Կրթությունը մեզնից պահանջում է միշտ նոր, ստեղծագործ մոտեցումներ և լուծումներ։  Գիտելիք փոխանցելով՝ մենք չենք կրթվում, այլ պարզապես ունենում ենք շատ գիտելիքներ։ Իսկ ներկայումս ժամանակը պահանջում է ոչ թե շատ գիտելիք, այլ գիտելիքի միջոցով  մտածողության ձևավորում։ Հայկը լավ է մտածում։  Բայց ինձ միշտ հետաքրքել է նաև իմանալ՝ ինչ չափով է դպրոցն ազդում իմ տղայի մտածողության զարգացման  վրա։ Եվ ես՝ որպես ծնող, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա տեսենելու, թե ինչպես է ձևավորվում իմ երեխայի մտածողությունը։

,,Ջոնաթան Լիվինգսթոն ճայից,, Հայկը կարդում է իր ընտրած հատվածները։

Ուսումնական պարապմունքներում ծնողներին ներգրվելու գաղափարը շատ կարևորում եմ, հատկապես այն ձևաչափով, երբ ուսուցիչը հնարավորություն է տալիս ծնողին վարելու քննարկում, ներկայացնելու իր մասնագիտության առանձնահատկությունները  և անմիջական շփվելու սովորողների հետ։
Մայրենի լեզվի ուսուցչի առաջարկը ծնվեց մեր ընտանեկան նախագծից, երբ ես, մանկավարժ քույրս և աղջիկս ընթերցեցինք մեր ընտրած ստեղծագործությունները։ Մարիետ Սիմոնյանն ինձ առաջարկեց իմ ընտրած ստեղծագործությունը քննարկել Հայկի համադասարանցիների հետ՝ մայրենիի առցանց ուսումնական պարապմունքի ժամանակ։

Ընտանեկան ընթերցանություն

Իմ մասնակցությամբ աշակերտների հետ քննարկեցինք Անտուան դե Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ քայլերի արվեստը» ստեղծագործությունը։ Հանդիպման ժամանակ մասնակիցների հետ վերլուծեցինք ստեղծագործությունը պարբերություն առ պարբերություն։
Ինձ համար բացահայտում էր սովորողների  քննարկման մշակույթը, որտեղ չկային սխալ կամ ճիշտ կարծիքներ, այլ կային տարբեր տեսանկյուններ։ Շատ հետաքրքիր էր տղայիս շփումը դասընկերների և ուսուցչի հետ։ Կարևոր են նման շփումները և’ երեխայի, և’ ծնողի համար։ Ծնողների ներառման այսպիսի նախագիծը ծնողին տալիս է հնարավորություն երեխայի հետ հավասար քայլելու և հասկանալու, ինչքանով է երեխան ինքնուրույն, պատրաստ տարբեր միջավայրերում իրեն դրսևորելու։    Երեխային հնարավորություն է տալիս ծնողի հետ շփվել որպես մասնագետի, ում հետ կարող է քննարկել տարբեր մտքեր և մասնագիտական մոտեցումներ։ Եվ ի վերջո, դասընթացին ծնողի մասնակցությունը ստեղծում է համագործակցության հարթակ ուսուցչի  և ծնողի միջև’  ծնողին անմիջական մասնակից դարձնելով երեխայի ուսումնառության գործընթացին։
Մենք տանն էլ ընտանիքով քննարկում ենք տարբեր հարցեր։ Սակայն հետաքրքիր էր Հայկին տեսնել այլ՝ իր ընկերական և ուսումնական միջավայրում։ Ես ուրախ եմ, որ տղաս ունի այսպիսի խոհուն, մտածող  ընկերներ և որ նրա համար ապահովված է այսպիսի ինտելեկտուալ զարգացման միջավայր։

Մեր ընտանիքը քննարկում է բլոգավարության հետ կապված խնդիրներ։