arm134639427077

Խոհեր՝ Վ.Սարոյանի «Բան ունեմ ասելու» ստեղծագործությունը կարդալուց հետո

Սիրելի գրող, որ պատանեկան տարիներից ինձ բան է ասում: Եվ հիմա էլ դեռ բան ունի ասելու: Սիրով եմ լսում նրան: Սարոյան կարդալն ինձ համար միշտ զրույցի է վերածվում. զրույց ինքս ինձ հետ: Բան ունեմ ասելու: Ասա, սիրելի գրող, լսում եմ, այն էլ ո՜նց եմ լսում, սրտով, միշտ սրտով: Ի՜նչ նման են հերոսներդ իրար, ու միաժամանակ՝ ինչքա՜ն տարբեր: Այդքան նման, այդքան տարբեր ու այդքան հարազատ, ու այդքան սիրելի ու այդքան յուրային: Աղքատ երեխանե՞ր… «Ո՞վ է աղքատը», -հարցնում է Յուլիսիսը մորը՝ միսս Մաքոլիին: «Բոլորս»,- պատասխանում է միսս Մաքոլին՝ ժպտալով: Իհարկե, համաձայն եմ: Կա՞ մեկը, որ չունի սիրո, ջերմության, լույսի կարիք: Կա՞ մեկը, որ շնորհակալ չէ հոգատարության, ապրումակցումի համար: Ո՞վ երախտագիտությամբ չի սեղմում իրեն մեկնած տաք ձեռքը: Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ... Կասեր Տերյան բանաստեղծը: Այո, մանուկներ՝ օժտված Մեծ սիրով ու ծնված Մեծ Սիրո կարիքով: Բոլորս էլ հարուստ ենք տալու համար.

Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար… Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը:


Եվ միաժամանակ աղքատ ենք, կարիքավոր՝ անընդհատ սիրո ակնկալիքով:

Համաձայն եմ, վարպետ, համաձայն եմ: Մի խաբեք: Մի խաբեք ոչ միայն երեխաներին, ոչ մեկին էլ մի խաբեք: Խաբվելը, հուսախաբ լինելը ոչ մեկին դուր չի գալիս: Զգույշ եղեք մարդու հետ հարաբերվելիս, մեծ կամ փոքր մարդու, տարբերությունը ո՞րն է: Կյանքը մանրուքներից է կազմված: Կարևոր է մանրուքների նկատմամբ ուշադիր հայացք ունենալը, նրբանկատ լինելը: Խնդիրը ներսում Սեր ունենալը չէ. այդ մասին Տերը  հոգացել է. դա Աստծո ամենամեծ շնորհն է յուրաքանչյուր մարդու տրված, Աստծո ներկայությունն է մարդու մեջ: Խնդիրը այդ Սերը  ի հայտ բերելն է, փոխանցելն է՝ շոշափելի հոգատարության, անշահախնդիր օգնության,  ջերմության ու գորովանքի փոխանցման միջոցով:

Եվ եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք  պետք  է  սկսեք  էդ  մեծ  գործն  էսօրվանից: 

Ես էլ քեզ բան ունեմ ասելու, Վիլյամ Սարոյան: Եվ ասում եմ՝ շնորհակալ եմ: