IMG_8122Բարդ Բիդլի հեքիաթները: Հաջողության փերու շատրվանը: Հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ
1. Կարդացեք հեքիաթը:
2. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:
3. Բացատրեք հեքիաթի վերջաբանը. «Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, և բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբևէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր»։ Եթե Շատրվանը կախարդական չէր, ինչպե՞ս կատարվեցին հերոսների ցանկությունները:
Լեռան բարձունքին էր հաջողության փերու Շատրվանը, կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։

Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը հնարավորություն էր տրվում որևէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։
Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքվում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց ինքն է իրավունք վաստակելու մտնելու պարտեզ։
Ու մինչ սպասում էին լույսը բացվելուն, երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։
Առաջին կինը՝ Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։
Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը, նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։
Երրորդին՝ Ամատային, սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։
Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։
Արևի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը՝ յուրաքանչյուրը ճչալով Շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։
Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով ասպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։
Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։

― Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։
Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել Շատրվանին։ Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։
Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․
― Թուլամորթ, ― մեղադրեց նրան, ― հանի՛ր սուրդ և օգնի՛ր մեզ հասնել նպատակին։
Այսպիսով երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որևէ խոչընդոտ, մինչև Շատրվանի բլրին հասնելը։
Բլրի ստորոտին հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց.

«Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը»:
Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր նետեց Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե նրանց կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը և թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալիս առաջ շարժվել։
Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լաց լինել։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բույնը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։
Ուրախանալով Որդի անհետացումից՝ երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն Շատրվանին։
Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը.
«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»:
Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնացին, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։
Արևը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք դնել բարձրանալու համար, քան մյուսները։
― Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ, ― սրբելով ճակատի քրտինքն ասաց Ալթիդան։
Քրտինքը կաթեց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։
Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգևորված՝ նրանք շտապեցին վերև բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչև երևաց բյուրեղի նման փայլփլող Շատրվանը։
Բայց մինչ Շատրվանին հասնելը, նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քար էր՝ վրան գրված․
«Տվեք ձեր անցյալի հարստությունը»:
Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով՝ պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արևն արդեն մայր էր մտնում։
Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը, ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը՝ նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարն անհետացավ, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթը։
Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողանա Շատրվանում։
Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։
Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել Շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր ու արգելեց նրանց դիպչել իրեն։
Այդ ժամանակ Ալթիդան սկսեց հավաքել բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։
― Ես բուժվեցի, ― հուզվեց նա, ― ես Շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։
Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։
― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։
Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային՝ դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր իրեն լքած տղան, ու իքնը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։
― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։
Այսպիսով, մայր մտնող արևի շողերի ներքո ասպետը լողացավ Շատրվանի մեջ։
Արևի վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ Շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջև, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդու։
Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, և բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբևէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր։