IMG_70881.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը տեսնել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ: