու քեզ։ Իմ նպատակն է քեզ ոչնչացնել։ Իբրև պարտավորություն մարդու նկատմամբ։

Ամենահզոր Մարդ, Աստծո ստեղծած ու Աստծո զավակ… Ինչպե՞ս ես պաշտպանվելու Մարդուց: Գործվելու է չարիքը Մարդու դեմ,  հանուն Մարդու… Այսպես է եղել ի սկզբանե, այպես է լինելու, հիմա, այսպես կլինի հետո…