Զզզզզզզզզզ․․․Դոնալդ Բիսեթ

Ապրում էր, չէր ապրում, աշխարհում մի հսկա կետ էր ապրում․ անունն էլ՝ Նիքի։ Նա այնքան մեծ էր, այնքան մեծ, որ քթի ծայրից մինչեւ պոչի ծայրը ձեռք֊ձեռքի տված կարող էին կանգնել երեսուներեք տղաներ ու աղջիկներ։

Ի՞նչ եք կարծում, ամենից շատ ի՞նչ էր սիրում Նիքին։ Իհարկե, մեղր։

Նիքին մի ընկերուհի ուներ, որի անունը Զզզզզզզ էր։ Այդ Զզզզզզզը սովորական մի ճանճ էր ու ապրում էր խոհանոցում, մայրիկի մոտ։

Մի անգամ Զզզզզզզը զբոսանքի դուրս եկավ առաստաղի վրա եւ հանկարծ խոհանոցային սեղանի վրա նկատեց մայրիկի թողած երկտողը․

Զզզզզզզ
զզզվելի,
սա քո տունը չէ։

Զզզզզզզը առաստաղից ցած թռավ, նստեց խոհանոցային սեղանի վրա ու կարդաց երկտողը․


Զզզզզզզ
զզզվելի,
սա քո տունը չէ։

«Չէի ասի, թե սիրալիր հյուրընկալություն է,— մտածեց Զզզզզզզը։— Ի՞նչ արած, կթռչեմ Նիքիի մոտ։ Համենայն դեպս, նա հարգում է ինձ»։

Զզզզզզզը հրաժեշտ տվեց Մուրմի փիսիկին ու դուրս թռավ պատուհանից։ Այգում նա տեսավ մեղուներին։

«Երանի մեղու լինեի,— մտածեց նա,— մեղր կհավաքեի»…

Բայց նա բնավ էլ մեղու չէր եւ մեղր հավաքել չգիտեր։ Նա շատ էր ուզում Նիքիին մեղրով հյուրասիրել։ Նստեց վարդի թփին ու սկսեց մտորել, թե ինչպես մի ելք գտնի։ Քիչ անց նրա կողքին նստեց վաղեմի ընկերուհի մեղուն, որի անունը Ժժժժժժժ էր։

— Ինչի՞ մասին ես մտածում, Զզզզզզզը,— հարցրեց մեղուն։

— Ես ուզզզում եմ քիչ մեղր ճարել,— ասաց Զզզզզզզը,— իմ բարեկամ Նիքիի համար։ Ես հիմա նրա մոտ եմ ապրելու եւ շատ կուզզզենայի անպայման մեղր նվիրել։ Բայց որտեղի՞ց մեղր ճարեմ՝ չգիտեմ։

— Դրանից հեշտ բան չկա,— ասաց Ժժժժժժժը եւ ինչ֊որ բան շշնջաց նրա ականջին։

Զզզզզզզը շատ գոհ մնաց եւ շտապեց թռչել դեպի ծով, որտեղ ապրում էր Նիքին։

Նա տեղ հասավ այն ժամանակ, երբ Նիքին ճաշից հետո ննջում էր։

Զզզզզզզը իջավ կետի մեջքին՝ զգույշ, շատ զգույշ, ոտքերի ծայրերի վրա, որպեսզի հանկարծ չարթնացնի նրան։ Հետո կողքից դրեց սափորը, վերցրեց կափարիչն ու սպասեց։

Շուտով հեռուներից նրան հասավ մի ժժժժժժժոց։ «Ժժժժժժժ»֊ը գնալով սաստկացավ, սաստկացավ ու սաստկացավ եւ, վերջապես, երեւաց մեղուն։

Մեղուն թռավ մոտեցավ սափորին եւ մի կաթիլ մեղր կաթեցրեց։ Նրա ետեւից ուրիշ մեղուներ էլ եկան, եւ ամեն մեկը մի կաթիլ մեղր կաթեցրեց։ Մեղուների մի վիթխարի բանակ եկավ, եւ շուտով սափորը բերնեբերան լցվեց մեղրով։ Հետո մեղուները հրաժեշտ տվեցին Զզզզզզզին եւ տուն վերադարձան։

Մինչ այդ Նիքին էլ արթնացավ։ Տեսնելով մեղրով լի սափորը, որը Զզզզզզզի բերած նվերն էր, նա բերանը լայն բացեց, եւ Զզզզզզզը ամբողջ մեղրը լցրեց նրա բերանը։

— Ինչ համե՜ղ է,— ասաց Նիքին եւ ամուր֊ամուր համբուրեց Զզզզզզզին։ Հետո էլ հաճույքով հորանջեց։— Ո՞ւր կորար, Զզզզզզզ,— հարցրեց նա։— Երեւի թռավ գնաց։ Ի՞նչ արած, կարելի է մի ժամ էլ քնել։

Իսկ Զզզզզզզը ոչ մի տեղ էլ չէր թռել գնացել։ Նա պարզապես կպել էր մեղրին։ Երկար տանջվելուց հետո միայն կարողացավ մեղրից պոկել նախ մի ոտքը, ապա՝ մյուսը, հետո մնացյալ բոլոր ոտքերը։ Վերջապես նա ազատվեց ու որոշեց զբոսնել կետի մեջքին։ Նիքին այնքան խոշոր էր, որ Զզզզզզզը նրա քթի ծայրից մինչեւ պոչի ծայրը գնաց մեկ ժամվա ընթացքում։

Երբ Զզզզզզզը վերադարձավ զբոսանքից, Նիքին արդեն վերջնականապես արթնացել էր, եւ նրանք սկսեցին խաղալ Զզզզզզզի սիրելի խաղը։

Զզզզզզզը նստում էր կետի քթին, Նիքին բաց էր թողնում շատրվանը եւ Զզզզզզզը ջրացայտերի հետ նետվում էր դեպի վեր։

Իսկ հանդիպող նավերի նավապետները հեռադիտակով նրանց էին նայում ու ասում․

— Այդ ճանճը ինչ լավ է զվարճանում։

Ղա՜֊ղա՜֊ղա՜…

Ուիլյամ անունով մի սագիկ էր ապրում։ Բայց մայրիկը նրան միշտ ասում էր Վիլլի։

— Գնալու ենք զբոսանքի, Վիլլի, —ասում էր մայրիկը։— Մյուսներին էլ ձայն տուր, ղա՜֊ղա՜֊ղա՜…

Մյուսներին զբոսանքի կանչելիս Վիլլին շատ էր սիրում ղա՜֊ղա՜֊ղա՜ ասել։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— հենց այսպես էլ երգում էր ամբողջ ճանապարհին։

Զբոսանքի ժամանակ, մի անգամ նա հանդիպեց կատվի ձագին։ Դա շատ համակրելի մի սեւ փիսիկ էր, որի առջեւի թաթերը ճերմակ էին։ Վիլլին նրան հավանեց։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— ասաց նա կատվի ձագին։— Ղա՜֊ղա՜֊ղա՜։

— Մյաո՜ւ,— պատասխանեց կատվի ձագը։

Վիլլին զարմացավ։ Ի՞նչ է նշանակում «Մյաո՜ւ»։ Նա միշտ էլ համոզված էր, թե կատուները սագերի նման «ղա֊ղա֊ղա» են ասում։

Վիլլին շարունակեց ճանապարհը։ Հիանալի օր էր։ Արեւը փայլում էր եւ թռչուններն էլ ճռվողում էին։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— երգում էր Վիլլին։

— Հա՛ֆ֊հա՛ֆ,— պատասխանեց ճանապարհով վազող շունը։

— Հի՜ի՜֊հի՜֊հի՜խ,— ասաց ձին։

— Նո՜֊ո՜֊ո՜, —բղավեց կաթնավաճառը ձիու վրա։

Խեղճ Վիլլին այդ ամենից ոչինչ չհասկացավ։

Այդ պահին նրա մոտով անցավ ֆերմերն ու ձայն տվեց Վիլլիին․

— Բարեւ, սագիկ։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— պատասխանեց Վիլլին։

Հետո մոտ վազեցին երեխաները։ Տղաներից մեկը բղավեց Վիլլիի վրա․ «Քը՜շշ»։

Վիլլին վշտացավ։ Այնքան վշտացավ, որ նույնիսկ կոկորդը սկսեց քերվել։

— Գիտեմ, որ ես մի սովորական սագիկ եմ միայն։ Բայց ինչո՞ւ են «քը՜շշ» ասում ինձ։

Լճակում նա մի ոսկի ձկնիկ տեսավ, բայց Վիլլիի բոլոր «ղա֊ղա֊ղաների» վրա ձկնիկը միայն իր փոքրիկ պոչը թափահարեց ու ոչինչ չասաց։

Վիլլին շարունակեց ճանապարհը եւ հանդիպեց կովերի նախրին։

— Ը՜մ֊մ֊մ,— ասացին կովերը։— Ը՜մ֊մ֊մ֊մ֊մ֊մ…

Հետո հանդիպեց հավերին․

— Կը՜֊ը՜թ֊կը՛թ֊կը՛թ,— կչկչացին հավերը։— Կը՜֊ը՜թ֊կը՛թ֊կը՛թ…

Իսկ աքաղաղն ավելացրեց․

— Կու֊կու֊լիկո՜ւ…

«Գոնե մեկնումեկը «ղա֊ղա֊ղա» ասեր,— մտածեց Վիլլին։— Ո՞ւմ հետ մի քիչ զրուցեմ։ Ի՜նչ տխուր է»։

— Բը՜զզզզզզզզզզզ,— բզզաց մեղուն։

Աղավնիները մնչում էին, բադերը՝ կռնչում, իսկ ծառերի կատարներին նստած ագռավները՝ կռռում։ Եվ ոչ ոք, ոչ ոք նրան «ղա֊ղա֊ղա» չէր ասում։

Խեղճ Վիլլին նույնիսկ լաց եղավ, եւ արցունքները նար կտուցից հոսեցին փոքրիկ ու սիրուն կարմիր թաթիկներին։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— հեծկլտում էր Վիլլին։

Ու հանկարծ հեռուներից լսվեց շատ հաճելի մի «ղա֊ղա֊ղա»։

Հետո ճանապարհին հայտնվեց մի կապույտ ավտոմեքենա։

— Ղա՛֊ղա՛֊ղա՛,— ասաց ավտոմեքենան։

Չէ՞ որ անգլիական բոլոր ավտոմեքենաները «տո՜ւ֊տո՜ւ֊տո՜ւ»֊ի փոխարեն «ղա՛֊ղա՛֊ղա՛» են ասում։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— ուրախացավ Վիլլին։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— ասաց ավտոմեքենան ու անցավ նրա մոտով։

Վիլլին չէր կարողանում հայացքը կտրել ավտոմեքենայից։

Նա իրեն աշխարհի ամենաերջանիկ սագիկն էր զգում։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— կրկնեց ավտոմեքենան եւ անհետացավ կեռմանից այն կողմ։

— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— նրա ետեւից գոչեց Վիլլին։

Սակա՛լա—պակա՛լա

Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի  ոչ մեկը այդ լեզուն  չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս  երեսին:

_Սակալա-պակալա,_ասաց  մի տղան:

_Պակալա, պակալա, բրաֆ,_ասաց  մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի սինյոր  և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական սինյորա էր նայում՝ո՛չ բարի, ո՛չ էլ չար:

_Ինչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բայց բարի սինյորը չհամաձայնեց.

_Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,- ասաց նա:

_Բայց հո չեք կարող ասել, թե հասկանում եք նրանց բլբլոցը:

_Բա ո՜նց, – պատասխանեց բարի սինյորը,- իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ «Լավ օր է այսօր», իսկ մյուսը նրան պատասխանեց. «Վաղն ավելի լավ օր կլինի» : Սինյորան քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.

_Մարասկի, բարաբասկի, պիմպարամոսկի,- ասաց մեկը:

_Բամբարամբամ, բասկի, կումպարասկի, բրու,-պատասխանեց

մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:

_ Հը, հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց սինյորը:

_Իհարկե, հասկացա,- ժպտալով ասաց ծեր սինյորը,-նրանցից մեկն ասաց. «Ինչ լավ է, որ մենք ապրում ենք աշխարհում»:  Մյուսն էլ պատասխանեց.  «Այո՛, աշխարհը հրաշալի է»:

_Բայց մի՞թե իսկապես այդպես հրաշալի է   մեր աշխարհը,-   զարմանում է սինյորան:

_Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր սինյորը:

Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

_Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր

մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել նրանց պատաս­խանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:

Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտ­նագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Ոչ մի բանից մարդուկը

Կար չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին:

Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:

— Լսի՜ր, – ասում է մարդուկը, – դու կատուներից չե՞ս վախենում:

— Ո՜չ, ֊ պատասխանում է մկնիկը: ֊ Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:

— Իմ գլուխը պտտվեց, – ասաց ոչ մի բանից մարդուկը:

— Եվ եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:

Մարդուկը որոշեց փորձել, մի պատ գտավ, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցավ պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար:

Մարդուկը այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:

Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանա­պարհով, հանդիպում ոչ մի բանից մկնիկի:

Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին:

Կատուներ ուտող մուկը

Մի նիհար մկնիկ կար: Նա ապրում էր գրադարանում: Մի օր էս մկնիկը որոշեց իր ընկերներին հյուր գնալ: Նրա ընկերները   նկուղում էին  ապրում ու  շատ հեռու էին   աշխարհից:

—  Դուք գաղափար չունեք, թե ինչ է կատարվում աշխարհում,-ասաց նա իր վախեցած հարազատներին,- դուք երևի նույնիսկ կարդալ չգիտեք:

— Կարևորը դու շատ բան գիտես,- հոգոց հանելով՝ ասացին նրանք:

— Դե, ասենք, դուք  գոնե մի անգամ կատու կերե՞լ եք:

— Ի՜նչ ես ասում: Աստված չանի: Այստեղ ավելի շուտ կատուներն են մկներ  որսում:

— Դա նրանից է, որ դուք անշնորհք եք: Ես իմ կյանքի ընթացքում քանի՜ կատու եմ կերել: Հավատացնում եմ ձեզ, նրանցից և ոչ մեկը նույնիսկ ծպտուն չի հանել:

— Եվ ինչ, կատուները համե՞ղ են:

— Համեղ են: Պարզապես մի քիչ թղթի և տպագրական ներկի համ է գալիս: Բայց դրանք դատարկ բաներ են: Շուն փորձելու բախտ ունեցել եք, չէ՞:

— Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում:

— Ես հենց երեկ մեկին կերա: Օվչարկա: Նա բավականին լուրջ ճանկեր ուներ, բայց,դա կարևոր չէ, նա շատ հանգիստ, առանց ծպտուն հանելու, թողեց, որ իրեն  ուտեմ:

— Եվ նա էլ էր համե՞ղ:

— Շա՜տ: Պարզապես սա էլ մի քիչ թղթային համ ուներ: Իսկ ռնգեղջյուր չե՞ք փորձել:

-Ինչ ես ասում: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ տեսք ունի նա: Նա ինչի՞ է ավելի շատ նման՝ պարմիջանակա՞ն, թե՞ հոլանդական պանրի:

— Նա, իհարկե, նման է ռնգեղջյուրի: Իսկ փիղ կամ կուսակրոն, արքայադուստր կամ տոնածառ, երևի երբևե բախտ չի վիճակվել ուտել:

Այդ պահին կատուն, որը թաքնվել էր անկյունում դրված ճամպրուկների ետևում, սարսփազդու մլավոցով թռավ նկուղի ճիշտ կենտրոնը: Դա ամենաիրական կենդանի մեծ կատու էր՝ փարթամ բեղերով և երկար ճանկերով:

Մկները մեկ վայրկյանում թռան իրենց բները: Իսկ գրադարանային մուկը, տեսնելով կատվին, այնպես զարմացավ, որ քարացավ իր տեղում, ասես խաղալաք լիներ: Կատուն խփեց նրան թաթով և սկսեց խաղալ հետը:

— Ա՜, այդ դու ես, այն մուկը որ կատուներ է ուտում:

— Ես եմ, ձերդ պայծառափայլություն… Դուք պետք է հասկանաք ինձ… Ախր ես գրքերի մեջ եմ ապրում…

-Այո, իհարկե, հասկանում եմ, հասկանում եմ: Դու կատու ես ուտում, թղթի վրա նկարված, տպված …

— Երբեմն, և այն էլ դիտական նպատակներով….

— Իհարկե: Ես ել եմ գրականություն շատ սիրում… Իսկ դու չե՞ս կարծում, որ կարելի է կյանքից էլ մի քիչ սովորել: Այդ դեպքում, միգուցե, դու հասկանայիր, որ ոչ բոլոր կատուներն են թղթից, և ոչ բոլոր ռնգեղջյուրներն են թողնում կրծել իրենց:

Խեղճ գերուհու բախտից, կատուն մի պահ շեղվեց, քիչ հեռու նա սարդ տեսավ, և գիտնական մուկը մի քանի վայրկյանում հայտնվեց իր գրքերի մոտ: Ստիպված կատուն գոհացավ սարդով:

 

Շունը, որը հաչալ չգիտեր

Կար-չկար մի շուն կար: Նա հաչալ չգիտեր: Ո՛չ հաչալ, ո՛չ մլավել, ո՛չ բղավել, ո՛չ էլ խոսել: Սովորական փոքրիկ շուն էր: Ոչ-ոք չգիտեր՝որտեղից է նա հայտնվել  այս գյուղում: Շունը երբեք էլ չէր իմանա, որ հաչալ չգիտի, եթե հարևանները չլինեին:

-Ինչու՞ չես հաչում,- զարմանում էին նրանք:

-Ես հաչալ չգիտեմ, որովհետև  տեղացի չեմ,- պատասխանում էր շունը:

-Ա՜յ թե զարմացրիր: Բոլոր շներն էլ հաչում են:

-Ինչի՞ համար:

-Որովհետև շունը շուն է,-պատասխանում էին հարևանները:

-Բոլոր շներն էլ հաչում են կատուների, լուսնի, չար անցորդների վրա: Հաչում են, երբ տխուր են, երբ ուրախ են: Ավելի հաճախ նրանք հաչում են ցերեկը, սակայն, Բայ ց երբ շատ են ուզում քնել ու չեն կարողանում, հաչում են նաև գիշերը:  Դու երևի հիվանդ ես: Գնա՛ անասնաբույժի մոտ:

Խեղճ շունը  հազիվ էր զսպում արցունքները:

Մի երիտասարդ աքաղաղ խղճաց տխուր շանը.

-Նայի՛ր ինձ և կրկնի՛ր:

Եվ նա երեք անգամ բարձր «ծուղրուղու» կանչեց:

-Վա՜յ, շատ դժվար է,- ասաց շունը:

— Ոչ մի դժվար բան չկա: Ամենակարևորը՝ հետևի՛ր կտուցիս և լայն բացիր բերանդ:

Աքաղաղը կրկին ծուղրուղու կանչեց: Շունը փորձեց կրկնել, բայց չստացվեց, միայն ինչ-որ «քխե-քխե» կարողացավ արտաբերել: Աքաղաղները վախեցած ցրվեցին:

-Ոչի՛նչ,-հանգստացրեց աքաղաղը,-առաջին անգամի համար վատ չէր: Դե՛, նորից փորձիր:

Շունը կրկին փորձեց «ծուղրուղու» կանչել, բայց  էլի  ոչինչ չստացվեց: Դրանից հետո նա սկսեց պարապել: Մեկ-մեկ գնում էր անտառ. այնտեղ   ոչ-ոք չէր խանգարում և  ինքը կարող էր ծուղրուղու կանչել, որքան սիրտն ուզի:
Վերջապես մի օր առավոտյան նա կարողացավ   այնքա՜ն բարձր և գեղեցիկ  «ծուղրուղու» կանչել, որ աղվեսը, լսելով նրա ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորը որոշեց ինձ «հյուր գալ»: Պետք է նրան շնորհակալություն հայտնել այցելության համար»: Եվ շտապեց նրա մոտ: Իհարկե՝ չմոռանացավ դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ վերցնել,  ով չգիտի, որ աղվեսի համար աքլորից  համեղ խորտիկ չկա: Աղվեսը գնաց անտառի խորքը և ի՜նչ տեսավ. խոտերի մեջ նստած է մի շուն, ուրախությունից թափահարում է պոչը և «ծուղրուղու » կանչում: Աղվեսը կատաղեց.

-Ախ այդ դու՞ էիր ուզում ինձ ծուղակը գցել:

-Ի՜նչ ծուղակ, ինչ բա՜ն,- զարմացավ շունը:

-Մոլորված աքլորի նման «ծուղրուղու» ես կանչում…  Լավ է, որ քեզ շուտ նկատեցի:  Դու անարդար վարվեցիր: Սովորաբար շներն իրենց հաչոցով ինձ զգուշացնում են, որ մոտակայքում որսորդ կա:

-Երդվում եմ, ես նպատակ չունեի ինչ-որ մեկին որսալ: Ես անտառ եմ եկել, որ պարապեմ:

-Այդ ի՞նչ ես պարապում,- չհավատաց  աղվեսը:
-Հաչալ եմ սովորում:  Նայիր՝ինչ լավ  եմ հաչում՝ ծուղրուղո՜ւ:

Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա թավալ էր գալիս խոտերի վրա և քիչ էր մնում իր խիտ բեղերը կծեր:

Շունը հուսահատված վազեց տուն: Խեղճ շանը տեսավ կկուն.

-Ո՞վ է քեզ վշտացրել,- հարցրեց նա:
-Ոչ ոք,-հազիվ լսելի ձայնով պատասխանեց շունը:

-Բա ինչո՞ւ ես այդքան տխուր:

-Այն պատճառով, որ հաչալ չգիտեմ և ոչ-ոք էլ չի սովորեցնում:

— Եթե դա է պատճառը, ես քեզ կօգնեմ:Ուշադիր լսի՛ր և կրկնի՛ր իմ հետևից՝ կու-կու-կու-կու…հասկացա՞ր:

-Ինձ թվում է՝ դա այնքան էլ դժվար չէ,- անվստահ ասաց շունը:

-Շա՜տ հեշտ է,- կանչեց կկուն,-ես դեռ մանկությունից կարողանում եմ…Կրկնի՛ր իմ հետևից՝կու-կու-կու-կու..

-Կու-կու,-ցածր կրկնեց շունը:

Նա մեկ փորձեց, երկուս փորձեց: Մի շաբաթ հետո հիանալի «կու-կու» էր կանչում:

«Վերջապես ես նմանվեցի մյուս շներին,-ուրախանում էր շունը:-Հիմա ես կարող եմ և՛ լուսնի վրա հաչել, և՛ չար անցորդների»:

Եկան որսի ժամանակները: Անտառում էին հավաքվել Իտալիայի հմուտ և նորաթուխ որսորդները: Մեկը կրակում էր միայն վայրի գազանների վրա, մյուսը՝ բոլոր թռչունների և կենդանիների վրա:   Սոխակին էլ  չէին խնայում: Այդպիսի մի անխիղճ որսորդ լսեց, որ թփերի միջից կկվի ձայն է գալիս: Երկար-բարակ չմտածեց, հրացանով կրակեց:

-Գըմփ-գըմփ,-շան ականջի մոտ լսվում էին փամփուշտների ձայները:

Շունն, ինչքան ուժ ուներ, փախավ: Նա չէր հասկանում, թե ինչու՞ է որսորդը կրակում հաչող շան վրա:

Իսկ այդ ժամանակ խոտերի մեջ որսորդը իզուր  թռչուն էր փնտրում:

«Երևի թռչունին այս չարաբաստիկ շունն է գողացել: Թե որտեղի՞ց  հայտնվեց»,-մտածեց որսորդը:Եվ բարկությունից կրակեց իր բնից դուրս եկած փոքրիկ դաշտամկան վրա: Բարեբախտաբար  վրիպեց:

Իսկ շունը ավելի ու ավելի հեռու էր փախչում: Հանկարծ  կանգ առավ. Տեսնես՝ ո՞վ է սա: Ընձու՞ղտ: Չէ՜, երևի կոկորդիլոս է: Կոկորդիլոսը շատ  վտանգավոր կենդանի է: Նրա մոտով պետք է աննկատ անցնել»,-մտածեց շունը: Եվ նա, թաքնվելով խիտ խոտածածկի մեջ, կամաց-կամաց մոտեցավ ձայնին: Նա էլ չգիտեր՝ ինչու, բայց սիրտը սկսեց արագ խփել:

-Հա՛ֆ-հա՛ֆ:

Դա որսորդի շունն էր:

-Բարև, շո՛ւն:

-Բարև:

-Ի՜նչ տարօրինակ ես մռնչում:

-Մռնչո՞ւմ եմ,-վիրավորվեց որսորդի շունը:-Ես չե՛մ մռնչում, ես հաչում եմ:

-Դու հաչա՞լ գիտես:

-Իհարկե՛: Ես հո փղի նման շեփորի ձայն չե՞մ հանելու, կամ՝ առյուծի նման մռնչալու:

-Իսկ ինձ կսովորեցնե՞ս:

-Ո՜նց, դու հաչալ չիտե՞ս,- զարմացավ որսորդի շունը:

-Չէ՛,- տխուր խոստովանեց միայնակ շունը:

-Դե ուրեմն լսիր՝ հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

-Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ,- միանգամից արտաբերեց մեր շունը: Նա, հազիվ զսպելով արցունքները, ինքն իրեն մտածեց.«Վարջապես ես իսկական ուսուցիչ գտա»:

 

« Լացել» բառը

Այս պատմությունը դեռ տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա Վաղը: Դե լսեք: Այդ օրը, որ կոչվում է «Վաղը», մի ծեր ուսուցչուհի զույգերով կանգնեցնում է իր աշակերտներին և տանում Անցյալի Թանգարան: Անցյալի Թանգարանում հին իրեր են ցուցադրում: Դրանք արդեն ոչ ոքի պետք չեն։ Օրինակ՝թագավորական  թագ, թագուհու երկայնափեշ, տրամվայ և նման բաներ։
Մի փոքրիկ  փոշոտված ցուցասեղանին՝ ապակու տակ, դրված էր «լացել» բառը։ Վաղվա աշակերտները կարդացին բառը, բայց բան  չհասկացան։
— Սինյորա, ի՞նչ է սա։
— Հավանաբար  հին զա՞րդ։
— Գուցե ինչ-որ էտրուսկական բա՞ն է։
Ուսուցչուհին բացատրեց երեխաներին, որ առաջ, շատ-շատ վաղուց, այս բառը շատ են  օգտագործել, այն մարդկանց դժբախտություն է  բերել։ Նա ցույց տվեց մի ապակե անոթ և ասաց, որ դրա մեջ արցունքներ են պահում։  Գուցե դրանք թափել է մի դժբախտ ստրուկ, որին տերը ծեծել է կամ էլ ինչ-որ տղա, որ անտուն է մնացել։
— Արցունքները նման են ջրի, – ասաց աշակերտներից մեկը։
— Այո, բայց դրանք այրում են, – պատասխանեց ուսուցչուհին։
— Հա՜, երևի դրանք օգտագործելուց առաջ եռացնում են, – գուշակեց ինչ-որ մեկը։
Ոչ, այս աշակերտները ոչինչ չէին հասկանում։ Ի վերջո շատ ձանձրալի դարձավ այդ ցուցասրահում։ Այդ ժամանակ ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս ցուցասրահներ, որտեղ նրանք տեսան իրենց համար ավելի ծանոթ իրեր՝ բանտաճաղեր, պահակաշան  խրտվիլակ, կողպեք և այլն։ Այդ բոլորը իրեր էին, որոնք վաղուց արդեն չկան Վաղվա ամենաերջանիկ երկրում։

 

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»—ով

 

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին,   որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար, և իհարկե նա ցանկացավ վարդով զարդարել իր   բաճկոնը: Նա ուզում էր զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:

_Այ քեզ հրա՜շք,- զարմացավ Ջովանինոն:

Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով ասաց Ջովանինոյին.

__Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:

__Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

__ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սրված չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.

Ներեցեք, կարելի է Ձեր թուրը տեսնել:

__ Խնդրեմ ,- ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թորն էլ սուր չէ, բութ է:

_Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է,  էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը  և այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառերով գրել:

_ Բա վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնումմեխե՞րը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:

_Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:  Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք  ինձ երկու անգամ ապտակել:

Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:

__ Ո՜չ,  ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համա: Եթե այդպես է, ես պետք է  երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:

__Բայց մեզ մոտ այդպես է ընդունված, սիրով բացատրեք պարեկը,- լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

__ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:

__ Պարեկին:

__ Բայց արդար չէ: Այդպես չի կարելի:
__ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում,  այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի, որպեսզի չապտակեն անմեղ պարեկներին:   Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:

__ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, որ մնաց ապտակեմ:

__ Այդ դեպքում ես ստիպված եմ Ձեզ առաջարկել լքել մեր երկիրը և    ուղեկցել  մինչև սահման:

Ջովանինոն, որ շատ էր ամաչում,  ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց մեկ է, մինչև հիմա նա երազում է  վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի տանկում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

 Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից  են

Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն  հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին  ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել և թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր այդ տարօրինակ քաղաքի փողոցներով:  Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տան պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:

_Բարև,-ասաց Ջովանինոն՝ վերցնելով սառնարաններից մեկի հեռախոսը:

_ Բարև,-պատասխանեցին ներսից:

_Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:

-Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:

_Ոչ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Իսկ ի՞նչ է,   Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:

_ Չէ՜, ինչու, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:

_Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ինչ կլինի այդ ժամանակ:
_Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեի իմ զինվորներին նրան բանտ նստեցնել;

_ Չէ՜ մի, բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու:

Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բառլետտայից: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել, և ով գիտե,  էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 

Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և   մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:

-Հետաքրքիր է, ինչից է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:

— Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- նկատեց միջնեկ եղբայրը:
— Ասվալտի էլ նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված:   Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կտորը կտորի հետևից ուտելով՝ եղբայները չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:

—  Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:

—  Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:

Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր վերադառնում:

— Եկեք ձեզ տուն տանեմ,-առաջարկեց գյուղացին: Եվ տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ այն ամբողջովին թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան, և առանց երկար-բարակ մտածելու սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից էլ ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Պաղպաղակե դղյակը     

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:
 

«Բի»  մոլորակը

«Բի»  մոլորակի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան:      Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո: