Ես 8-րդ դասարանցի սեբաստացի Լիլիթ Մինասյանի մայրն եմ՝ Լուսինեն։  Ծննդով  Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից եմ: Ինձ, որպես բարբառակրի, հետաքրքրեց մայրենիի ,, Բարբառները մեր ընտանիքում,, նախագիծը։ Լիլիթը նույնպես շատ է ոգևորվում նման նախագծերից, հատկապես երբ դա միասին ենք անում: Ես կարծում եմ, որ նման նախագծերը արդյունավետ են և շատ օգտակար սովորողների համար։  Ես և Լիլիթը որոշեցինք մասնակցել նախագծին։ Ընտրեցինք Հովհ․ Թումանյանի  <<Կացին ախպեր>> հեքիաթը և կարդացինք Արցախի բարբառով: Սա մեր՝ իմ ու Լիլիթի միասնական ընթերցումն է ։

Երեկ մայրենիի ուսուցչի առաջարկով մասնակցեցի աղջկաս՝ Լիլիթի մայրենիի ուսումնական պարապմունքին, որտեղ խոսվում էր հայկական բարբառների մասին: Շատ հետաքրքիր էր մասնակցել առցանց քննարկմանը և լսել տարբեր բարբառներ՝ տարբեր ծնողների արտասանությամբ: Ես ներկայացրի Արցախի բարբառը,  ինքս ծանոթացա Վարդենիսի և Գավառի  խոսվածքներին, Գորիսի և Ղափանի բարբառների տարբերության մասին լսեցի, կապանցի տատիկից իմացա, որ կապանցիները չեն սիրում, երբ իրենց բարբառը նմանեցնում են արցախցու բարբառին։ Բայց, իմ կարծիքով, ինչքան էլ որ վիրավորվեն կապանցիները,  միևնույն է, այդ բարբառները չկրողների համար Զանգեզուրի և Արցախի  բարբառները նույն հարթության վրա են, նրանց ականջին դրանք նույն կերպ են հնչում։
Շատ եմ կարևորում այն, որ կարող ես  լսել բարբառը կրողի անմիջական խոսքը։ Դա սովորողի համար ավելի ընկալելի է դարձնում տվյալ բարբառը։  Կան հնչյուններ, որոնք ոչ բարբառակիրը չի կարող արտաբերել, ինչքան էլ որ ցանկանաս: Դա բնորոշ է միայն բարբառակրին:
Ուսումնական պարապմունքի ժամանակ ես առցանց ընթերցեցի ստեղծագործություններ արցախի բարբառով։ Մյուս ծնողները ևս մասնակիցներիս համար տարբեր ստեղծագործություններ կարդացին Վարդենիսի և Կապանի խոսվածքներով։ Ինձ շատ ոգևորեցին սովորողների տված հարցերը՝ ինչպիսի՞ գյուղ է Ճարտարը, Արցախում բոլո՞րն են նույն բարբառով խոսում։ Ինչո՞ւ են արցախցիները շատ ռուսերեն բառեր օգտագործում, իսկ կապանցիները՝ ոչ։
Ես սովորողներին ներկայացրի Ճարտարը։ Պատմեցի, որ Ճարտարը համարվում է Արցախի ամենամեծ գյուղը:  Այն բաղկացած է 4 ենթագյուղերից, և այդ է պատճառը, որ հիմա վերանվանվել է քաղաք: Կա գործող եկեղեցի, կառուցվում են նոր բնակելի շենքեր, բարեկարգվում են փողոցները: Ճարտարում է գտնում Երևանի Օպերայի շենքի չափսերով փոքր կրկնօրինակ կառույցը, Արթիկից բերված վարդագույն տուֆով։ Դրա հիմնադիրն է Թամանյանի որդին: Մարտունու շրջանում է գտնվում 4-րդ դարի կառույց Ամարասի վանքը, որի հիմնադիրը․ ըստ հայ պատմագիրների,  եղել է Գրիգոր Լուսավորիչը: Այնտեղ է գտնվում Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի դամբարանը: 5-րդ դարի սկզբին Ամարասի վանքում է բացվել Մեսրոպ Մաշտոցի ստեղծած Արցախի առաջին դպրոցը:
Ես խոսեցի նաև այն մասին, որ Արցախում խոսում են տարբեր խոսվածքներով: Ճարտարի բարբառը, իմ կարծիքով,  ավել կոպիտ է, քան Մարտունիինը: Մենք խոսում ենք էսպես, օրինակ՝ գնո՞ւմ ես — քինում ը՞ս: Չենք օգտագործում  ֆ տառը, դրա փոխարեն գործածում ենք փ-ն։ Օրինակ՝ ֆուտբոլ — փութբոլ: Իսկ Հադրութի շրջանում խոսում են էսպես՝ գնո՞ւմ ես — քիսի՞ս, գալիս ե՞ս — կյասի՞ս:
Մի խոսքով, փորձեցի հնարավորին չափ ամբողջական պատասխանել սովորողների հարցերին։

Ընտանեկան դպրոցը կապող օղակ է ծնողի, երեխայի և ուսուցչի միջև։ Շատ կարևոր է ծնող, երեխա, ուսուցիչ միասնությունը: Իսկ ծնողի մասնակցությունը ուսումնական պարապմունքին՝  որպես ուսուցիչ, երկուստեք արդյունավետ եմ համարում՝ թե՛ սովորողների համար, և՛ թե մասնակից ծնողների։

Շնորհակալություն հաճելի ուսումնական պարապմունքի համար: Շատ շոյված եմ ինձ զգում՝ ընդգրկվելով այս նախագծի մեջ, և հուսով եմ, որ ինչ-որ ձևով, թեկուզև իմ բարբառով, օգտակար եղա Լիլիթին և նրա դասընկերներին։ Մյուս կողմից էլ ես մյուս ծնողների շնորհիվ ծանոթացա այլ բարբառների, դրանց առանձնահատկությունների, հնչերանգային նրբությունների հետ։

Լուսինե Ավանեսյան, Լիլիթ Մինասյանի մայրիկ