d5b4d5b5d5b8d682d5b6d5add5b0d5a1d5b8d682d5a6d5a5d5b6Կարդալ հատվածները և առանձին-առանձին համառոտ վերապատմել:

Բարոն Մյունխաուզենի արկածները: Էրիխ Ռասպե

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Առաջին մաս: Ձին տանիքի վրա

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։

Ձմեռ էր, ձյուն էր գալիս։

Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։

Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։

Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։

Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։

Ի՞նչ է պատահել։ Ո՞ւր եմ ընկել ես։ Ինչպե՞ս կարող էին մի գիշերվա մեջ այսքան տներ բուսել։

Իսկ ձի՞ս ինչ եղավ։

Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։

Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։

Իսկ որտե՞ղ է։

Խրխնջոցը վերևից էր լսվում։

Ես բարձրացրի գլուխս և ի՞նչ…

Ձիս կախված է զանգակատան տանիքից, կապված է հենց խաչից։ Իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։

Երեկ երեկոյան այս քաղաքն իր մարդկանցով ու տներով ծածկված էր ձյունով և միայն խաչի ծայրն էր ցցված մնացել։

Ես չիմացա, որ դա խաչ է, ինձ թվաց, թե մի փոքրիկ սյուն է, որին կապեցի ձիս։ Իսկ գիշերը, երբ քնած եմ եղել, ձնհալն ընկել էր, ձյունը հալվել, և ես աննկատելի իջել եմ գետնին։

Իսկ իմ խեղճ ձին մնացել էր այնտեղ, վերևում, տանիքին։ Խաչից կախված լինելու պատճառով գետնին իջնել չէր կարողացել։

Ի՞նչ անել։

Երկար չմտածելով, ես վերցրի ատրճանակս, նշան բռնեցի, և գնդակը դիպավ ուղիղ սանձին, որովհետև ես հրաշալի հրաձիգ էի։

Սանձը կտրվեց, և ձին արագ ինձ մոտ իջավ։

Ես թռա ձիուս վրա և քամու արագությամբ առաջ սլացա։

Սայլակին լծված գայլը

Բայց շուտով գլխի ընկա, որ ձմեռը ձիով գնալն անհարմար է։ Ավելի լավ է սահնակով ճանապարհորդել։ Մի լավ սահնակ գնեցի և սլացա փափուկ ձյան վրայով։

Երեկոյան անտառ մտա։ Ես սկսեցի նիրհել, երբ հանկարծ լսեցի ձիուս անհանգիստ խրխնջոցը։ Ետ նայեցի և լուսնյակի լույսով տեսա մի ահռելի գայլ, որը բերանը բաց արած վազում էր իմ սահնակի ետևից։

Ազատվելու հույս չկար։

Սահնակի մեջ պառկեցի և վախից աչքերս փակեցի։

Ձիս կատաղի առաջ էր սլանում։ Գայլի ատամների չխկչխկոցը լսվում էր ականջիս շատ մոտ։

Բայց, իմ բախտից, գայլն ինձ վրա ոչ մի ուշադրության չէր դարձնում։

Նա թռավ սահնակի վրայից՝ ուղիղ գլխիս վրայով և հարձակվեց խեղճ ձիուս վրա։

Մի րոպեում ձիուս ետևի մասն անհետացավ գայլի ագահ երախում, իսկ առջևի մասը սարսափից ու ցավից շարունակում էր առաջ սլանալ։

Գայլի երախն ավելի ու ավելի էր մտնում ձիուս մեջ։

Երբ ուշքի եկա, վերցրի մտրակը և ոչ մի րոպե չկորցնելով, սկսեցի մտրակել ագահ գազանին։

Նա ոռնաց ու առաջ սլացավ։

Ձիու առջևի մասը, որ դեռ գայլը չէր կերել, ընկավ ձյան մեջ, իսկ նրա տեղը բռնեց գայլը՝ լծված սահնակին։

Այդ լծասարքից նա դուրս պրծնել չէր կարող, նա ձիու պես լծված էր սահնակին։

Ես շարունակեցի ամբողջ ուժով մտրակել նրան։

Նա սլանում էր առաջ ու առաջ, հետևից քարշ տալով սահնակը։ Նա այնպես արագ էր քաշում, որ երկու-երեք ժամից հետո մտա Պետերբուրգ։

Պետերբուրգի զարմացած բնակիչները խումբ-խումբ դուրս եկան նայելու այն հերոսին, որը ձիու փոխարեն իր սահնակին կատաղած գայլ էր լծել։

Լրացուցիչ կրթություն (տնային աշխատանք)

1, Նախագծեր

  • ձմեռային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)

2, Գործնական քերականություն