IMG_0029Բառարանում կարդա’ «ոճ» բառի բոլոր իմաստները:

Հայերեն «ոճ» բառը համապատասխանում է հունարեն «ստիլոս» բառին, որ շատ լեզուների մեջ մտել է «ստիլ» ձևով: Հունարեն և հայերեն բառերն ունեցել են իմաստային գրեթե միևնույն զարգացումը: «Ոճ» նախապես նշանակել է ծղոտ, ցողուն, որով հնում գրել են:
Լեզուն տարբերվում է ոչ միայն անհատից անհատ, այլև ըստ հասարակական խմբերի և գործունեության բնագավառների:Միևնույն անհատն էլ միևնույն միտքը տարբեր պայմաններում տարբեր ձևով է արտահայտում` նայած այն բանին, թե ինչի՞ մասին է խոսում, ում հետ և ի՞ նչ նպատակով: Հաղորդակցման բնագավառի առանձնահատկութ-յուններով, խոսողի (գրողի) անհատական լեզվական հակումներով, ճաշակով ու սովորություններով, խոսքի իրադրությամբ, առարկայի բնույթով, նպատակադրությամբ և ներգործուն լինելու պահանջով պայմանավորված լեզվական տարբերությունները ոճական բնույթ ունեն: Ոճը հուզաարտահայտչական-գնահատողական նշանակությամբ օժտված լեզվական-խոսքային տարրերի ամբողջությունն է, համակարգը, որը հատուկ է հաղորդակցման այս կամ ոլորտին, իրադրությանը, սոցիալական կամ պրոֆեսիոնալ խավին` խմբավորմանը, անհատին:
Ոճերը լինում են երեք տեսակ` գործառական, իրադրական և անհատական:
1.Գործառական ոճերը կապված են հասարակական կյանքի առանձին բնագավառների հետ. լինում են առօրյա խոսակցական, վարչագործարարական, գիտական, հրապարակախոսական, գեղարվեստական: Առօրյա խոսակցական ոճը հատուկ է հիմնականում բանավոր խոսքի ոլորտին: Դրա դրսևորման ձևը երկխոսությունն է: Այդ ոճին հատուկ են հուզականությունը և պատկերավորությունը, արտահայտչականությունը և անմիջականությունը: Այդպիսի խոսքում մեծ թիվ են կազմում հարցական, պատմողական, բացականչական նախադասությունները, հաճախակի են կրկնությունները, միջարկում-ները, թերասումները, գրական լեզվից շեղումները, շատ են գործածվում առօրյա կյանքի բառեր, ձայնարկություններ և վերաբերականներ: Այդ խոսքը կարող է ընթանալ հանդարտ պատմողական ձևով, ստանալ հարց ու պատասխանի ձև, վերածվել վեճի`խոսող կողմերի վերաբերմունքի բուռն արտահայտությամբ և արագ տեմպով:
  Վարչագործարարական ոճը հանդես է գալիս պետական գործունե-ության ոլորտում, պաշտոնական գրագրության մեջ և գործնական գրություններում`դիվանագիտական փաստաթղթերում, օրենքներում, հրամանագրերում, արձանագրություններում, դիմումներում և այլն: Դա իր բնույթով գրեթե հակադրվում է առօրյա խոսակցականին, զուրկ է հուզականությունից և պատկերավորությունից, բառերը գործածվում են ուղղակի իմաստով, խոսքը հակիրճ է, ձևակերպումները` ճշգրիտ, բացակայում են բացականչական նախադասությունները, ձայնարկութ-յունները, պարտադիր է քերականական կանոնավորությունը: Հնարավորին չափ բացառվում են երկիմաստ արտահայտությունների գործածությունը: Հաճախադեպ են գրաբարյան ի, աո, ըստ, ընդ նախդիրներում ենթարկվել ունենալ, առնել բայերով կապակցություւնները, վերո-, ներքո— կազմիչներով բաղադրությունները և այլն: Ընդհանրապես շատ են նույնատիպ, այսպես կոչված, կաղապարային արտահայտությունները:
Գիտական ոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, դասախոսություններում, զեկուցումներում, ելույթներում: Այդ ոճին հատուկ են վարչագործարարական ոճի բոլոր էական հատկությունները, որոնք վերջինս տարբերում են առօրյա խոսակցականից: Սակայն գիտական ոճը տարբերվում է վարչագործարարակաևից: Նախ` նրան բնորոշ է ավելի շատ դատողական, քան նկարագրական խոսքը, թեև գիտատեխնիկական որոշ աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում նկարագրությունը դառնում է խոսքի հիմնական նպատակը: Երկրորդ` գիտական խոսքի մեջ մեծ տեղ են գրավում մասնագիտական բառերն ու տերմինները. Գիտակցաբար խուսափում են վարչագործարարական ոճին հատուկ կաղապարային արտահայտություններից: Գիտական ոճին հատուկ են դատողական տիպի բառերն ու շաղկապները` այսպիսով, հետնաբար, ուրեմն, որովհետև, բանի որ, այսինքն, սրանով իսկ և այլն: Գիտական ոճի մի տեսակն է գիտահանրամատչելի ոճը, որ բնորոշ է ոչ մասնագետ ընթերցողների համար գրված աշխատություններին, լայն զանգվածների համար նախատեսված գրքերին, գրքույկներին, հոդվածներին, հանրամատչելի զեկուցումներին ու դասախոսություններին: Այս դեպքում ավելի քիչ են օգտագործվում նեղ մասնագիտական տերմինները, խոսքն ավելի ազատ է և կառուցվում է այնպես, որ ընթերցողին կամ ունկնդրին հասկանալի ու հետաքրքրական լինի, կարող են լինել նաև առօրյա խոսակցական և գեղարվեստական ոճի տարրեր:

            Հրապարակախոսական ոճը հանդես է գալիս պարբերական մամուլում և հրապարակային ելույթներում: Հրապարակախոսական ոճը համատեղում է գիտական և գեղարվեստական խոսքի առանձնահատկությունները: Նրա նպատակն է ազդել ընթերցողի կամ ունկնդրի ոչ միայն մտքի ու դատողության, այլև կամքի, զգացումների ու երևակայության վրա, նրան գործի մղել, հուզել: Եթե համոզիչ լինելու համար հրապարակախոսությունը պետք է կառուցված լինի ճշգրիտ դատողությունների և փաստերի վրա, ապա ավելի ազդեցիկ ու ներգործուն լինելու համար պետք է լինի արտահայտիչ, պատկերավոր, հուզական: Այն յուրահատուկ մենախոսություն է`օժտված արտահայտ-չական համապատասխան միջոցներով:

            Գեղարվեստական ոճին հատուկ են պատկերավորությունը և հուզականությունը: Այն պայմանավորված է գեղարվեստական երկի ստեղծագործական բնույթով և գեղարվեստական արժեքով, որոնց համապատասխան` երկի հեղինակը լեզվական միջոցների որոշակի նպատակադիր ընտրություն է կատարում: Գեղարվեստական խոսքը, ուղղված լինելով մեծաքանակ ընթերցողների կամ ունկնդիրների, կարող է հանդես գալ և՛ մենախոսության, և՛ երկխոսության ձևով, ընդ որում վերջինիս նպատակն այս դեպքում իրականության ստեղծագործական վերարտադրությունն է: Գրական երկի հեղինակը հատուկ դիտավորությամբ կարող է մյուս ոճերը ընդօրինակել, պատմական այս կամ այն դարաշրջանին հատուկ միջավայր ստեղծելու համար օգտագործել առդեն հնացած բառեր ու արտահայտություններ, տվյալ վայրը և նրա կենցաղը Նկարագրելիս դիմել այդ վայրին հատուկ բառերի և արտահայտության եղանակների, նույնությամբ վերարտադրել հերոսների լեզվական առանձնահատկությունները: Այս երևույթը կոչվում է ոճավորում:

  1. Իրադրական ոճերը կախված են խոսքի իրականացման անմիջական պայմաններից, խոսողի և խոսքի առարկայի, խոսակցի և խոսողի փոխհարաբերությունից: Իրադրական ոճերը լինում են պաշտոնական, հանդիսավոր, հորդորական, մտերմական-փաղաքշական, կատակաբան, ծաղրական և այլն:
    Պաշտոնական ոճը գործադրվում է այն դեպքում, երբ խոսողը աշխատում է ըստ հնարավորին հեռու մնալ իր անձնական վերաբեր-մունքի արտահայտությունից: Իսկ ընդգծված լինելու դեպքում այն դառնում է սառն ու չոր:
    Հանդիսավոր ոճը գործադրվում է այն դեպքում, երբ խոսողը ցանկանում է ընդգրկել առարկայի վեհությունն ու կարևորությունը. Նկարագրվող անձի, երևույթի, իրադարձության հանդեպ առաջ բերել հարգանք ու հիացում:
    Հորդորական ոճը գործադրվում է այն դեպքում, երբ խոսողը հորդորում է, խրատում գործողության մղում կամ աշխատում հետ պահել ինչ-որ գործողույթյունից: Եթե խոսողն արտահայտվում է ավելի խիստ կամ կտրուկ տոնով, հորդորական ոճը վերածվում է հրամայականի:
    Մտերմական-փաղաքշական ոճով  խոսողն ընդգծում է իր մտերմական վերաբերմունքը խոսքի առարկա անձի, խոսակցի նկատմամբ, արտահայտում իր համակրանքը:
    Կատակաբան ոճը  դրսևորվում է այն դեպքում, երբ խոսողը բարեկամական կատակ է անում, աշխատում առաջ բերել մտերմական ժպիտ, հարաբերությունները չսրել: Եթե խոսքն ստանում է որոշ արհամարհական երանգ, խոսողն աշխատում է ցույց տալ իր գերազանցությունը, կատակաբան ոճը վերածվում է հեգնականի:

Ծաղրական ոճը գործադրվում է այն դեպքում, երբ խոսողը բացասական վերաբերմունք ունի դեպի խոսքի առարկան կամ խոսակիցը, նրանց ծաղրում է, նշավակում, խայտառակում:

3.Անհատական հակումների, բնավորության, խառնվածքի, կրթության, դաստիարակության ու ճաշակի, իրականության ընկալման հետ կապված` լեզվական միջոցների անհատական օգտագործմամբ պայմանավորված ոճական տարբերությունները առաջ են բերում անհատական ոճերը: Տարբերում են անհատական ոճի երեք հիմնական տեսակ` բարձր կամ վսեմ, միջին կամ խառն, պարզ կամ հասարակ: Անհատական ոճերի տարբերություններն առավել ցայտուն դրսևորվում են գեղարվեստական գրականության մեջ: Որքան ավելի խորն է գրողի անհատականությունը, և ավելի մշակված ու հղկված նրա լեզուն, այնքան ավելի հստակ է նրա ոճը, և այնքան ավելի պարզորոշ են դրսևորվում այդ ոճի առանձնահատկությումմերը: Հեղինակի ստեղծագործական զարգացման հետ կարող է փոխվել նրա ոճը: