Перейти к содержимому
20/05/2018 / marietsimonyan

Իրանական ժամանակակից պոեզիա

iranian_poetry-1

Իրանական ժամանակակից պոեզիա

Հոսեյն Փանահի

Կան բառեր` սիրտ են դողացնում.
հայրենիք:
Կան բառեր` սեպ են խրում.
դու:
Կան բառեր` հնչելուց հետո ուզում ես սիգարետ վառել.
արդարություն:
Կան բառեր` մեծ են իրենց իմաստից.
մահ:
Կան բառեր` փոքր են իրենց իմաստից.
սեր:
Կան բառեր` կասկած ու հույս են ծնում.
հանդիպում:
Կան բառեր` օձի պոչից ավելի դառն են.
բարև…
Մոնա Սաջադիփուր

Ապրեցինք
ու շատ լուրջ ընդունեցինք
այս սիրուն ներկայացումը.
թատրոնը կյանք դարձավ,
կանքը՝ թատրոն:

Ռասուլ Յունան

Խորքերում

Խորքերում ապրելն ապահով է,
բայց տգեղ:
Խորքերում ապրող ձկները
չեն բռնվում,
բայց ոչ արևածագն են տեսնում,
ոչ էլ՝ նավերը:
Հիմա մի սիրուն ձի
մտնում է ծովը.
նրան էլ չեն տեսնի:
Այո, տխուր է խորքերում ապրելը:

ԾՈՎ

Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին…
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ…
Այս ծովը պիտի լցվի,
ու ես՝ խաղաղվեմ…
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին:

Սաբիր Հաքա

Միակ պատճառը, որ Աստծու ընկերը չեմ
հին պատմություն ունի –

Վեց հոգանոց ընտանիքս
ապրում էր փոքրիկ սենյակում:
Իր տունը մեր տնից մեծ էր,
ինքը՝ մեն-մենակ:

Մեհդի Աշրաֆի

Հագավ կոշիկները՝
չնկատելով,
որ սահման է դնում
արմատների և հողի միջև:

Սառե Դասթառան

Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ…

Շահաբ Մողառաբին

Երբեմն ժայռերն էլ են լալիս:
Չես տեսել դու,
երբեք էլ չես տեսնի, բայց
ժայռերն էլ են երբեմն լալիս:
Պատճառը չգիտես,
երբեք էլ չեմ ասի, բայց
լալիս են ժայռերը:
Ծովերը տարուբերում են վիշտը, բայց
ժայռերը,
չգիտես,
երբ լալիս են…
Երբ լալիս են…

Ալիռեզա Ռոշան

Ես հաշմանդամ եմ —
շուրթերդ ինձնից խլել են:

***

Ես տիղմ եմ —
ինձ տեսնելու համար
ծովի հատակը պիտի հասնես:

***
Չէ, սարագնաց չեմ –
դաշտս տեսնելու համար եմ
գագաթ բարձրանում:

***
Ստվերս,
որ հեռանում էր արևի գնալուն պես,
արդ
իմ հեռացումից է գնացել:

***
Պիտի ինձ տուն տանեմ,
տանեմ երեսը լվանամ,
տանեմ հանգստանա,
մխիթարեմ չմտածի,
ասեմ՝ կանցնի, որ չտխրի…
Պիտի ինձ տանեմ քնեցնեմ.
եսս հոգնած է:

***
Իմ վիճակը
գիտի այն մոմը,
որը վառում են
այլ բան տեսնելու համար…

ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍԱՆՔ

Թե ձեռքդ լիներ,
ձեռքս
գրպանումս չէր լինի:

***
Դու, որ կորել ես
գիտես որտեղ ես:
Դու մի՛ տեղ ես կորել
ես ամենուր պիտի փնտրեմ:

***
Երանի քեզ —
քեզ մոտ ես…

***
Դու բառերիս արանքի լռությունն ես —
ամեն չասածս
դու ես…
***
Թե սիրահարված լինեիր,
ես ծառն օրինակ չէի բերի,
սարն ու ծովն էլ,
անգամ կնոջը…Բայց դու սիրահարված չես,
և ես ստիպված եմ խոսել…Թե սիրահարված լինեիր,
միասին
կլռեինք ու կսիրեինք —
ոչ կհարցնեիր,
ոչ կպատասխանեի։
***
Ոտքերը,
որ կարող էին յարիս մոտ տանել,
հիմա հացի հերթում
խճի հետ են խաղում:
***
Կարոտը մարդաշատ փողոց է,
որի մեջտեղում կանգնած
տեսնում ես՝ գալիս են,
տեսնում ես՝ գնում են,
իսկ դու շարունակ կանգնած ես:
***
Նա, ով նստած է
միշտ չէ, որ հոգնած է,
գուցե տեղ չունի գնալու…
Նա, ով նստած է
գուցե հոգնած է,
գուցե ամենուր փնտրել ու հոգնել է…
Նա, ով նստած է,
համոզված եմ՝
ինչ-որ մեկին կորցրել է…
***
Բաժակներից՝
կոտրվածի մասին ենք մտածում,
մարդկանցից`
կորցրածի,
նրա՝ ում չենք հասել…
Միշտ էլ լավ է այն, ինչ չկա:
***
Թռչնից, որ թռավ
շարժվող շիվն է
մնացել
միայն:***
Նրան, ով դեպի լույս է գնում
մյուսները
մթար են տեսնում։
***
Իրար փտեցնում են
արկղի խնձորները`
այս աշխարհի մարդիկ…
***
Միայն ջուր ես խնդրում,
բաժակը գալիս է
անխուսափելիորեն:
***
Մենք բանաստեղծում ենք —
մենք,
որ չենք կարողանում ապրել,
բանաստեղծում ենք…
***
Երանի ստացվեր մեռնել
քայլելու,
քնելու,
առևտուր անելու պես.
ուզել
ու
մեռնել…***
Կոպերը՝ գուցե,
բայց աչքերը
չի ստացվի փակել։Աբաս Քիառոսթամի

Ո՞վ գիտի
կոկոնի ցավի մասին —
ծաղկելիս…

***
Խմիչքի շիշ՝ կոտրված,
գարնանային անձրևով
լեփ-լեցուն…

***
Գոլորշեպատ ապակու վրա
ջրի կաթիլ է ձևավորվում՝
նազանքով:

***
Ատում եմ լեզուն,
դառը լեզուն,
սուր լեզուն,
լեզուն՝ հրահանգող,
լեզուն՝ ակնարկող,

ինձ հետ
ժեստերի լեզվով
խոսիր:

***
Փողոցային շունը
պոչ էր շարժում
կույր անցորդի համար:

***
Անավարտ է մնում միշտ
զրույցս
ինձ հետ:

***
Ո՞ւր է հիմա,
ի՞նչ է անում
նա, ում մոռացել եմ:

***
Խնձորը
վար ընկավ ծառից
ու ես
գրավչությանդ մասին մտածեցի:

***
Երկու կարմրախայտ
կողք-կողքի ննջած
ափսեի ճերմակ հատակին:

***
Դռան անցքից
և՛ ցուրտն է մտնում
և՛ լուսնի լույսը:

***
Նորածիլ խոտերը
չեն հիշում
ծառերին ծերունի:

***
Չվերադարձան
գետերը, որ դեպի ծով գնացին
զինվորները, որ՝ ճակատ,
ընկերները, որ պանդխտության…

***
Շատերը՝ սիրահար,
շատերը՝ սիրեկան,
սիրող զույգերը՝
սակավ:

***
Գիշերը ժամանակին եկավ
լույսը ժամանակին ծագեց
աքլորը ժամանակին կանչեց
ես անժամանակ
քնեցի:

***
Առաջադրելով թռիչքը
փորձարկեցի անկումը…

***
Ընկերներս
վշտացնում են շարունակ,
թշնամիներիցս
բան չեմ հիշում:

***
Երբ եկավ՝
եկավ…
Երբ կար՝
կար…
Երբ գնաց՝
կար…

***
Տասնյակ բանալի՝
հեռու օրերից մնացած,
թափելու քաջություն չկա
թեև կողպեքներ չկան:

***
Երբ խորը մտածում եմ.
չեմ ընկալում
ձյան այսքան ճերմակություն պատճառը:

***
Մարդ՝
կախաղանից կախված,
ցայգալույսի
զեփյուռի ներքո…

***
Երեկոյան
ձկնորսների ցանցից տեղ մնացած
փոքրիկ ձուկը՝
ափին:

***
Ինչքան դժվար է
դիտել լիալուսինը —
մենակ:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: