Перейти к содержимому
26/02/2018 / marietsimonyan

18 (փետրվար)

IMG_7951Լոռեցի Սաքոն: Հովհ. Թումանյան

IԷն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թռչում քարերի գլխով,
Փրփուր է թքում անզուսպ երախով,
Թքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նրա գոռոցն ահռելի
Ու կրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շնչում է, ապրում և մութն և ահեղ։

Էն տախտի վրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գլխին հսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,
Նայում է ձորին մի հին խաչարձան։

II
Էն ձորի միջին ահա մի տնակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գնացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շնալի՞ր չկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձվածե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թթվել։

III
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հսկա հասակին,
Ո՜նց է մեկնվել։ Ասես ահագին
Կաղնքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նրա փարախից։

Ու իրեն նման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շհուն ու պկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խնդում միալար․․․

IV
Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տված
Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զրույցները հին․․․

Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հնչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

Ու խոլ պատկերներ տգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ստվերների պես,
Չար ժպիտներով ժանտ ու սևերես․․․

V
Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մնչոցն էր այն,―
Սաքոյին թվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վրա,
Կանգնեց ու լռեց․․․
Ականջ դրավ նա․․․

VI
― Ո՞վ հող թափեց բուխուրակից․
Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
Էս ո՞վ կտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դռան ետև․․․

― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լռել, ձեն չես հանում․․․

Պատասխան չկա․ լռության միջում
Ձորագետն է միայն մրափած վշշում։
― Հա՜, իմացա, Գևոն կլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
Ձեն — ձուն չկա։

Միայն ահավոր լռության միջում
Ձորագետն է խուլ, մրափած վշշում։
Եվ ո՞վ կլինի զարթուն այս ժամին․
Քնած է աշխարհ, քնած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քնած,
Վխտում են ուրախ՝ ձորերը բռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կգտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․

Աչքերը հանգչող կրակին հառած՝
Ծանր է շնչում հովիվն ահ առած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։

― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կրկին թեթև, կամացուկ
Դռան ետևից փսփսում ծածուկ.

― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․

Սաքոն շարժվեց փշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

Թուրք կանանցով տունը լցվեց,
Տունը լցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հռհռոցով․․․

VI
Ահռելի ձոր է։ Մի կտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
Չարքերը ընկած նրա ետևից,
Հերարձակ խմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,

Զարկում են, զարկու՜մ օձի մտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճչում են, կանչում ծանոթ ձայներով.

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․

Ես էլ ազիզ բարեկամ․․․

VII
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

Այնինչ Դեբեդից ալքեր են թռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծփում են կայտառ՝
― Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: