6-8 և 9-12 տարեկանների համար

Փոքրիկ տեղեկութիւն Աթաբեկ Խնկոեանի մասին

Աթաբեկ Խնկոեան: Կենսագրությիւն

Աթաբեկ Խնկոյանը (Խնկո — Ապեր) հայ մանկագիր բանաստեղծ է : Ծնուել է 1870 թուականին Փամբակի շրջանի Ղարաբոյայ գյուղում:

Աթաբեկ Խնկոեանը գրագիտութիւն սովորել է իրենց գիւղի տիրացուի մօտ, այնուհետեւ տեղափոխուել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գիւմրի), ուր հաջողութեամբ սովորելով, նուիրուել է ուսուցչութեանը:

Նա մանուկների համար բազմաթիվ ստեղծագործութիւններ է գրել, մշակել հայկական և այլ ժողովուրդների շատ առակներ։

Աթաբեկ Խնկոեանը մահացել է 1935 թվականին Երևանում:

Նրա անունով է կոչւում Երեւանի քաղաքային մանկական գրադարանը։

Մեղուն
Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թաւամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Լուսին, լուսին, լուսերես

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լոյս ես տալիս
Գիշերով,
Քո վառուռուն
Թշերով:

ՔԱՄԻ

Քամի, քամի, դու ահեղ,
Էն երկնքի ամպերը
Հալածում ես ամէն տեղ,
Ալեկոծում ծովերը
Ու տարածում սար ու ձոր
Քո անուշիկ հովերը:

Ձմեռ
Ծառը մերկացաւ,
Զրկուեց տերեւից,
Ձիւնի փաթիլներ
Իջան վերեւից։

Ձիւն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձիւնը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հիւսերը
Կիտեց գետափին։

Բկլիկ ձկնիկ

Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արայ,
Դրսի որսը թող արայ.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչեւ անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կայ քո գլխին,
Մի լաւ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին
Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը

Նապաստակները /ներկայացում/

Նապաստակներն ամբողջ ցեղով
Անտառի մէջ արին ժողով։
Եւ ժողովում մի ծեր Շլդիկ
Ասաց. – Լսէ՛ք, մեծ ու պստիկ,
Շունը հաչէ,
Քամին փչէ,
Ամպը գոռայ,
Մուկը ճռռայ,
Մեր էս ցեղը
Հա կդողայ։
Էսպես ապրել չի կարելի
Էս աշխարհում փորձանքով լի,
Չարն ու բարին աշխարհի հետ,
Թողնենք, գնանք, լցվենք մի գետ…
Շլդիկները՝ ոչ այս, ոչ այն,
Ելան, ընկան մահի ճամփան։
Հենց որ եկան գետին մոտիկ,
Էս գորտերը մեծ ու պստիկ
Խառնիխուռը
Ընկան ջուրը։

Իսկույն այստեղ մի այլ շլդիկ.
– Դարձէ՛ք, – կանչեց, – պապիս որդիք,
Էլ մի կախէք ձեր քթերը,
Մեզնից վախկոտ են գորտերը։

Մկների ժողովը

Սով էր, սով էր մկստան,
Կատուի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնէդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,

Ջոջերին ջոկ տեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվէն
Մի հնարքով ազատուեն:
Եկան գիւղի ջոջերը
Երկար-բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսէ´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտէր ծերուկ եմ,
Բայց պատուաւոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անօթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տայ, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպէս զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թէ ազնիւ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…

Ցավն էլ ունի իր դեղը:
Ա՜յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մէջը զնգոց.
Կատուի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորայ,
Որ ինչքան էլ շորորայ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարայ,
Բա որ կատուն գայ ինձ վրայ՞:
― Բտոն, Խտոն թող մէկից
Բռնեն կատուի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լաւ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվէ´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Փոքրիկ տեղեկութիւն Ղազարոս Աղայեանի մասին
Ծնուել է 1840թ․ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գիւղում։
Սկզբնական կրթութիւնն ստացել է ծննդաւայրում, քահանայ Տէր-Պետրոսի մօտ։ Ապա ընդունուել է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, մէկ տարի յետոյ ինքնակամ հեռացել։ Այնուհետեւ իր գիտելիքները լրացրել է ինքնակրթութեամբ։ Մէծ մանկաւարժ է, բազմաթիւ մանկական ստեղծագործութիւնների հեղինակ։Մահացել է 1911թ․։

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ

Ղազարոս Աղայան
(Մանկական խաղ)

Ծիտը ծառին ծլուլում է.
— Ծի՜ւ, ծի՜ւ, ծի՜ւ.
Բազեն գլխին պտըտւում է.
— Վո՜յ, վո՜յ, վո՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռաւ,
Բազեն փախաւ,
Ի՜նչ լաւ էլաւ..
― Հե՜-հե՜-հե՜…

Կատու

Կատուն եկաւ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպէս հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թէ՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաու՜, միաու՜.
Այսինքն թէ՝
_ Այո՛, այո՛:

ՍԱԳ

Ղ.Աղայան

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
Ուրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կը խնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվէ քո փետուրներ
Եւ ինձ համար շինէ բարձեր:

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Ղ.Աղայան

Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկչում է
Ծլուլալով.
Ձորում առուն քչքչում է
Վշուշալով.
Ծոյլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

12-16 տարեկանների համար

Աշխարհը եւ մենք

Շատ վաղուց մի արքայ կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, յատակը եւ առաստաղը հայելուց էին: Այնպէս պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիւ շներ: Լինելով շատ խելացի եւ զգուշաւոր՝ համէնայն դէպս ատամ ցոյց տուեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնաւոր շներից եւ վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապէս իրենք էլ ատամ ցոյց տուեցին: Շունը կամացուկ հաչեց: Միւսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզուած էր, որ իր կեանքը վտանգուած է, եւ սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին յուսահատ հաչոցով: Եւ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպէս թւում էր խեղճ շանը: Առաւօտեան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռուել նրա հետ, որովհետեւ պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիւ հայելիների մէջ եւ վախեցել: Եւ երբ նա սկսել էր կռուել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մէջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:

Ո՞ր գայլին ես դու կերակրում

Պապիկն ու թոռնիկը զրուցում են: Պապիկը որոշում է թոռնիկին կեանքի վերաբերեալ մի ճշմարտութիւն ասել.

— Իւրաքանչիւր մարդու մէջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի միջեւ ընթացող պայքարին: Մի գայլը ներկայացնում է չարութիւնը, նախանձը, խանդը, եսասիրութիւնը, կեղծիքը, իսկ միւսը` բարութիւնը, խաղաղութիւնը, սէրը, հոյսը, ճշմարտութիւնն ու հավատարմութիւնը:

Թոռնիկը մի փոքր մտածում է ու ասում.
— Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:
Պապիկը ժպտում է ու ասում.
— Միշտ հաղթում է այն գայլը, ում դու կերակրում ես:

Խելք եւ գիտելիք

Շահի որդին անասելի յիմար էր: Շահը երկար մտածեց, թէ ինչ ուսման տայ նրան եւ որոշեց. թող սովորի աւազի վրայ գուշակութիւններ անել: Ինչքան էլ որ դէմ էին գուշակ գիտնականները, ստիպուած եղան հնազանդուել տիրոջ կամքին: Մի քանի տարի անց նրանք շահի որդուն բերեցին պալատ եւ խոնարհվեցին շահի առաջ:

-Ձեր տղան իւրացրեց մեզ յայտնի բոլոր գաղտնիքները: Աւելին՝ մենք սովորեցնելու ոչինչ չունենք:

Շահը ափի մէջ ամուր սեղմեց նեֆերտիտե մատանին եւ հարցրեց.

-Ասայ, տղաս, ի՞նչ կայ իմ ձեռքում:

Պատանին ավազի վրայ նկարեց պատկերներ եւ մտածելով պատասխանեց.

-Ձեռքիդ մէջ ինչ-որ կլոր բան կա՝ մեջտեղը կլոր անցքով: Ըստ երեւոյթին՝ դա քար է:

Շահը գոհ ասաց.

-Դու բոլոր նշանները ճիշտ ասացիր: Ասայ առարկայի ամբողջ անուանումը:

Պատանին մտածեց եւ ասաց.

— Ջրաղացքար է:

— Որքան էլ դու գիտելիքի ուժով նշաններ գտնես, -բացականչեց շահը,- միեւնոյն է, դու չունես այնքան խելք հասկանալու համար, որ ջրաղացքարը չի կարող տեղաւորւել ձեռքի մէջ:

Համարձա՛կ եղիրփորձի´ր

Թագաւորն իր հպատակներին գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թէ նրանցից ով կարող է կառաւարական պաշտօն զբաղեցնել:

-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագաւորը,- ձեզ համար դժուար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:

Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մօտ առաջնորդեց:

-Սա իմ թագավորութիւնում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագաւորը:

Ոմանք իսկոյն հրաժարվեցին: Միւսները՝ ժողովրդի կողմից իմաստունի յարգանք վայելողները, կարեւոր դէմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպէս բացել: Դրանից յետոյ մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցաւ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետեւ փորձեց տեղից շարժել եւ վերջապէս, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագաւորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարեւոր պաշտօն կզբաղեցնես, որովհետեւ հոյսդ դնում ես սեփական ուժերիդ վրայ եւ չես վախենում փորձել:

Ոչ մեծ տարբերութիւն

Արեւելքի տիրակալներից մէկը երազ է տեսնում. իբր թէ մէկը միւսի հետեւից ընկնում են նրա բոլոր ատամները: Նա վախեցած իր մոտ է կանչում պալատական երազահաններին: Նրանք լսում են եւ ասում.
— Տէ′ր, երազն այն մասին է զգուշացնում, որ շուտով դու կկորցնես քո բոլոր հարազատներին:
Տիրակալը բարկանում է եւ հրամայում խեղճին բանտ նետել:
Հետո կանչում է ուրիշ երազահանի :Նա լսում է երազը, մի փոքր մտածում եւ ասում.
— Տէ´ր իմ, երազն այն մասին է պատմում, որ դու աւելի երկար կապրես, քան քո բոլոր հարազատները:
Տիրակալն անասելի ուրախանում է եւ առատօրեն վարձատրում երազահանին՝ լավ կանխատեսման համար: Պալատականները շատ էին զարմացել.
— Չէ՞ որ դու նրան ասացիր նոյն բանը, ինչ որ այն խեղճ նախորդը: Բայց ինչո՞ւ նա խիստ պատժուեց, իսկ դու պարգեւատրուեցիր,_ հարցրին նրանք:
Հետեւեց պատասխանը.
— Մենք երկուսս էլ միանման մեկնաբանեցինք երազը: Բայց ամէն ինչ կախված չէ նրանից, թէ ինչ կասես, այլ նրանից, թէ ինչպես կասես:

Առակ նեղանալու եւ նեղացնելու մասին

Աշակերտն ուսուցչին հարցրեց.
– Դու այնքան իմաստուն ես, միշտ լաւ տրամադրութիւն ունես, երբէք չես բարկանում: Օգնիր, որ ես էլ այդպիսին դառնամ: Ուսուցիչը համաձայնեց եւ խնդրեց, որ աշակերտը բերի մէկ կարտոֆիլ ու թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ:
– Եթէ դու բարկանաս ինչ-որ մէկի վրա եւ նեղանաս նրանից, վերցրու կարտոֆիլը, նրա վրայ գրիր այն մարդու անունը, ում հետ վիճել ես, եւ դիր տոպրակի մեջ:
– Եւ վե՞րջ,- հիասթափուած ասաց աշակերտը:
– Ոչ,- պատասխանեց ուսուցիչը,- դու այն միշտ քեզ հետ պիտի տանես, ուր էլ որ գնաս, եւ ամեն անգամ, երբ էլի ինչ-որ մեկը նեղացնի քեզ, կարտոֆիլի վրայ աւելացնես նրա անունը:
Աշակերտը համաձայնեց: Անցաւ որոշ ժամանակ: Աշակերտի տոպրակը լցուեց կարտոֆիլներով եւ շատ ծանրացաւ: Շատ դժուար դարձաւ այն միշտ հետը տանելը: Բացի դրանից, առաջինը դրուած կարտոֆիլը սկսեց փչանալ, ու ահաւոր հոտ տարածվեց շուրջբոլորը: Այդ ժամանակ աշակերտը եկաւ ուսուցչի մօտ ու ասաց.
– Սա արդեն հնարաւոր չէ տանել. Նախ՝ շատ ծանր է արդեն, հետո էլ՝ կարտոֆիլը փչացել է: Մի ուրիշ բան առաջարկիր:
Ուսուցիչն ասաց.
– Լսիր, նույն բանը քեզ հետ է կատարւում: Ուղղակի դու դա միանգամից չես նկատում: Քայլերդ վերածւում են սուորութեան, սովորությիւնը` բնավորութեան, ինչն էլ ծնում է վատ արատներ: Ես քեզ հնարաւորություն տուեցի դրան կողքից հետեւել: Ամէն անգամ, երբ կորոշես նեղանալ որեւէ մէկից կամ, հակառակը, նեղացնել ինչ-որ մէկին, մտածիր` արդյո՞ք քեզ պետք է այդ բեռը:

ՈՒԻԼԻԸՄ ՍԱՐՈՅԵԱՆ

(Ռադիոպիես)

Բան ունեմ ասելու

ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդեան երեկոն ռադիոյով հաղորդւում է Ափից Ափ: Նուագախումբը նուագում է «Ղօղանջէ´ք զանգերը», ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են ամբողջ ձայնով: Երգն աւարտւում է, ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

(Սիրալիրութեամբ)

Հրաշալի էր, երեխանե´ր: Դէ, ի՞նչ, զուարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ

(Բացականչելով)

Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Տիկնա´յք և պարոնա´յք, եթէ միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դէմքերը, ձեր սրտերը կը ջերմանային: Նրանք եկել են Նիու Եորքի ամէն անկիւնից` ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդէսում: Երբ վերջին անգամ խօսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հիւսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կը լինի: Նորից կանչե՞նք «Ձմեռ պապի», երեխանե´ր:

ԵՐԵԽԱՆԵՐ

(Բացականչելով)

Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Շատ լաւ: Կանչում ենք` «Ձը´-մե´ռ-պա´-պի´»: Կանչո՜ւմ ենք` «Ձը´-մե´ռ-պա´-պի´»: Նե´րս եկ, Ձմեռ պապ: Որտե՞ղ ես հիմա:

(Հեռուից` ձիան միջից լսւում է զանգերի ձայն)

ՁԱՅՆ

Ող-ջո՜յն: Ող-ջո՜յն: Ձմեռ պա՜պն է: Ես հենց Նիու Եորքի մօտերքում եմ: Ես կարողանում եմ տեսնել լոյսերը: Շատ շուտով ձեզ հետ կը լինեմ: Չհեռանա՜ք: Ինձ սպասէ՜ք:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Սպասե՞նք, երեխանե´ր: Սպասե՞նք Ձմեռ պապին:

ԵՐԵԽԱՆԵՐ

(Բացականչելով)

Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Օ՜հ, տիկնա´յք եւ պարոնա´յք, սա երեխաների ամենամեծ հանդէսն է, որ դուք երբեւէ տեսել էք: Այս բեմի ամբողջ անկիւնն զբաղեցրել է երբեւէ աճած ամենաբարձր տօնածառը` ծանրաբեռնուած ամենահրաշալի ընծաներով ամբողջ աշխարհի փոքրիկ, խելոք տղաների ու աղջիկների համար: Շատ շուտով Ձմեռ պապն ինքն այստեղ մեզ հետ կը լինի, բայց քանի դեռ սպասում ենք, մի ուրիշ երգ չերգե՞նք, երեխանե´ր:

ԵՐԵԽԱՆԵՐ

(Բացականչելով)

Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Շատ լաւ: «Լուռ գիշերը»:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են «Լուռ գիշերը»):

(Մինչ նրանք երգում են, սկիզբ է առնում այս խօսակցութիւնը:

Մի ԵՐԻՏԱՍԱՐԴ եւ մի ԴՌՆԱՊԱՆ):

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ներողութիւն: Էս ի՞նչ է:

ԴՌՆԱՊԱՆ

Ներեցէ՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

ՏԷ ասէ´ք: Ասէ´ք: Էստեղ մօտերքում ի՞նչ է կատարւում:

ԴՌՆԱՊԱՆ

Գիտէք` սա Սուրբ Ծննդեան հանդէս է երեխաների համար: Ես ստիպուած եմ խնդրել ձեզ, որ հեռանաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Լաւ: Կը հեռանամ, բայց… ինչպիսի՞ երեխաների համար:

ԴՌՆԱՊԱՆ

Աղքատ երեխաների:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Երգողները նրա՞նք են:

ԴՌՆԱՊԱՆ

Ես վստահ եմ, որ երգողները երեխաներն են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Եղաւ, ուրեմն հրաշալի է: Մարդ չէր կարող աւելի լաւ բան անել, քան փորձել երեխաներին երջանկացնել:

ԴՌՆԱՊԱՆ

Այո´, սը´ր, սակայն ստիպուած եմ ձեզ խնդրել…

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Նրանք երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ

Ներեցէ՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Չարժէ ամբողջ ժամանակ ներողութիւն խնդրել: Ասում եմ երեխաները…, նրանք էլի… երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ

Որքանով որ ես կարող եմ ասել` այո´, սը´ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ինչի՞ց իմացաք:

ԴՌՆԱՊԱՆ

Ներեցէ´ք, սը´ր… Ես ստիպուած եմ խնդրել ձեզ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Էդ ո՞նց իմացաք, որ երեխաները երջանիկ են:

ԴՌՆԱՊԱՆ

Նրանք տխուր չեն երեւում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Դուք երջանի՞կ եք:

ԴՌՆԱՊԱՆ

Առանց վախենալու, որ սուտ ասած կը լինեմ, կարծում եմ` կարող եմ ասել` երջանիկ եմ, իսկ հիմա, բարի եղէք, սա երեխաների Սուրբ Ծննդեան երեկոն է: Սա մեծահասակների համար չէ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ես մեծահասակ չեմ: Նկատի ունենալով, որ երբեք չեմ եղել երեխաների Սուրբ Ծննդեան հանդէսում, ներկայ կը գտնուեմ էս մէկին:

ԴՌՆԱՊԱՆ

Խնդրում եմ, սը´ր…, սա աղքատ երեխաների համար է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ես աղքատ եմ: Բայց սրա համար փող ունեմ, վերցրէ´ք: Սա աւելացրէք երեխաների համար նախատեսուած դրամագլխին:

ԴՌՆԱՊԱՆ

(Ապշած)

Սա հարիւր տոլարանոց թղթադրամ է, սը´ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ծախսէ´ք երեխաների համար: Ասէք, որ դա ուղարկել է… Անանուն մէկը:

ԴՌՆԱՊԱՆ

Այո´, սը´ր: Շնորհակալութիւն, սը´ր: Համոզուած եմ, որ սա բազմաթիւ երեխաների երջանիկ կը դարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Իմ ուզածն էլ հենց դա է:

ԴՌՆԱՊԱՆ

Շնորհակալութիւն, սը´ր: Շնորհակալութիւն: Կը բարեհաճէի՞ք աւելի մօտ գնալ: Վստահ եմ` այդպէս միանգամայն լաւ կը լինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Չէ´, չէ´: Ինձ վերջին շարքն էլ յարմար է:

ԴՌՆԱՊԱՆ

Շատ լաւ, սը´ր: Ես փողը կը տանեմ կոմիտէ:

(ԵՐԵԽԱՆԵՐՆ աւարտում են «Լուռ գիշեր» երգը):

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Հրաշալի՜ էր, երեխանե´ր:

(Դրամատիկական դադար):

Պատրաստ, երեխանե´ր:

(Գոչելով)

Պահէ´ք ձեր շունչը: Ձմեռ պապն այստեղ է: Նա բեմում կը յայտնուի ճիշդ մէկ վայրկեան յետոյ:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ճչում են, բացականչում եւ ծափահարում):

ԵՐԻՏԱՍԱՐԴ

(Ժխորի միջից)

Ա´յ թէ երեխաները երջանիկ կը լինեն: Ձմեռ պապը նրանց բոլորին կ’երջանկացնի:

(ՁՄԵՌ ՊԱՊԸ ժամանում է: ԵՐԵԽԱՆԵՐՆ աւելի բարձր են աղաղակում, քան երբեւէ):

ՁՄԵՌ ՊԱՊ

Շնորհաւոր Սուրբ Ծնունդ, երեխանե՜ր: Շնորհաւոր Սուրբ Ծնունդ:

ԵՐԵԽԱՆԵՐ

Շնորհաւո՜ր Սուրբ Ծնունդ, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ

Երջանիկ դէմքերով ի՜նչ հրաշալի խումբ է. նման բան չեմ տեսել: Դուք բոլորդ էլ խելօ՞ք տղաներ ու աղջիկներ էք:

ԵՐԵԽԱՆԵՐ

(Բացականչելով)

Այոոոո՜:

ՁՄԵՌ ՊԱՊ

Ուրեմն հրաշալի է:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

(Շշնջալով)

Տիկնա´յք և պարոնա´յք, երեխաները պատրաստւում են մէկ առ մէկ բեմ գալ և խօսել Ձմեռ պապի հետ: Առաջինը մի փոքրիկ աղջիկ է:

ՁՄԵՌ ՊԱՊ

Ապա տեսէք, թէ ո՜վ է այստեղ: Անունդ ի՞նչ է, պստի´կ աղջիկ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Մերի ՄըքԳերի:

ՁՄԵՌ ՊԱՊ

Մերի ՄըքԳերի: Քանի՞ տարեկան ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Եօթ ու կէս:

ՁՄԵՌ ՊԱՊ

Որտե՞ղ ես ապրում:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Հարիւր քսուեց… Չէ´: Հարիւր վաթսուներկու Իսթ հարիւր քսուեց:

ՁՄԵՌ ՊԱՊ

Իսկ դու ի՞նչ ես ցանկանում Սուրբ Ծննդեան տօնի առթիւ:

(ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ տատամսում է)

Հը՞:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Ես ուզում եմ… ըը…

ՁՄԵՌ ՊԱՊ

Վա՜հ, վա´հ, մի՞թէ վախենում ես Ձմեռ պապից: Ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդեան տօնի առթիւ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Մոռացայ:

ՁՄԵՌ ՊԱՊ

Տիկնիկ ուզու՞մ ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Ես տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ

Խաղալիք -տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Խաղալիք –տուն չէ: Ես իսկական տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱ՝Պ

(Ծիծաղելով)

Տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Մի մեծ սենեակ` լիքը խաղալիքներով: Մի ուրիշ սենեակ էլ` լիքը…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապն առաջին մանկանը տուեց Սուրբ Ծննդեան իր նուէրը` կապոյտ թղթով մի մեծ փաթեթ, իսկ այժմ երկրորդ երեխան է գալիս բեմ: Այս մէկը ջահել մի տղայ է`աշխարհի չափ մեծ ժպիտով: Եւ չտեսնուած շիկակարմիր մազերով:

ՁՄԵՌ ՊԱՊ

Այսպէ՜ս, այսպէ՜ս. տեսէք, թէ ո՜վ է այստեղ: Ի՞նչ է քո անունը:

ՏՂԱՅ

Մելուին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ

Ի՞նչ-ի՞նչ:

ՏՂԱՅ

Մելուին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ

Քանի՞ տարեկան ես, Մերուի´ն:

ՏՂԱՅ

Ոչ թէ Մերուին, այլ Մելուին: Մ-ե-լ-վ-ի-ն:

ՁՄԵՌ ՊԱՊ

Շատ լաւ, Մելվի´ն: Դու քանի՞ տարեկան ես:

ՏՂԱՅ

Տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ

Տաս ու կէ՞ս:

ՏՂԱՅ

Չէ´: Ուղղակի տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ

Տասը եւ երկու ամսական, կամ վեց, կամ չորս ամսական կամ ինչքա՞ն:

ՏՂԱՅ

Չէ՜: Հենց տասը: Ծննդեանս օրը դեկտեմբերի 24-ն է: Էսօր:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափողջունում են)

ՁՄԵՌ ՊԱՊ

Այսպէ՜ս, այսպէ՜ս, տէ մի՞թէ դա հրաշալի չէ: Երկու տօն միանգամից: Տարեդարձը և Սուրբ Ծնունդը` մէկտեղ:

ՏՂԱՅ

Այո´, սը´ր:

ՁՄԵՌ ՊԱՊ

Իսկ որտե՞ղ ես ապրում, Մերուի´ն:

ՏՂԱՅ

Մելուի՜ն, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ

Ի՞նչ…

ՏՂԱՅ

Մելուի՜ն: Մելուի՜ն:

ՁՄԵՌ ՊԱՊ

Այո` Մելուի´ն: Իսկ որտե՞ղ ես ապրում:

ՏՂԱՅ

Երկուսի երեսունեօթ, Իսթ հարիւր քառասունհինգերորդ փողոց:

ՁՄԵՌ ՊԱՊ

Իսկ դու՞ ինչ ես ուզում Սուրբ Ծննդեան առթիւ:

ՏՂԱՅ

Մի գրամեքենայ, հեծանիւ, ֆուդպոլի գնդակ ու մի մուշտակ մայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ

Էլ ի՞նչ:

ՏՂԱՅ

Ու մի նոր կոստիում հայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ

Էլ ի՞նչ:

ՏՂԱՅ

Եւ երկու իսկական լաւ զգեստներ քոյրիկներիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ

Էլ ի՞նչ:

ՏՂԱՅ

Տէ… մի հեծանիւ էլ իմ ընկեր Հարրիի համար:

ՁՄԵՌ ՊԱՊ

Էլ ի՞նչ:

ՏՂԱՅ

Տէ…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապը տղային յանձնեց Սուրբ Ծննդեան իր փաթեթը, իսկ այժմ համար երեք երեխան է գալիս բեմ: Գեղեցիկ սեւամորթ մի աղջնակ:

ՁՄԵՌ ՊԱՊ

ԱյսպԷ՜ս, այսպԷ՜ս, հապա նայէք, թէ ո՜վ է գալիս Ձմեռ պապի ձեռքը սեղմելու: Եւ ի՞նչ է քո անունը, փոքրի´կ աղջիկ:

ԱՂՋԻԿ

Ալիս Լեոնորա Ուիլլիըմս:

ՁՄԵՌ ՊԱՊ

Իսկ քանի՞ տարեկան ես, Ալի´ս:

ԱՂՋԻԿ

Ութ եմ` իննի մէջ:

ՁՄԵՌ ՊԱՊ

Իսկ դու´ ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդեան տօնի առթիւ:

ԱՂՋԻԿ

Ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ

Տէ՞…

ԱՂՋԻԿ

…Մի զոյգ չմուշկ, հեծանիւ ու մի կարմիր համազգեստ:

ՁՄԵՌ ՊԱՊ

Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ

Ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ

Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ

Մի կարմիր համազգեստ, …ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ

Մի ուրի՞շ կարմիր համազգեստ էլ:

ԱՂՋԻԿ

Չէ´, էդ մէկը:

ՁՄԵՌ ՊԱՊ

Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ

Մի զոյգ չմուշկ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ

Տիկնա´յք և պարոնա´յք, Ձմեռ պապը փոքրիկ աղջկան յանձնեց Սուրբ Ծննդեան իր ընծան, իսկ այժմ մի ուրիշ մանուկ էլ է բեմ գալիս: Այս մէկը փոքրիկ տղայ է:

ՁՄԵՌ ՊԱՊ

Այսպէ՜ս, այսպէ՜ս, հապա նայէք` ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո´ անունը, փոքրի´կ:

ՏՂԱՅ

Ջոյ:

ՁՄԵՌ ՊԱՊ

Ջոյ ի՞նչ:

ՏՂԱՅ

Ջոյ Բեննեվընթ: Տասնմէկ ու կէս եմ: Ապրում եմ…

ՁՄԵՌ ՊԱՊ

Օ՜հ, այո´: Լա´ւ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդեան առթիւ:

ՋՈ

Հեծանիւ:

ՁՄԵՌ ՊԱՊ

Էլ ի՞նչ:

ՋՈ

Բա որտե՞ղ է:

ՁՄԵՌ ՊԱՊ

Ի՞նչ, Ջո´:

ՋՈ

Ասում եմ` որտե՞ղ է հեծանիւը:

ՁՄԵՌ ՊԱՊ

Ահա քո նուէրը, Ջոյ´: Իսկ հիմա` տեսէք, թէ ով է բարձրանում սանդուղքներով:

ՋՈ

Ի՞նչ կայ էս փաթեթում: Ախր ես հեծանիւ եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ

Իսկ ի՞նչ է քո անունը, պստի´կ աղջիկ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

(Հեռուից` բարձր ու զայրացած)

Մի րոպէ, Ձմեռ պապ: Էս ի՞նչ է կատարւում էստեղ:

ՁՄԵՌ ՊԱՊ

Հը՞, ի՞նչ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

(Աւելի մօտիկից)

Ամէն մէկին` հերթով, Ձմեռ պապ: Նրանք չեն ստանում իրենց ուզածը: Ջոն հեծանիւ է ուզում:

ՁԱՅՆԵՐ

Ո՞վ է այս մարդը: Խմա՞ծ է: Ի՞նչ է պատահել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ջոյին տուէք իր հեծանիւը: Ալիսին տուէք իր կարմիր համազգեստը եւ չմուշկները: Մի րոպէ´, երեխանե´ր: Մի րոպէ´, Ձմեռ պապ: Բան ունեմ ասելու:

ՈՍՏԻԿԱՆ

(Իջնելով շարքերի միջով)

Տեղիցդ չշարժուե´ս, երիտասա´րդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Լսէ´ք, պարո´ն ոստիկան: Նա չի տալիս նրանց ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ

Շատ լաւ, շատ լաւ, ի´նձ հետեւիր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Մի րոպէ: Որտե՞ղ է Ջոն:

(Բղաուելով)

Ջոյ Բեննեւը՜նթ: Ե´ս կը ճարեմ քո հեծանիւը: Ես հեծանիւը ձեր տուն ուղարկել կը տամ:

ՈՍՏԻԿԱՆ

Հիմա գնացի´նք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Դու ինչպէ՞ս կարող ես նրանց հարցնել, թէ ովքեր են իրենք, որտեղ են ապրում, քանի տարեկան են, ինչի կարիք ունեն, իսկ յետոյ նրանց ճանապարհել այդ ողորմելի փաթեթներով, որոնց մէջ իսկի բան էլ չկայ: Ու՞ր է Ալիսը: Ես քեզ համար չմուշկներ ու կարմիր համազգեստ կը գտնեմ, կը բերեմ:

ՈՍՏԻԿԱՆ

Գնացի´նք, գնացի´նք:

(Նրանց ուրուագծերն հետզհետէ աղօտանում են պարեկատուն շարժուելիս):

Ի՞նչ է պատահել, ա´յ տղայ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Չէ՞ք հասկանում, որ պարտաւոր են տալ նրանց ուզած բաները:

ՈՍՏԻԿԱՆ

Ինչի՞ մասին ես խօսում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ջո Բեննեվընթը հեծանիւ է ուզում: Նա պետք է հեծանիւ ունենայ:

ՈՍՏԻԿԱՆ

Ի՞նչ տարբերութիւն: Հեծանի՞ւ, թէ՞ մի ուրիշ բան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Դա պետք է լինի էն, ինչ նրանք են ուզում, անկախ նրանից, թէ դա ինչ է:

ՈՍՏԻԿԱՆ

Դու պէտք է գետինը մտնէիր Սուրբ Ծննդեան երեկոն այդպէս խափանելու համար, մանաւանդ, որ դա աղքատ, անապահով մանուկների համար էր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Նրանք գործ չունեն նման ձեւով հանդէս անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղր ու ծանակի են ենթարկում: Ջոյի համար կարեւոր է իր հեծանիւը ստանալ, եթե վստահ է, որ ինքը հեծանիւ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպէսզի երջանիկ լինի:

ՈՍՏԻԿԱՆ

Շատ լաւ, դէ մի հեծանի´ւ գտիր նրա համար: Ո՞վ ես դու` Ձմեռ պա՞պ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Չէ´, Ձմեռ պապ չեմ, բայց ես կարող եմ Ջոյի համար ինչ-որ տեղից մի հեծանիւ ճարել:

ՈՍՏԻԿԱՆ

Դու հարբա՞ծ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ո´չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդեան տօնն է, և անկասկած բաւականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնուազն մէկ երեխայ պէտք է ստանայ իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ

Ի՞նչ ես ուզում անել. երեխայի համար հեծանի՞ւ ձեռք բերել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Հա´, բա ոնց: Նա էլ ուրիշ բան չի խնդրել: Ասել է` մի հեծանիւ Տուն ուզող պստիկ մի

աղջիկ կար: Իսկական տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց կարող եմ Ջոյի համար հեծանիւ ճարել: Էդ մանչուկներից գոնէ մէկը պէտք է ստանայ իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ

Լաւ, լաւ: Հասկացայ:

(Վարորդին)

Կանգնեցրու´ աւտոխցիկը, հա՞, Բի´լլ:

(Պարեկը կանգ է առնում)

ԲԻԼԼ

Ի՞նչ է պատահել:

ՈՍՏԻԿԱՆ

Նա ցանկանում է այդ աղքատ երեխաներից մէկի համար գնել այն, ինչ երեխան ուզում է: Հենց այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան մեղադրել: Ես մտադիր եմ նրան դուրս թողնել:

ԲԻԼԼ

Լաւ, Մա´ք: Ինձ համար մէկ է: Հէ՜յ, ախպե´րս, երեխեն ի՞նչ է ուզում որ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Նրա ամբողջ ուզածը մի հեծանիւ է, ընդամէնը դա: Ուրիշ ոչինչ:

ԲԻԼԼ

Ի՞նչ արժէ հեծանիւը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Հոգ չէ, թէ ինչ արժէ: Ես նրա համար կը ճարեմ իր ուզած ցանկացած հեծանիւը:

ՈՍՏԻԿԱՆ

Ի՞նչ է, հարու՞ստ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Չէ´, հարուստ չեմ, բայց աւելին ունեմ, քան պէտք է: Նրա´նք են աղքատ: Դուք չէք կարող նրանց բոլորին տալ էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնէ մէկին տալ էն, ինչ ուզում է:

ՈՍՏԻԿԱՆ

Լա´ւ, առաջ գնանք: Կարծում ես` կը կարողանա՞ս գտնել երեխային:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ես կը գտնեմ նրան: Անունը Ջոյ Բեննեւընթ է:

ՈՍՏԻԿԱՆ

Բեննեւը՞նթ: Դա այն երկու տղաներից մէկի անունը չէ, ում երեք, թէ չորս տարի առաջ խոշոր կողոպուտի համար նստեցրել են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Հա´, կարծեմ դա է:

ՈՍՏԻԿԱՆ

Երեւի նրա եղբօրը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Երեւի:

ՈՍՏԻԿԱՆ

Ի՞նչ էր նրա անունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Նիք:

ՈՍՏԻԿԱՆ

Ճի´շտ է: Նիք Բեննեւընթ: Հա´, կարծում եմ, որ նրա պէս երեխան պէտք է ստանայ իր ուզածը: Լա´ւ, դու կարող ես նրա համար մի հեծանիւ ճարել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Շնորհակալութիւն:

(Դադար)

Շատ շնորհակալ եմ:

(Ցած է իջնում)

ՈՍՏԻԿԱՆ

Չարժէ:

(Դադար)

Նիք…

ԲԻԼԼ

Նի՞ք ասեցիք:

ՈՍՏԻԿԱՆ

Հա´, Նիք Բեննեւընթ: տէ, գնացի´նք:

(Պարեկը քշում, հեռանում է: Լսւում է երթեւեկութեան ձայնը. ավտոմոպիլներ, տրամուայներ, մետրոյի գնացքներ և այլն: Յետոյ` փողոցի մեծաքանակ մարդկանց խուլ աղմուկը):

ԵՐԻՏԱՍԱՐԴ

(Ընդդէմ քաղաքի աղմուկի)

Մի րոպէ, Ձմեռ պապ: Ես ցանկանում եմ խօսել ձեզ հետ: Եւ դուք էլ լսէք, երեխանե´ր:

(Երաժշտութիւն)

Փորձէ´ք չափից շատ բան չուզել, թեեւ կարեւոր չէ, թէ որքան էք ուզում, կամ ինչքան քիչ էք ստանում, սրտաբեկ տուն մի´ գնացէք, որովհետեւ դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտուեց էն, ինչ ցանկանում էիք: Շատ բան ցանկացող շատ մարդ կայ. փորձէք չափից շատ բան չուզել, փորձէք բաւարարուել ձեր ունեցածով, որովհետեւ ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրուած է ապրելու համար, իսկ աշխարհը լաւ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունէք` դպրոց գնալու եւ խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունէք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու եւ քնելու համար. չէ՞ որ ձեզ կեանք է տրուած. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնէ` ամէն Սուրբ Ծնունդին, – բայց վատ մի´ զգացէք դրա համար, որովհետեւ դուք աւելին ունէք, քան որեւէ մէկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ յիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´ հարցրու, թէ ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թէ դու պատրաստւում ես տալու իրենց ուզած ամէն ինչը, իսկ յետոյ բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մէջ, էլի: Փորձիր ցոյց տալ նրանց, թէ որչափ արդէն ունեն, նոյնիսկ եթէ նրանք աղքատ են, նոյնիսկ եթէ իրոք կարիք ունեն թէ´ իսկական տների` ապրելու համար, թէ´ զգեստների, թէ´ ուտելիքի և թէ´ բոլոր միւս բաների: Փորձի´ր քաջալերել նրանց` հաճոյք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հաւատում են քեզ, ուրեմն աշխատեցրու´ ուղեղդ: Եթէ չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թէ որքան արդէն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պէս. նրանք քեզ հաւատ են ընծայում, նրանք հաւատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամէն, ամէն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դէպքում փշրուած սրտերով չեն վերադառնայ իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտաւոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտաւոր ես նրանց տեղեկացնել, որ կարեւոր չէ` ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, եւ դու պէտք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եւ դու պարտաւոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպուած չեն «ինչ-որ բաներ» տալ. «ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լաւ բաները, որոնք կարող են տրուել, չեն կարող գնուել: Լաւ բաները ծնւում են մարդկանց մէջ, եւ դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցուելուն: Եւ մարդկանց նուիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդեան տօնի լոյսերն աւելի պայծառ չեն, քան ձեր սեփական լոյսերը: Աշխարհում աւելի հրաշալի նուէր չկայ, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում էք` ես սիրում եմ քեզ: Չկան աւելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող եւ ուրիշներին սէր պարգեւող ձեր իսկ սրտերը: Աւելի հանդիսաւոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ յիշում էք` աւելի լաւն էին. աւելի լաւ` տալը, քան ստանալը: Իսկ ձեզնից ամէն ոք կարող է տալ: Ձեզնից իւրաքանչիւրը մի-մի միլիոնատէր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծայ աւելի թանկարժէք չէ, որքան էն, ինչ տալիս էք ձեր ունեցածից: Եւ ինչքան շատ տաք, էնքան շատ կը ստանաք: Սպասէ´ք, երեխանե´ր: Արդէն գիտէք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու եւ գուցէ նոյնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թէ ձեզնից իւրաքանչիւրը միշտ ինչ պէտք է տար եւ ստանար ու գուցէ մտածէք, թէ ինքներդ էլ չէք ստացել էդ լաւ բաները, երբ երեխայ էք եղել: Դուք պարտաւոր էք իմանալ, որ լաւ բանը ձեզ համար, մեզնից իւրաքանչիւրի համար միայն էն է, թէ մեզնից ամէն մէկն ինչ պէտք է տայ, իսկ մեզնից ամէն մէկը շատ մեծ գործ ունի անելու` աւելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտաւոր էք դա իմանալ, երեխանե´ր: Եթէ երբեւէ ցանկանում էք երջանիկ լինել, դուք պէտք է սկսէք էդ մեծ գործն էսօրուանից:

Առած-ասացվածքներ

Առած-ասացուածք, Ժողովրդական բանահիւսութեան փիլիսոփայական ժանրի ստեղծագործությիւն։ Հակիրճ և դիպուկ խոսքով բնորոշում է կյանքի որևէ երևույթ։

Աղուեսի վկան իր պոչն է։

Ամէն բանի վերջն է գովելի։

Ամառը որ պառկես հովեր , ձմեռը կսատկեն կովեր։

Այծն այծի համար լաւ է, քան մի հօտ ոչխարը։

Անտէր ոչխարը գայլը կուտի։

Աշխատանքը սեւ է , հացը՝ սպիտակ։

Ասայ ով է ընկերդ, ասեմ ով ես դու։

Ամէն անգամ գետը գերան չի բերի։

Ամէն շուն իր դռանն է հաչում։

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ։

Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկութիւնը մարդուց կուզեն։

Աչքը շինելու փոխարէն, հոնքն էլ հանեցին։

Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը:

Աջով տուր, որ ձախով վերցնես։

Առանց սիրոյ սիրտ չկայ։

Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքիցդ մի գցիր։

Արգելուած պտուղը քաղցր է։

Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։

Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժուար։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Բերնէ-բերան, հազար բերան, ասեղը կդառնայ գերան։

Գայլի գլխին աւետարան կարդացին,— շուտ արէք,— ասաց,— ոչխարը գնաց։

Գիշեր չի եղել, որ չի լուսացել։

Գիւղ կանգնի, գերան կկոտրի։

Գործը վաղուան մնաց, իմացիր՝ կորաւ գնաց։

Ես աղայ, դու աղայ, բայ մեր աղունն ո՞վ աղա։

Ես գանձ եմ ասում, նա տանձ է հասկանում։

Երեխային գործի դիր, ետեւից գնայ։

Երկաթը տաք-տաք կծեծեն։

Երկու նապաստակի ետեւից ընկնողը ոչ մեկին չի բռնի։

Երկու շուն կռվեցին, ճամփորդի գործը յաջողեց։

Ընկերովի մահը հարսանիք է։

Թռչունը թեւով է թռչում, մարդու համբաւը՝ գործով։

Ժամանակը ոսկի է։

Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացաւ, էլ չի քնի։

Ժողովրդի ձայնը թնդանոթի ձայնից ուժեղ է։

Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի։

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի մազը տեսնում է։

Լաւ աշխատողին՝ լավ ապրուստ։

Խելոքին մէկ, անխելքին հազար ու մէկ։

Ծառի տակ պառկելով բերանդ տանձ չի ընկնի:

Կարմիր կովն իր կաշին չի փոխի։

Կռվի մէջ չիր ու չամիչ չեն բաժանում։

Հագուստի նորն է լաւ, ընկերոջ՝ հինը։

Ձուկը ջրում առեւտուր չեն անում։

Ճտերն աշնանը կհաշուեն։

Մարդ որ մտքին դնի, սարը սարին կդնի։

Մէկ խոսիր, տասը լսիր։

Մի խելքը լաւ է, երկուսն՝ աուելի։

Մի ձեռքը ծափ չի տայ։

Մոտիկ հարեւանը լաւ է, քան հեռու բաեկամը։

Մուկը ծակը չէր մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:

Պուտակն ասաց,— տակս ոսկի է,— շերեփն ասաց,— բայ ես որտեղի՞ց եմ գալիս:

Ստի ոտքերը կարճ են։

Քեզ նեղ արայ, ընկերոջդ տեղ արայ։

Հեքիաթներ երեւակայութիւնը խթանելու համար

Շոկոլադէ ճանապարհը։ Ջանի Ռոդարի

Այդպէս մի անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բառլետտայից: Ոչ ոքի բախտը դեռ այդպէս չէր բերել, եւ ով գիտէ, էլ այդպիսի բան կլինի՞, թէ՞ ոչ:

Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս եւ մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն եւ ամբողջովին շագանակագոյն:

-Հետաքրքիր է, ինչից է պատրաստուած այս ճանապարհը,-զարմացաւ մեծ եղբայրը:

— Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- նկատեց միջնեկ եղբայրը:
— Ասֆալտի էլ նման չէ,-աւելացրեց փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, յետոյ ծնկի իջան եւ սկսեցին լպստել ճանապարհը: Պարզուեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադէ սալիկներից էր պատրաստուած: Եղբայրներն, իհարկէ, իրենց չկորցրին եւ սկսեցին ուտել այն: Կտորը կտորի հետեւից ուտելով՝ եղբայները չնկատեցին, թէ ինչպէս մութն ընկաւ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Այդպէս կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չմնաց: Կարծես թէ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացաւ մեծ եղբայրը:

— Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:

— Եւ իհարկէ մենք Մոլետտեում չենք,-աւելացրեց փոքր եղբայրը:

Մոլորուեցին եղբայրները, չգիտէին ինչ անել: Իրենց բախտից մի գիւղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր վերադառնում:

— Եկէք ձեզ տուն տանեմ,-առաջարկեց գիւղացին: Եվ տարաւ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մօտ:

Տղաները իջան սայլակից եւ տեսան, որ այն ամբողջովին թխուածքաբլիթներից է պատրաստուած: Շատ ուրախացան եւ առանց երկար-բարակ մտածելու սկսեցին ագահորէն ուտել այն: Սայլակից էլ ոչինչ չմնաց, նոյնիսկ անիվները կերան:

Թարս հարցեր. Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղայ, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկէ, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրութիւնը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպէս պատասխանում.

_Դարակները նրա համար են, որ նրա մէջ որեւէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ եւ այլն:

_Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ շարժում էին գլուխները եւ հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թէ՝

_Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ, եւ այն էլ՝ ոչ թէ սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց յետոյ էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին յուսահատուելով՝ թարս ինչուիկը տեղափոխուեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց եւ այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մէջ, իսկ յետոյ մեծ տանջանքով աշխատում գտնել նրանց պատաս­խանները: Սակայն ամբողջ կեանքում նա այդպէս էլ երբեք չգտաւ իր հարցերի պատասխան­ները:

Եւ ինչպէ՞ս գտներ, եթէ նրա տետրում գրուած էր. «Ինչո՞ւ ստուերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարէջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մօրուքն աճեց, մի երկա՜ր մօրուք դարձաւ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարէն նա հորինում էր նոր հարց. «Ինչո՞ւ մօրուքը դէմք ունի»:

Երբ նա մեծացավ եւ մեռաւ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կեանքը եւ կատարեց զարմանալի յայտ­նագործութիւն. պարզուեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարս հագնել եւ այդ­պէս էլ հագնում էր իր ողջ կեանքում: Հենց այդ պատճառով էլ մինչեւ վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Զզզզզզզզզզ․․․ Դոնալդ Բիսեթ

Ապրում էր, չէր ապրում, աշխարհում մի հսկայ կետ էր ապրում․ անունն էլ՝ Նիքի։ Նա այնքան մեծ էր, այնքան մեծ, որ քթի ծայրից մինչեւ պոչի ծայրը ձեռք-ձեռքի տուած կարող էին կանգնել երեսուներեք տղաներ ու աղջիկներ։ Ի՞նչ եք կարծում, ամենից շատ ի՞նչ էր սիրում Նիքին։ Իհարկե, մեղր։

Նիքին մի ընկերուհի ուներ, որի անունը Զզզզզզզ էր։ Այդ Զզզզզզզը սովորական մի ճանճ էր ու ապրում էր խոհանոցում, մայրիկի մօտ։

Մի անգամ Զզզզզզզը զբոսանքի դուրս եկաւ առաստաղի վրայ եւ յանկարծ խոհանոցային սեղանի վրայ նկատեց մայրիկի թողած երկտողը․

Զզզզզզզ
զզզվելի,
սա քո տունը չէ։
Զզզզզզզը առաստաղից ցած թռաւ, նստեց խոհանոցային սեղանի վրայ ու կարդաց երկտողը․

Զզզզզզզ
զզզվելի,
սա քո տունը չէ։

«Չէի ասի, թե սիրալիր հիւրընկալութիւն է,— մտածեց Զզզզզզզը։— Ի՞նչ արած, կթռչեմ Նիքիի մօտ։ Համենայն դէպս, նա հարգում է ինձ»։

Զզզզզզզը հրաժեշտ տուեց Մուրմի փիսիկին ու դուրս թռաւ պատուհանից։ Այգում նա տեսաւ մեղուներին։

«Երանի մեղու լինէի,— մտածեց նա,— մեղր կհաւաքէի»…

Բայց նա բնաւ էլ մեղու չէր եւ մեղր հաւաքել չգիտէր։ Նա շատ էր ուզում Նիքիին մեղրով հիւրասիրել։ Նստեց վարդի թփին ու սկսեց մտորել, թէ ինչպէս մի ելք գտնի։ Քիչ անց նրա կողքին նստեց վաղեմի ընկերուհի մեղուն, որի անունը Ժժժժժժժ էր։

— Ինչի՞ մասին ես մտածում, Զզզզզզզ,— հարցրեց մեղուն։

— Ես ուզզզում եմ քիչ մեղր ճարել,— ասաց Զզզզզզզն,— իմ բարեկամ Նիքիի համար։ Ես հիմա նրա մօտ եմ ապրելու եւ շատ կուզզզենայի անպայման մեղր նուիրել։ Բայց որտեղի՞ց մեղր ճարեմ՝ չգիտեմ։

— Դրանից հեշտ բան չկայ,— ասաց Ժժժժժժժը եւ ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։

Զզզզզզզը շատ գոհ մնաց եւ շտապեց թռչել դեպի ծով, որտեղ ապրում էր Նիքին։

Նա տեղ հասաւ այն ժամանակ, երբ Նիքին ճաշից յետոյ ննջում էր։

Զզզզզզզը իջաւ կետի մեջքին՝ զգուշ, շատ զգուշ, ոտքերի ծայրերի վրայ, որպեսզի յանկարծ չարթնացնի նրան։ Յետոյ կողքին դրեց սափորը, վերցրեց կափարիչն ու սպասեց։

Շուտով հեռուներից նրան հասաւ մի ժժժժժժժոց։ «Ժժժժժժժ»-ը գնալով սաստկացաւ, սաստկացաւ ու սաստկացաւ եւ, վերջապէս, երեւաց մեղուն։

Մեղուն թռաւ մօտեցավ սափորին եւ մի կաթիլ մեղր կաթեցրեց։ Նրա ետեւից ուրիշ մեղուներ էլ եկան, եւ ամէն մէկը մի կաթիլ մեղր կաթեցրեց։ Մեղուների մի վիթխարի բանակ եկաւ, եւ շուտով սափորը բերնեբերան լցուեց մեղրով։ Յետոյ մեղուները հրաժեշտ տւեցին Զզզզզզզին եւ տուն վերադարձան։

Մինչ այդ Նիքին էլ արթնացաւ։ Տեսնելով մեղրով լի սափորը, որը Զզզզզզզի բերած նուերն էր, նա բերանը լայն բացեց, եւ Զզզզզզզը ամբողջ մեղրը լցրեց նրա բերանը։

— Ինչ համե՜ղ է,— ասաց Նիքին եւ ամուր-֊ամուր համբուրեց Զզզզզզին

Զզզզզզզը նստում էր կետի քթին, Նիքին բաց էր թողնում շատրուանը, եւ Զզզզզզզը ջրացայտերի հետ նետուում էր դեպի վեր։

Իսկ հանդիպող նաւերի նաւապետերը հեռադիտակով նրանց էին նայում ու ասում․

— Այդ ճանճը ինչ լաւ է զուարճանում։

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»—ով։ Ջաննի Ռոդարի

Այո՜, Ջովանինոյ Անբանը յայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց եւ յայտնուեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսւում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարէն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը եւ ուղղակի տուեց Ջիուանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալուեցիր: Սա Չդանակ է, աւելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչէց Ջիուանինոն – ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ, մենք Չկախիչ էլ ունենք:

_Այսինքն՝ ուզում էք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպէս, ինչպէս ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթէ բան չունենամ կախելու: Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրայ ամէն ինչ արդէն կախուած է: Քեզ վերարկո՞ւ է հարկաւոր` գնայ եւ վերցրո՛ւ: Եթէ ինչ- որ մէկին պիջակ է պէտք, էլ պէտք չէ վազել խանութ` գնելու համար: Պէտք է միայն մօտենալ Չկախիչին եւ վերցնել նրանից պիջակը: Մենք ունենք եւ՛ ամառային, եւ՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդկանց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լաւ միջոց է:

_ Լա՜ւ, էլ ի՞նչ կայ:

_Հա՜, մենք նաեւ Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարէն մուլտֆիլմեր է նկարում եւ մարդկանց ուրախացնում: Ունենք նաեւ Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ի՞նչ ես ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպէ՞ս թէ, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթէ յանկարծ պատերազմ է սկսւում, մենք անմիջապէս Չշեփոր ենք փչում եւ կրակում Չհրացանից, եւ պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ի՜նչ հրաշալի է այս երկիրը, որտեղ ամէն ինչ սկսւում է «Չ»-ով:

« Լացել» բառը։ Ջաննի Ռոդարի

Այս պատմութիւնը դեռ տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենայ Վաղը: Դէ լսէք: Այդ օրը, որ կոչւում է «Վաղը», մի ծեր ուսուցչուհի զոյգերով կանգնեցնում է իր աշակերտներին եւ տանում Անցեալի Թանգարան: Անցեալի Թանգարանում հին իրեր են ցուցադրում: Դրանք արդէն ոչ ոքի պէտք չեն։ Օրինակ՝թագաւորական թագ, թագուհու երկայնափեշ, տրամվայ եւ նման բաներ։
Մի փոքրիկ փոշոտված ցուցասեղանին՝ ապակու տակ, դրուած էր «լացել» բառը։ Վաղւա աշակերտները կարդացին բառը, բայց բան չհասկացան։
— Սինեորա, ի՞նչ է սա։
— Հաւանաբար հին զա՞րդ։

Ուսուցչուհին բացատրեց երեխաներին, որ առաջ, շատ-շատ վաղուց, այս բառը շատ են օգտագործել, այն մարդկանց դժբախտութիւն է բերել։ Նա ցոյց տուեց մի ապակէ անօթ եւ ասաց, որ դրա մէջ արցունքներ են պահում։ Գուցէ դրանք թափել է մի դժբախտ ստրուկ, որին տէրը ծեծել է կամ էլ ինչ-որ տղայ, որ անտուն է մնացել։
— Արցունքները նման են ջրի, – ասաց աշակերտներից մէկը։
— Այո, բայց դրանք այրում են, – պատասխանեց ուսուցչուհին։
— Հա՜, երեւի դրանք օգտագործելուց առաջ եռացնում են, – գուշակեց ինչ-որ մէկը։
Ոչ, այս աշակերտները ոչինչ չէին հասկանում։ Ի վերջոյ շատ ձանձրալի դարձաւ այդ ցուցասրահում։ Այդ ժամանակ ուսուցչուհին նրանց տարաւ թանգարանի միւս ցուցասրահներ, որտեղ նրանք տեսան իրենց համար աուելի ծանօթ իրեր՝ բանտաճաղեր, պահակաշան խրտուիլակ, կողպէք եւ այլն։ Այդ բոլորը իրեր էին, որոնք վաղուց արդէն չկան Վաղւա ամենաերջանիկ երկրում։

«Բի» մոլորակը

«Բի» մոլորակի վրայ գրքեր չկան: Գիտելիքներն այնտեղ վաճառում եւ գնում են շշերի մէջ: Պատմութիւնն, օրինակ, վարդագոյն ջուր է, նռան հիւթի նման, աշխարհագրութիւնը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականութիւնը անգոյն յեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրայ դպրոցներ չկան: Ամէն մէկն իր տանն է սովորում: Առաւօտեան բոլոր երեխաները, կախուած տարիքից, պէտք է մի բաժակ պատմութիւն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկայ ուտեն եւ այդպէս՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ էք, այսքանից յետոյ երեխաները դեռ կամակորութիւն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թէ դու չգիտես, թէ ինչքան համեղ է կենդանաբանութիւնը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակութիւնը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է եւ վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա եւ անմիջապէս սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնւում է խոտով եւ մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
— Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դէ, ինչ պիտի անի: Նա մի թեթեւ գուշակում է, որ խօսքը կենդանաբանութեան մասին չէ, այլ՝ ձկան իւղի, բայց յետոյ հաւաքում է իրեն, փակում է աչքերը եւ ծափահարութիւնների ներքոյ մի կումով կուլ է տալիս դասը:

Այնտեղ կան նաեւ ջանասէր աշակերտներ, կան աշխատասերներ եւ նոյնիսկ՝ ուսման ծարաւներ: Նրանք արթնանում են կէսգիշերին, զգոյշ վերցնում են պատմութեան շիշը եւ խմում մինչեւ վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթուած են դառնում:

Մանկապարտէզ յաճախող երոխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են յիշեցնում եւ պարունակում են մի քանի պարզ բանաստեղծութիւն, շաբաթվայ օրերի անուանումները, մէկից մինչեւ տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի կոնֆետ տվեց յիշատակ: Ես այն իմ աղջկան տուեցի, եւ նա անմիջապէս սկսեց «Բի» մոլորակի լեզւով գրուած ծիծաղելի բանաստեղծութիւն կարդալ: Այն մօտաւորապէս այսպէս էր հնչում.

Անտայ, անտայ, պերոյ պերոյ,
Պինտայ պինտայ, պիմ պերոյ:

Գիտէ՞ք, որ․․․

Ինչո՞ւ այբբենարան

Դուք արդէն գիտէք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել հայկական գրերը: Բայց գիտէ՞ք, որ նա է գրել մեր մանուկների առաջին դասագիրքը` առաջին «Այբբենարանը»:

Դուք գիտէք իհարկէ, թէ ինչ բան է «Այբբենարանը»: Բայց գիտէ՞ք, թէ ինչու է կոչւում «Այբբենարան»: Այդպէս է կոչւում, որովհետեւ մեր առաջին տառը «այբ»- ն է, իսկ երկրորդ տառը` բեն»-ը, այս պատճառով էլ հայոց լեզուի առաջին դասարանի գիրքը կոչւում է «Այբբենարան», ինչպէս որ տառերի շարքն էլ կոչւում է «Այբուբեն»։

Որտեղի՞ց է եկել ,,գրողի տարած,, արտահայտութիւնը

Դուք, հաւանաբար, ձեր տատիկներից լսած ու գրքերում էլ կարդացած կլինէք մի խօսք, որ անէծքի նշանակութիւն ունի: Այդ խօսքն է. «Գրողը տանի»:

Գիտէ՞ք, որ անէծքի մէջ հիշուածը այն գրողը չէ, որ ձեզ համար գեղեցիկ ոտանաւորներ ու պատմուածքներ է ստեղծում: Անէծքի մէջ հիշուած «գրողը» ունի «սատանայի», «դեւի», «չարքի» իմաստ:

Իսկ գիտէ՞ք, թէ ինչից եւ ինչպէս է ստացուել այս նմանութիւնը:

Մեր պապերի պապերը դարեր առաջ ունէին մի կրօն, որն ունէր ոչ թէ մէկ , այլ շատ աստուածներ: Նրանցից մէկն էլ Տիրն էր, որ մահուան աստուածն էր: Նա իբրեւ թէ իր առջեւ դրուած ունէր մի մեծ տետր, թանաք ու գրիչ: Մեր հեռաւոր պապերը հաւատում էին, որ մեռնում է այն մարդը, ում անունը Տիրը գրում է իր տետրակի մէջ: Ահա, թէ որտեղից է գալիս «գրողը քեզ տանի» («գրողի տարած») անէծքը:

Ինչպէ՞ս է առաջացել դպրոցը

Դուք շատ լաւ գիտէք, թէ ինչ է «դպրոց»: Իսկ գիտէ՞ք, որ «դպրոց»-ը կրճատուած բառ է: Նրա լրիւ ձեւն է «դպրանոց», այսինքն` դպիրների սովորելու տեղը: Դպիր էին կոչւում գրել- կարդալ իմացող մարդիկ, գրագէտները, քարտուղարները, նաեւ գրողները: Եվ քանի որ «դպիր» նշանակում է նաեւ գրող, ապա գրականութիւնն էլ դարեր շարունակ կոչւում էր «դպրութիւն»:

Ինչո՞ւ քերականութիւն

Թէ ինչ բան է «քերականութիւն», դուք լաւ գիտէք: Բայց ինչո՞ւ է նա կոչւում «քերականութիւն» եւ դա կապ ունի՞ «քերել» բայի հետ: Դուք կզարմանաք, եթէ իմանաք, որ «քերականութիւնը» ոչ միայն կապ ունի, այլ հենց առաջացել է «քերել» բայից:

Իսկ դուք գիտէ՞ք, որ հին դարերում թուղթ գոյութիւն չունէր: Մեր հեռաւոր պապերը գրում էին ոչ թէ թղթի, այլ մագաղաթի վրայ: Մագաղաթը հատուկ մշակութեամբ պատրաստում էին գառան, ոչխարի հորթի կաշուից` վրան գրելու համար: Բայց մագաղաթն էլ միշտ չի եղել: Մագաղաթից առաջ մարդիկ միշտ գրել են հում կամ թրծած աղիւսների վրայ, քարերի վրայ: Իսկ աղիւսի կամ քարի վրայ ոչ թէ գրել է պէտք, այլ «փորագրել», եւ գրելու համար պէտք է ոչ թե մատիտ, կամ գրիչ, այլ մի այնպիսի սուր բան, որով հնարաւոր կլինի փորագրել աղիւսի կամ քարի վրա:

Իմացէք նաեւ, որ հին ժամանակներում գրատախտակի դեր էր կատարում հարթեցրած մեղրամոմը, ուրեմն ոչ թէ կաւճով էին գրում, այլ ինչ-որ սուր մի գործիքով:

Այս բոլորն իմանալուց յետոյ վերադառնանք «քերել» բային եւ հիշենք, որ քերել նշանակում է որեւէ սուր բանով փոսացնել, մէկ ուրիշ բան քերծել, խազել, փորագրել: Ուրեմն, հին ժամանակներում «քերել» ասելով հասկացւում էր մօտաւորապէս այն, ինչ մենք հասկանում էնք գրել ասելով:

Հիմա հասկացանք, թէ ինչու ճիշտ գրելու (եւ խոսելու) գիտութիւնը կոչւում է «քերականութիւն», իսկ քերականութիւն լաւ իմացողը` «քերական» կամ «քերականագետ»:

Ինչո՞ւ է գրականութիւնը կոչուել քերթութիւն

Գրականութիւնը դարեր շարունակ կոչուել է նաեւ «քերթութիւն», ինչպէս որ գրողին ու բանաստեղծին էլ դարեր շարունակ կոչել են «քերթող», իսկ նրանց գրածները` «քերթուածք»:

«Քերել»-ու ուժեղացված ձեւն է «քերթել»-ը: Մենք արդէն գիտենք, որ հին ժամանակներում «քերել» նշանակում էր` «գրել», ուրեմն՝ նույնն էր նշանակում նաեւ «քերթել»-ը: Ահա թե ինչու դարեր շարունակ բանաստեղծութիւնը, գրական ստեղծագործութիւնը կոչվել է քերթուածք, բանաստեղծները, գրողները (ինչպես նաեւ պատմագիրներն ու քերականագէտները) կոչվել էն քերթող, իսկ գրականութիւնն ընդհանրապես` քերթութիւն:

Ո՞վ է ստեղծել հայերէնի կետադրական նշանները

Իսկ դուք գիտէ՞ք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել ոչ միայն մեր գրերը, այլեւ մեր կէտադրական նշանները: Դուք չէք կարող չիմանալ, որ կէտադրական այդ նշանների մի մասը կա նաեւ ուրիշ լեզուների մեջ (օրինակ` ստորակէտը, միջակէտը, վերջակէտը, փակագիծը, չակերտը եւ այլն):

Բայց դուք գիտէ՞ք, որ մեր կէտադրական նշանների մի մասը ունի միայն մեր լեզուն: Օրինակ, ուրիշ ոչ մի լեզուի մեջ հարցական եւ բացականչական նշանները չունեն այն ձեւը եւ չեն դրւում այնպէս, ինչպէս մենք ենք անում: «Բութ» կոչված նշանը նույնպէս զուտ հայկական է:

Իսկ դուք ուշադրութիւն դարձրե՞լ էք մեր կէտադրական նշանների անունների վրա: Եթէ մի փոքր մտածէք, իսկոյն կհասկանաք իհարկէ, թէ ինչու է «միջակէտը» կոչւում «միջակէտ» (որովհետեւ դրւում է տողի մեջտեղում), իսկ «ստորակէտը»`«ստորակէտ» (որովհետեւ դրւում է տողից ներքեւ, տողի ստորին մասում):

Այս ձեւով մի փոքր մտածելուց հետո դուք կարող էք հասկանալ մեր կէտադարական բոլոր նշանների անունները, բացի թերեւս «չակերտից»: Իսկապես, ի՞նչ է նշանակում «չակերտ»:

«Այբբենարան» բառի բացատրութիւնից դուք արդէն գիտէք, որ մեր տառերն ունեն իրենց անունները` «ա»-ն` «այբ», «բ»-ն` «բեն» եւ այլն: Մեր «չ» տառի անունն է` «չա»: Իսկ կերտել նշանակում է` «շինել, սարքել, ստեղծել», ինչպէս որ «կերտ» նշանակում է «շինուած, սարքուած , ստեղծուած»: Այսպիսով, «չակերտ» նշանակում է «չա»-ի ձեւով , այսինքն` «չ» տառի ձեւով սարքուած-ստեղծուած:

Եւ իսկապէս էլ, եթե ուշադրութեամբ նայէք «չակերտ» նշանին, ապա կտեսնէք, որ նա այլ բան չէ, քան մեր «չ» տառը` փոքր-ինչ ձեւափոխուած վիճակում:

Փոփոխություններ այբուբենում

5-րդ դարից մինչեւ օրս մաշտոցեան այբուբենի մէջ կատարուել են չնչին փոփոխութիւններ։ 12-րդ դարում աւելացան օ /օ=աւ երկհնչիւնին/ եւ ֆ տառերը։ Վերջինիս փոխարէն փոխառեալ բառերում գրւում էին փ կամ հ։ Ահա ինչու ունենք Ռաֆայել եւ Ռափայել, դելֆին և դելփին ձեւերը։

1922թ գործածութիւնից հանուեց ւ տառը, որի փոխարէն գրվեց վ ։

Հայերէնը 10 լեզուներից մէկն է․․․

Հայերէնը այն 10 լեզուներից է, որոնցով ամէնից վաղ են տպագրական տառեր ձուլուել․ գերմաներէն, իտալերէն, ֆրանսերէն, ֆլամանդերէն, եբրայերէն, արաբերէն, անգլերէն, սլաւոներէն։

Առաջին հայ տպագիր գիրքը լոյս է տեսել Վենետիկում 1512 թվին, Ուրբաթագիրք բժշկարանը, տպագրական գիւտից 57 տարի յետոյ։ Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է։

Փոխառութիւններ

Լեզուները ժամանակի ընթացքում իրարաից փոխ են առնում բառեր։
Հայերէնում գործածական էկրան, սեանս, բալետ, սոսինսկի, սալաթ, լիմոնադ, կոտլետ, պիւրե, կոստիւմ բառերը փոխ են առնված ֆրանսերէնից։

Նեյլոն, ջեմպր, պիջակ, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս սպորտ, ռլս, տրամվայ, կոմբայն, տանկ, միտինգ բառերն ունեն անգլիական ծագում։

Հատկապես երաժշտական տերմինները փոխառութիւններ են իտալերէնից՝ օպերա, կվարտետ, ադաջո, արիա, բաս, տենոր, կոնտատկտ, սոնետ եւ այլն։

Ճապոնիա, Աուստրիա, Ասիա, Եւրոպա աշխարհագրական անունները տարբեր լեզուներում տարբեր բաներ են նշանակել։ Ճապոնիա չինարէն՝ արեւի դուրս գալը, Գերմանիան կազմուած է ost-արեւելք եւ reich- թագաւորութիւն բառերից, Ասիա փիւնիկերէն, ասորերէն նշանակել է արեւելք, Եւրոպա՝ փիւնիկերէն՝ արեւմուտք։

Թեեւ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է թուրք-թաթարական ժողովուրդների հարեւանութեամբ, փոխ է առել մօտ 20 բառ ՝ եար, սուաղ, մեխ, տոպրակ, բեղ, երշիկ․․․

Կոպեկ բառը ծագում է ռուսերէն կոպյե՝ նիզակ բառից։ Առաջին դրամների վրա պատկերուած էր նիզակով հեծեալ, եւ այդ դրամներն անուանում էին կոպեյնիե։

Ռուբլի բառը ծագում է ռուսերէն ռուբիծ՝ կտրել բառից։ Հին ժամանակներում սլաւոնները դրամի փոխարէն ունեին ոսկու կամ արծաթի կտորներ, որոնք կտրում էին, եթէ պահանջւում էր։

Ռոբոտ բառը առաջին անգամ օգտագործել է չեխ գրող Չապեկը։ Նշանակում է ամենածանր աշխատանք կատարող։

Դեմոկրատ բառը հունարէն դեմոս բառից է, որը նշանակում է ժողովուրդ, իսկ կրատ՝ իշխանութիւն-կրատոս։

Կինոն հունարէն բայի խոնարհուած ձեւ է, որ նշանակում է շարժում են։ Կինոնկար՝ շարժանկար։

Բալետ ֆրանսերէն եւ լատիներէն նշանակում է պարել։

Օպերա՝ իտալերէն նշանակում է ստեղծագործութիւն, լատիներէն՝ աշխատանք։

Անսամբլ բառը ֆրանսերէնում նշանակում է միասին։

Աւանգարդ բառը ֆրանսերէն բառ ՝ աւանտ-առաջ եւ գարդե՝ պահող ջոկատ։

Մետրոյ բառի ամբողջական ձեւը մետրոպոլիտենն է, որը անգլիական ֆիրմայի անուն է, ով առաջինը կառուցեց ստորգետնեա երկաթուղի։ Ֆրասերէնում կրճատուեց եւ դարձաւ՝ մետրոյ։

Ալբոմ բառը լատիներէն է՝ ալբուս, որը նշանակում է սպիտակ։ Ալբոմն ունի սպիտակ, մաքուր թերթեր։

Ինչպէ՞ս են առաջացել ամիսների անունները

Ամսանուններն ունեն հռոմեական ծագում։ Հնում Նոր տարին սկսվում էր մարտի 1-ից եւ տարվայ առաջին ամիսը կոչւում էր պատերազմի աստուած Մարսի անունով։ Ապրիլ նշանակել է բացող, սկսող, քանի որ գարունը սկսվել է ապրիլից։

Գարնան աստուած Մայնի անունով է կոչուել մայիսը։

Պտղաբերութեան աստուած Հունոնի անունը տրվել է Հունիս ամսին։ Հուլիոս Կէսարի անունով է կոչուել հուլիսը, իսկ Օգոստոս միապետի անունով՝ Օգոստոսը։

Սեպտեմբեր նշանակում է 7-րդ, հոկտեմբեր՝ 8-րդ, նոյեմբեր՝ 9-րդ, դեկտեմբեր՝ 10-րդ։

Այս ամիսները հաշուել են մարտից։

Եանուս Աստծոյ անունով կոչուել է հունուարը։ Իսկ փետրուարը եղել է մեռածների յիշատակներին նուիրուած ամիս։

Հատուկ անունները՝ հասարակ անուններ

Հատուկ անունները կարող են դառնալ հասարակ։ Անձի անունով կարող է կոչուել նրա գիւտը, ստեղծագործութիւնը։ Ռենտգենեան ճառագայթները հայտնագործեց Ռենտգենը։ Էլեկտրականութեան դիմադրութեան, հոսանքի ուժի, լարվածութեան չափման միաւորները՝ ոլտ, օհմ, ամպեր առաջացել են գիտնականների անուններից։ Մեկենասը՝ գրական գործի հովանաւորող, ազնվական Մեկենասի անունն է։ Ֆրենչը անգլիական ֆելդմարշալ է եղել, Մաուզերը զէնք հնարողի անունն է։

Հասարակ անունները՝ հատուկ անուններ

Շատ հայ ազգանուններ կազմվել էն այն մասնագիտութեան անունից, որով զբաղվել է տվեալ անձը կամ նրա պապերը։ Օրինակ՝ Դարբինեան, Ջուլհակեան, Հացագործեան, Կոշկակարեան, Դուրեան եւ այլն։

Գրական հերոսների անունները կարող էն նշանակել նրանց բնորոշ հատկանիշը եւ դառնալ հասարակ։ Օրինակ՝ նազար՝ վախկոտ, բախտախնդիր, փանոս՝ ձախորդ, դոն-ժուան՝ կնամոլ, Դոնկիխոտ՝ արդարութեան համար պայքարող եւ այլն։

Ինչո՞ւ մայր լեզու, ինչո՞ւ հայրենիք․․․

Հին, նախնադարյան ժամանակներում տիրապէտողը եղել է կինը, մայրը։ Կինն էր ղեկաւարում ընտանիքի, գերդաստանի, տոհմի կենցաղային, տնտեսական կեանքը։ Տղամարդը, ամուսինն էր ,,հարս,, գնում։ Երեխան մօր անունով էր ճանաչւում։ Այդ շրջանը գիտնականները կոչել են մայրիշխանութիւն։ Մայրը ոչ միայն իր կաթն էր տալիս երեխային, այլեւ իր անունը, ծագումը, խօսքը։ Այդ է պատճառը, որ այդ խօսքը կոչւում է մայր լեզու, մայրենի։ Գլխաւոր գետերը կոչւում են մայր գետեր, ցամաքները՝ մայր ցամաք, գլխավոր ուղիները՝ մայրուղի․․․

Սակայն կնոջ իշխանութիւնը անընդհատ լինել չէր կարող։ Տղամարդու դերը, ֆիզիկական ուժի կարեւորութիւնը գնալով մեծանում էր։ Սկսուեց հայրիշխանութիւնը։ Այստեղից էլ՝ հայրական տուն, հայրենիք, հայրենասիրութիւն․․․

Հեքիաթ՝ պատմելու համար

Հազարան բուլբուլը: Ղազարոս Աղայան