Կարդալ և քննարկել:

Պայքար առանց կատաղության

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամեն ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Հարցարան

  1. Քննարկե՛ք հետևյալ հատվածը. « Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող»:
  2. Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

Գորտը: Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

 

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք::

Գոյական անուն

Ածական

151.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

152.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

153.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

154.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

155.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

…կենդան, …կամ, …խոսկան, հայր.., կիս…, փառ…, վայր…, աղ…., արևել…, երևան…, ընկեր…, կծ…, ազդ…, թրթռ…, հնչ…, շաչ…, խոհ…, դողդոջ…:

156.Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ  ոչ թե ուն, այլ  յուն ածանցով են կազմվել:

Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն  մեղեդի:
Քնքշաշրշյուն  զգեստ:
Բարեհնչյուն  ձայն:
Դառնահնչյուն  ոռնոց:

159.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

160.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընղգծի՛ր այն ածականները, որոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում:
Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

Ածականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Այլ խոսքի մասերից ածականներ են կազմվում ածականակերտ ածանցների կամ բառաբարդման միջոցով: Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ` դրական, բաղդատական և գերադրական: Տեղին և ճիշտ գործածված ածականները հարստացնում և ոճավորում են խոսքը: