«Մուտք կրթահամալիր» ճամբար մանկավարժների համար (02.07-06.07)
Քննարկել Օշոյի «Պայքար առանց կատաղության» առակը:
Քննարկել մանկավարժական տրված հոդվածը:
Մեկնաբանել հետևյալ առակները.
Վարպետն ու թեյի բաժակը
Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:
Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.
-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:
Աշակերտները հարցրին պանդոկապանին.
-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:
-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:
Աշխարհը և մենք
Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:
Ձուկը և օվկիանոսը
Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:
Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.
-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:
Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.
-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:
Добавить комментарий