1. Կարդալ ստեղծագործությունը:
2. Գրել ստեղծագործության գաղափարը:
3. Շարունակել ստեղծագործությունը՝ հարազատ մնալով ոճին և գաղափարին:
Կուզեի լինել
Ռաբին Դրանաթ Թագոր
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:
Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել: