Ուրեմն` մի քանի տարի առաջ, երբ ես նոր էի դարձել Սեբաստացի ընտանիքի անդամ, ծնողի շրջանակներում իհարկե, չէի էլ պատկերացնի, որ կգա մի օր, երբ ես իմ ծնողական ներգրավվածությունից բացի ինչ-որ չափով կդառնամ ուսուցիչ ու դասավանդող ու ոչ միայն իմ սեբաստացիների համար: Ու էստեղ է ամենահետաքրքիրը. կրթահամալիրն այնպես կարողացավ ներգրավել ծնողին ուսուցիչ-ծնող միասնության մեջ, որ պարզվեց՝ մեծ ջանք ու եռանդ պետք էլ չէր դա իրականացնելու համար: Ասեմ ավելին ու անկեղծ՝ ես էլ չանդրադարձա, թե ինչպես մի օր Մարմարյա սրահում հերթական Մեդիաուրբաթների ժամանակ պար էի բռնել կրթահամալիրի տնօրենի հետ և խանդավառությամբ երգում էի Երևանին նվիրված երգերից մեկը: Հենց այստեղ հասկացա, որ այլևս մի մեծ ընտանիքի անդամ եմ, որը կոչվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:

Իրականում կրթահամալիրի ծնողը նաև ուսուցիչ է ձևաչափը հրաշալի է անդրադառնում նույն ծնողի՝ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու վրա: Դու դառնում ես ավելի ճկուն, սովորում ես նոր գործիքներով ու մեթոդներով աշխատել, քանի որ նախկին փորձդ այլևս քեզ չի բավարարում:

Այսօր ինձ ի դեմս Մարիետ Սիմոնյանի հրաշալի առիթ ընձեռվեց զրուցել, շփվել ու հիանալ 8-րդ դասարանի սաների հետ: Մեկը մեկից լուսավոր ու տեղեկացված, կարդացած երեխեք: Մարդիկ, որոնք չեն վախենում հարց տալ, հակադարձել, կարծիք արտահայտել վերջապես: Սա դպրոցի մեխն է, ի դեպ: Որովհետև ընդունված կարծրատիպերի համաձայն՝ դպրոցականները պիտի կարծիք ու տեսակետ չունենան: Նրանց տեսակետը պետք է միահյուսված լինի միշտ ուսուցչի ու դասավանդողի կարծիքին: Մի քայլ ավել, մի քայլ պակաս՝ հանկարծ ու տեսար անհատականություն ձևավորվեց…

Մեր այս փոքրիկ հեռավար ուսուցման կամ ավելի ստույգ՝ հավաքի թեման գրելն էր, շատ կարդալը: Տեքստ գրելիս ճիշտ բառ ընտրելու դժվարությունն ու առանձնահատկությունները: Ես փորձեցի իմ համեստ փորձով կիսվել այս լուսավոր սեբաստացիների հետ և անպատմելի հաճույք ստացա մտածող ու վերլուծող մտքի հետ շփում ունենալուց: Շնորհակալ եմ այդ հնարավորության համար:

Խոստումնալից էր այն ապագան, որ սպասվում է տղաներիս կրթահամալիրում…

6 և 9 տարեկան սեբաստացիներ Էմիլ և Միքայելի մայրիկ՝ Աննա Հարությունյան։