Перейти к содержимому
01/07/2017 / marietsimonyan

Ամենամեծ ձեռքբերումը Մարդու հայտնագործումն է

IMG_6815Մեծ աշխարհ, միլիոնավոր մարդիկ ու աղմուկ-խառնաշփոթ, տանող-կլանող առօրյա, ամենակուլ կենցաղ: Ի՞նչ ենք կորցնում էդ ամեն ինչի մեջ, ի՞նչ ենք գտնում: Եվ ընդհանրապես կորցնո՞ւմ ենք, գտնո՞ւմ ենք, ո՞վ իմանա: Ապրում ենք:
Հոգատարության, բարեհոգության, մեծ հաշվով՝ սիրո առկայծումներ, դրսևորումներ ամենուր կան, միշտ կան, անընդհատ կան: «Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է: Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Վ. Սարոյան»: Թվում է՝ մարդիկ բոլոր տեղերում էլ, բոլոր ժամանակներում էլ նույնն են՝ սիրո, հոգատարության, խնամքի կարիքով՝ հատո՛ւկ կարիքով: Եվ լույս ու ջերմություն տարածող մարդիկ էլ բոլոր տեղերում ու բոլոր ժամանակներում կան: Խնդիրը այդ տեսակին հանդիպման մեջ է: Կկայանա՞ հանդիպումը, որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս… Միշտ փնտրում ես այդ հանդիպումը, ունես դրա սպասումը, գիտես, որ Նա կա, այն ուրիշը, տարբերվողը, լուսավորը…
Չեմ թաքցնի, որ ճանապարհներն ինձ դրանով գրավում են: Ճամփան թաքուն, գողունի, ականջիդ-սրտիդ փսփսում է՝ էնտեղ, սարի ետևում, Քուչի ախպեր, Մարդն է ապրում, քո սրտակիցը, քո հոգևոր եղբայրը-քույրը, քո հարազատը… Ինչքա՜ն ոգեղեն. հետաքրքիր, այլ ու, միևնույն ժամանակ, հարազատ մարդ կա, ում դու չես ճանաչում, ում հետ հանդիպումը դեռ չի կայացել, բայց կուզեիր այդ վայելքը զգալ, ապրել… Ուզում ես, որ այդ առերեսումը լինի…
Էլ չեմ ասում, ճամփան իր մեջ մի բացահայտող հատկություն էլ ունի՝ կողքիդ ապրած մարդուն նոր լույսի տակ տեսնելը, նորովի ընկալելը, կապվել-հարազատանալը… Իմ հարազատ սեբաստացիներ… Ընկերներիդ հետ ուրախության, սիրո, ջերմության երեք օր… Ընտանիքով ես, ճամփին էլ՝ տանն ես, ընկերներիդ հետ՝ ընտանեկան տաքուկ միջավայրում ես՝ անլարում, թեթև, անհոգ… Սա իմ աշխարհն է, իմ սեբաստացիական կյանքը… Եվ սիրելի է ճամփան, որ անցնում ես այս մարդկանց հետ:

Յուրաքանչյուր ճամփորդություն, միևնույն է, գեղեցիկի փնտրտուք է՝ անձեռակերտ բնության, մարդու ձեռակերտ արարումի, Մարդու …
Շշմելու բան է էս բնություն կոչվածը, չէ՞… Ինչպե՞ս է, է՜, էսքան անթերի՝ գույնի, ձայնի, պատկերի մեջ էսքան կատարյալ… Լինո՞ւմ է տգեղ բնություն… Նույնիսկ բնության արհավիրքներն իրենց ահռելի ուժի ու կատաղության մեջ աննկարագրելի հզոր են, անասելի տպավորիչ… Ասում են՝ մենք էլ ենք բնության զավակներ….  «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48)»…

Ու այսպես ճամփորդական ցուպն այս անգամ դեպի Վրաստանի Ախալքալաք ցույց տվեց:
Լելա Ճինճարաուլիին առաջին անգամ կրթահամալիրում տեսա, հրաժեշտի կլոր սեղանի ժամանակ:  Ո՞վ է այս կինը… Ոչ մի ճիգ արտաքինի մեջ,  հագուկապի, կեցվածքի մեջ… Ալեխառն մազերը թվում է անփույթ հավաքած, դեմքը՝ բնական կաթնագույնի երանգով, աչքերի կապտա-մոխրագույնից խաղաղ հանդարտություն է ծորում: Լսում է ուշադիր, առանց խոսակցի դեմքին նայելու, կենտրոնանալով լսածի վրա… Արձագանքում է ջերմ, անկեղծ, անմիջական… Խոսքը հստակ է, ասելիքը` ասելիքով: Տպավորվեց… Լելան կրթահամալիրի հյուրընկալած՝ Ախալքալաքի վրացական դպրոցի տնօրինուհին էր, ով 20 հոգիանոց իր խմբով այցելել էր կրթահամալիր: Փոխադարաձ հրավերքը չուշացավ. թասիբով վրացիների հետ գործ ունեինք… Եվ ահա ուղևորվեցինք Վրաստան՝ Ախալքալաք:

 Դուխաբորների բնակավայրը


Լելա Ճինճարաուլի… Ամեն ինչ մտածված էր լիարժեք օրեր անցկացնելու համար՝ ընդունելություն, սնունդ, կացարան…. Ոչ մի դժվարություն, ոչ մի անհարմարության զգացում չունեցանք… Ջերմություն, անկեղծություն… Նույնպիսի անձնակազմ… Անընդհատ ծառայող ու ծառայելու պատրաստ տանտիրուհին՝ Լելան, սեղանների սպասարկումից սկսած՝ մինչև կացարաններում տեղեր տրամադրելը, համոզվելը, որ ամեն ինչ լավ է, վերջացրած՝ հրաժեշտի արարողությամբ… Սիրելի տիկին Լելա Ճինճարաուլի, շնորհակալ ենք, որ այդպիսին եք: Ի՜նչ լավ է, որ ձեր սաները, ձեր գործընկերները այդպիսի տնօրինուհի ունեն, վրաց դպրոցը՝ այդպիսի նվիրյալ, և իհարկե մենք՝ այսպիսի գործընկեր…

Սրբազան Նիկոլոս, նույն ինքը՝ Վլադիկան, վրաց ուղղափառ եկեղեցու Սրբազանը… Եկեղեցականի նկատմամբ ներքին վերարապահում ունեմ, և  անընդհատ այն հաղթահարելու խնդիր… Անվստահության պես մի բան է, իմ ու Աստծո միջև միջնորդի անհրաժեշտության չընկալում… Բայց այսպիսի՜ հովվապետ… Վլադիկան իր տունը, այգին հասարակական օգտագործման է հանձնել: Մի սենյակում բնակվում է ինքը, մյուս սենյակները թանգարան է դարձրել՝ նկարների, ձեռաշեն իրերի, տարբեր մարդկանց ստեղծագործությունների…. Մուտքն ազատ է: «Ամեն ինչի կարելի է ձեռք տալ», — խաղաղ ասում է տանտերը: Սիրով ներկայացնում է, պատմում է, զրուցում է:

Սենյակներից մեկում դրված ռոյալը խոսում է երաժշտության անընդհատ ներկայության մասին, տարբեր խմիչքների (նաև իր ձեռքով պատրաստած) առկայությունը՝ հյուրընկալության մասին: Բնակարանի մյուս թևում հարմարավետ, կոկիկ, հիգիենիկ կացարաններ են, որտեղ էլ տեղավորվել էին սեբաստացիները: Առաջին երեկոն նվիրված էր հայ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմի դիտմանը, որը ներկայացնելու համար Թբիլիսիից Ախալքալաք էր եկել սրբազանի դուստրը: Այ, էսպես էր պատրաստվել Վլադիկան իր հյուրերին ընդունելուն՝ առանց նրանց ճանաչելու:

Իսկ ներքևի տեսաֆիլմում Վլադիկայի խոսքն է (տեսագրությունը՝ Սոնա Դավթյանի): Տեսեք, ինչպես է գնահատում այս հոգևոր հովիվը սեբաստացիներին, ինչպես է ընկալում նրանց, ինչ դիպուկ է բնութագրում: Իմաստուն մարդու իմաստալից խոսք: Արժեր այդ մարդուն լսելու, նրա կերպարի, ստեղծածի ու հեռուն գնացող ծրագրերի հետ ծանոթանալու համար հասնել Ախալքալաք…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: