Շառլ Բոդլեր: Արբեք

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։

Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։

Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։

Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…

Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։

*****

Շառլ Բոդլեր: Օտարականը

— Ամենից շատ ում ես սիրում դու, ասա, խորհրդավոր մարդ, հորդ, մորդ, քրոջդ, թե եղբորդ։
— Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր։
— Բարեկամների՞դ։
— Դուք ասացիք մի բառ, որի իմաստը մինչև օրս ինձ անհայտ է մնացել։
— Հայրենի՞քդ։
— Ես չգիտեմ, թե որ լայնության տակ է գտնվում այն։
— Գեղեցիկը՞։
— Հաճույքով կսիրեյի, եթե աստվածային և անմահ լիներ։
— Ոսկի՞ն։
— Ատում եմ, ինչպես դուք Աստծուն։
— Ուրեմն ի՞նչ ես սիրում դու, տարօրինակ օտարական։
— Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ անցնում են…այնտեղ…այնտեղ…Հրաշալի ամպերը։