Ուսուցման կազմակերպումը

Ուսումնական պարապմունքի ծրագիրը ուսուցչի օրագրում տեղադրվում է մինչև պարապմունքը սկսելը: Ծրագրում նշվում են պարապմունքի ուսումնական նյութերը, դասարանում և տանը կատարվող ընդհանուր առաջադրանքները, առանձին սովորողների ուղղված առաջադրանքները:

  • Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։am սոցիալական ցանցը` կայքը` իր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ:

    Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է պրոյեկտորի, էլեկտրոնային գրատախտակի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո- և տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:
  • Խոսքի ուսուցումը-յուրացումը անընդհատ աշխատանք է, չի սահմանափակվում մայրենի լեզվի ընդհանուր կամ ընտրությամբ դասընթացի ուսումնական պարապմունքով: Սովորողի խոսքային աշխատանքը համացանցում (նրա հրապարակած նյութերը, կարծիքները) ուսումնական աշխատանք է: Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցի միջոցով` սովորողի-ուսուցչի էլեկտրոնային հասցե, օրացույց-օրագիր, շտեմարան (onedrive, googledrive և այլ), էլեկտրոնային նամակ, ուսուցչի-սովորողի-դասարանի բլոգ, մեդիագրադարան, կայք, սոցիալական ցանց:
  • Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը բավարարում է հետևյալ պայմաններին.
    — մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
    — համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
    — նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։
  • Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
  • Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
    — կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
    — լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
    — որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
    — մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
    Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ:

Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
  • նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական, մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,
  • Վիքիդարանում և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների ներմուծումը,
  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում օտարալեզու (ռուսերեն, անգլերեն) հոդվածների թարգմանությունը,
  • հետաքրիր, ուսումնական այլ նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,
  • ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է  այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման, թեորեմի ապացուցման և այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):

Ուսուցիչը կարևորում Է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։

Մայրենի (հայոց) լեզվի ուսումնական պարապմունքը ծրագրելիս ուսուցիչը որոշում է դրա բովանդակությունը` նկատի ունենալով, որ ուսումնական տարվա համար հատկացված ուսումնական ծրանբեռնվածությունը ծրագրում բաշխվում է հետևյալ ձևով.