Կորոնավիրուսի հայտնությյան պատճառով պարտադրված ինքնամեկուսացման առաջին շաբաթը ընտանիքով՝ ես, Նարեն, Մանեն, որոշեցինք  անցկացնել Վլադիկավկազում՝ ծնողներիս մոտ։ Որոշեցինք մեկ շաբաթ, բայց հանգամանքերը այնպես դասավորվեցին, որ գնացինք և բանտարկվեցինք այդ գեղեցիկ, բայց մեզ համար օտար վայրում՝ հեռու հայրենիքից։ Մեզ, որպես մխիթարություն, մնաց առցանց կապը մեր կրթահամալիրի և մեր ընկերների հետ։ Սկսվեցին առցանց ուսումնական պարապմունքները։ Քանի որ ես անընդհատ եմ հարցնում Մանեին, թե ինչ է հանձնարարել տիկին Մարիետը, տեղեկացա, որ ընտանեկան նախագիծ կա՝ ,,Բարբառը մեր ընտանիքում,,։
Ես բարբառի կրող եմ մայրիկիս կողմից, ով  Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղից է: Տանը ես և քույրս մայրիկի հետ, մայրիկի կողմի բարեկամների հետ խոսում ենք բարբառով, որովհետև դա նրանց համար հաճելի է, նրանց ականջը շոյում է: Մեր գյուղացիների մոտ  ընդհանրապես ընդունված  է, որ եթե նույնիսկ մարդը տեղափոխվել է քաղաք, ապրում է քաղաքում, չպիտի իր համագյուղացու հետ գրական հայերենով խոսի։ Անպատվաբեր է, ամոթ է։  ,,Պահ, հերեկ մեկ, էսօր էրկու, գրականա կխոսա,,։ Այսինքն՝ զարգացածին տես:

Իմ ընկերական շրջապատում էլ՝  աշխատավայրում, ես հաճախ եմ խոսում բարբառով, որովհետև դա նրանց անչափ զվարճացնում է։ Ասում են, որ ինձ սազում է։  Մանավանդ հաճախ ենք կատակում  Նելի Արղությանի հետ։ Ինքը նույնպես Վարդենիսի բարբառի կրողն է: Ես էլ եմ լավ խոսում մեր բարբառով, որովհետև իմ բոլոր ամառային արձակուրդները անցել են Վարդենիսում։ Սովորելուս տարիներին  ետ էի գալիս կրթահամալիր և չգիտեի, ինպես թաքցնեմ ընկերներիցս բարբառային առոգանությունս, իսկ հիմա տեսեք, որ հպարտանում եմ:

Լավ, չշեղվեմ, շարունակեմ։ Ընտանեկան նախագծերին սիրով ենք մասնակցում։ Տեսեք, քանի ընտանեկան նախագիծ է արել մեր ընտանիքը և իհարկե շարունակում ենք անել։
Սասնա ծռեր
Տնից՝ թանգարան, վիրտուալ ճամփորդություն
Թմկաբերդի առումը
Ֆիլմի դիտում և քննարկում
Ապրիլի 24, ընթերցումներ ի հիշատակ
Ծաղկազարդ
Պոեզիայի երեկո
Շոգեբաղնիքի և ինքնաեռի պամություն՝ սեբաստացի ընտանիքից
Իմ ընտանիքի մարզական բաղադրիչն է զբոսանքը
Իմ ընտանեկան զբոսանքը և իմ ինքնագլորը
Սնկի մասին, սնկով ապուր, սնկով խորոված

Բայց բարբառային այս նախագծին, մտածեցի, մենք չենք մասնակցի, որովհետև մեր բարբառը՝ Վարդենիսի խոսվածքը,  շատ կոպիտ է, սիրուն չի հնչի։ ֆեյսբուքում էլ լսեցի Մանեի դասընկերուհի Լիլիթ Մինասյանի և մայրիկի Հովհ․ Թումանյանի ,,Կացին ախպերը,, արցախյան բարբառով, այնքա՜ն հնչեղ էր, շշմելու սիրուն: Ականջ շոյող էր նաև Կապանի բարբառը՝ Կարինեի տատիկի ընթերմամբ։

Նորից մտածեցի, որ այպիսի գեղեցիկ բարբառներից հետո, մենք ի՞նչ պատմենք մեր կոպիտ, չոր բարբառով: Բայց դե, իհարկե, տիկին Մարիետը իր մանկավարժական հմտությամբ մեզ գործի դրեց, ասելով․ ,,Սյուզի ջան, բարբառի կոպիտը չի լինում, բոլորն են սիրուն, ձեզ տեսնեմ, սպասում եմ,,: Մենք՝ սեբաստացիներով անցանք գործի։ Արդյունքը չուշացավ։  Փոքրիկ Նարեն նույնպես մասնակցեց,՝ հաղթահարելով լեզվական չոր շեշտերը, հնչյունները, Մանեի համար էլ հեշտ չէր։  Բայց ստացվեց։  Կարդացինք Հովհ․ Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Ահա, լսեք․

Ի զարմանս ինձ՝ սիրվեց մեր ընթերցումը, տարածվեց ֆեյսբուքում։ Սեբաստացիական մանկավարժությունը ցույց տվեց, որ ճիշտ էր, կոպիտ և չլսվող բարբառ չի լինում:

Հետո տիկին Մարիետի կողմից եղավ հաջորդ առաջարկը․ մասնակցել սովորողների տեսադասին, Մանեի ընկերներին ներկայացնել մեր Վարդենիսի խոսվածքը։ Շատ էի հուզվել, խառնվել իրար։ Ախր այս նոր սերունդը այնքա՜ն բանիմաց է, գիտուններ են, այնքա՜ն գեղեցիկ են շարադրում իրենց մտքերը, որ մարդ շփոթվում է։ Ես էլ միշտ սովորողի դերում եմ ինձ զգում․  նրանց մտքի ճկունությունը, շուտ կողնորոշվելու հատկությունը  շա՜տ ուրիշ են:
Դե, իհարկե, տիկին Մարիետի ոգևորությունը, ոգևորելու կարողությունը որ  չլինեին, տեսադասին մասնակցողը չէի։  Առցանց ուսումնական պարապմունքին մասնակցում էին նաև մյուս բարբառակիր ծնողները՝ Լիլթի մայրիկն էր, որ ներկայացնում էր արցախյան բարբառը, Կարինեի տատիկն էր, որ խոսում էր Կապանի, Գորիսի բարբառների մասին։ Քանի որ ինձ համար բոլոր բարբառները շատ սիրուն են, շատ մեծ ուշադրությամբ լսում էի։ Շատ հետաքրքիր էր, նոր բաներ սովորելու հրաշալի առիթ էր։ Շատ էլ լավ է, տանդ նստած մասնակցում ես երեխայիդ դասին, որտեղ դու  և՛ ուսուցիչ ես, և՛ ծնող ես, ում հետաքրքրում է իր երեխայի ուսումնական պարապմունքը, և՛  իհարկե նաև սովորող ես:
Եկավ ներկայանալու իմ հերթը։ Մեծ էր պատասխանատվությանս զգացումը։ Հիմա խոսում է Մանեի մայրիկը։ Պետք է պատշաճ ներկանանայի աղջկաս ընկերներին․ ինչպիսի՞  մայրիկ ունի Մանեն, այդ մայրիկը ինչպե՞ս կկարողանա ներկայանալ, վարել ուսումնական պարապմունքը մյուս ծնողների հետ, մյուս ծնողների  ներկայությամբ: հաղթահարեցի, գոհ մնացի ես, հուսով եմ մյուս մասնակիցներն էլ։

Հիմա պատմեմ, թե ինչպես պատրաստվեցի այդ առցանց ուսումնական պարապմունքին։
Սա ինձ համար իսկական ինքնակրթություն էր։ Չէ՞ որ պետք է նախապես պատրաստես խոսքդ՝ կիրթ, պարզ, հասկանալի։ Ի՞նչ չափով ներկայացնես ասելիքդ, որ չհոգնեցնես, ասածդ և՛ լսելի լինի, և՛ ձանձրալի չլինի, և՛ հասկանալի լինի։ Սա իսկական խոսքի մշակում էր։
Մյուս կողմից՝ բարբառ ներկայացնելուց առաջ պարզ է, որ պիտի փորձեի առավելագույն տեղեկատվություն ունենալ նրա հետ կապված ամեն ինչի մասին։ Քննարկեցինք բարբառակիր մայրիկիս հետ և, իհարկե, զանգ ընկերոջը, պապիկիս՝ Վարդենիս։

Պապիկի հետ զրույցը, մայրիկիս հետ քննարկումը շատ արդյունավետ էր և ուսումնական: Սա էլ եղավ մեծ պապիկի, տատիկի, թոռան, ծոռան հեռավար -ընտանեկան-առցանց դպրոցը:

Շատ լավ հարթակ է ծնողի համար․ ինքդ հայտնվիր ուսուցչի տեղում, եղիր քո երեխայի, քո երեխայի դասընկերների ուսուցիչը: Տրված  հնարավորություն է, իսկական  վայելք։ Բայց հավատացեք, որ այնքան էլ հեշտ գործ չէ, շատ էլ դժվար աշխատանք է:  Դժվար և հաճելի։ Շնորհակալ եմ:

Սեբաստացի Սյուզի Սարգսյան՝ սեբաստացիներ Մանե և Նարե Աբգարյանների ծնող