Պատմում է Նելի Գեղամյանը:

Հոկտեմբեր ամիս, առավոտյան ժամը 07:15…Կանգնած եմ մեր պատշգամբի պատուհանի մոտ, հայացքս՝ դեպի Արագած… Մտքումս՝ թե տեսնես այստեղից երևո՞ւմ է լեռան այն մասը, որտեղ ես կանգնած եմ եղել՝ արդեն իմը դարձած  հարավային գագաթը: Չգտա, բայց կարևորը՝ ես այնտեղ երկու անգամ եղել եմ:

Մի մարդ, ով տասը տարեկանից այդ լեռանը ամեն առավոտ նայել է: Հիմա հաստատ գիտեմ, եթե որևէ բան շատ ցանկանաս, անպայման կիրականանա:

Արագածից հետո Աժդահակ էլ բարձրացա և դեռ շատ բարձունքների մասին եմ երազում: Կարևորն այն է, որ սկսել եմ նորից երազել, և նույնիսկ երազներս են նորից գունավոր դարձել:

Միշտ մտածել եմ,թե կյանքում ամեն բան արդեն գիտեմ, տեսել եմ: Երբ աշխատում ես ֆինանսաբանկային համակարգում և ամեն օր շփվում ես տարբեր բնավորության և տեսակի գործարարների հետ, շատ բան ես տեսնում: Իմ 19 աշխատանքային տարիները բանկային համակարգում իմ հարստությունն են, իմ քրտնաջան աշխատանքը, իմ հիասթափությունները և հաջողությունները, բայց ոչ երջանկությունը և կատարված աշխատանքից ստացված բավականությունը: Ես բավական գումար էի վաստակում, բայց այդ 19 տարվա ընթացքում դեռ չի պատահել մի աշխատանքային պահ, որ ես զգամ ինձ իմ տեղում: Ճգնաժամը հասունացավ՝ դուրս եկա բանկից, առանց որևիցե հեռանկարի, հստակ համոզմունքով, որ այլևս չեմ  վերադառնա. շատ էի հոգնել:

Հինգ ամիս անց եկա կրթահամալիր, ցանկանում էի աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցիչ, սակայն երբեք չէի պատկերացնի, թե ինչ է նշանակում  կրթահամալիրի դասավանդող լինել: Ոչ, դա սովորական աշխատանք չէ, դա հոգեվիճակ է, որը պահանջում է ստեղծագործական մոտեցում: Դու ապրում ես կրթահամալիրի տարածական և ժամանակային իրականության մեջ՝ 24 ժամ: Միայն մի պայման՝ լինել երջանիկ և աշխատանքից ստանալ հաճույք, այլ տարբերակ չկա:

Կրթահամալիրի աշխատանքային գործընկերները  միշտ կողքիդ են: Քեզ ընդունում, աջակցում, սովորեցնում, բացատրումեն, մի խոսքով՝ օգնում են: Ուշադիր են և աջակցող, համբերատար  և մարդկային, լավ ուսուցչի պես պահանջկոտ, սակայն շատ բարի: Շնորհակալ եմ  իմ կողքին եղած առաջին սեբաստացի մարդկանց՝ սկսած Մուտքի ճամբարների իմ լավ ընկերներ դարձած կազմակերպիչներից և դասավանդողներից մինչև իմ ներկա ղեկավարներն և ավագ ընկերները: Անընդհատ զարմանում եմ նրանց շուրջօրյա աջակցելու պատրաստակամության վրա: Կրթահամալիր ներառման ամենակարևոր պայմանը՝ ստեղծագործեցիր, սովորողներին ոգևորեցիր՝ուրեմն կարող ես:

Եվ վերջապես՝ ես արդեն հեծանիվ վարել գիտեմ և սկսել եմ զբաղվել սուսերամարտով: