Հանրակրթական պետական չափորոշիչների ներկայացված այս նախագիծը, ինչպես և նախորդը, ուսուցչից օտարված, ուսուցչին ոչինչ չտվող, հաճախ վերացական  ձևակերպումներով փաստաթուղթ է։ Նախորդ հանրակրթական պետական չափորոշիչը նույնպես առաջադիմական բավականին ձևակերպումներ ուներ, բայց կյանքը ցույց տվեց, որ առարկայական չափորոշիչները, դրանց հիման վրա ստեղծված դասագրքերը բոլորովին էլ չեն արտահայտում այն առաջադիմությունը, որը թելադրում էր պետական չափորոշիչը։ Իսկ ուսուցիչը գործ է ունենում նախևառաջ դասագրքի հետ։
Հիմա այս չափորոշչի մասին։ Հայաստանյան այլընտրանքային կրթության լավագույն փորձը վերցված է, ինչպես օրինակ՝ կրտսեր դպրոցի անգնահատանիշ գնահատումը, նախագծային ուսուցումը, որոշ առարկաների ինտեգրումը, թվային գործիքների բազմաֆունկցիոնալ կիրառման անհրաժեշտությունը, մինչև 12-րդ դասարան արվեստի կարևորումը, մոդուլների, կրեդիտների կիրառումըւ և այլն։  Եվ դա իհարկե լավ է։ Կարծում եմ՝ դեռ կբարձրաձայնվի հայաստանյան այլընտրանքային այս փորձիմասին։
Սակայն հիմա ուզում եմ ներկայացնել իմ այն դիտարկումերը, որոնք, իմ կարծիքով, քննարկման կարիք ունեն։ Ասեմ, որ մանրամասն չեմ վերլուծել, որովհետև խնդիրս չի եղել չափորոշիչը խմբագրելը, այլ ավելի շատ օրինակների վրա եմ փորձել եմ ցույց տալ, որ Չափորոշիչը լուրջ վերանայման կարիք ունի։

1․Կարողունակություն, կոմպետենցիա բառերը հայերենի բացատրական  բառարաններում չգտա: Միայն Աշոտ Հայրապետյանի ,,Օտար բառերի,, բառարանում կար կոմպետենցիա բառը՝՝ 2-րդ իմաստով՝ իրավասություն, իրավություն բացատրմամբ։ Փաստորեն՝ կոմպետենցիա բառը լատինական ծագումով ռուսերենում գործածվող բառ է:
Հանրակրթության պետական նոր չափորոշչում կարողունակությունը  բացատրված է հետևյալ կերպ․
Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։
Բայց որտեղի՞ց է վերցված այս բացատրությունը։Չկարողացա գտնել։

2․ Հանրակրթության պետական նոր չափորոշչում գրված է․

2) հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական ծրագրերի և չափորոշիչների մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր.

3) հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Նախ՝ ոչ թե ծրագրեր և չափորոշիչներ, այլ չափորոշիչներ և ծրագրեր։ Առաջնայնության խնդիր կա։․ Չափորոշիչները ստեղծվում են, հետո ծրագրերը։
Ապա՝ հանրակրթության պետական չափորոշիչները ստեղծվում են, նոր հետո, դրա հիման վրա՝ առարկայական չափորոշիչները, դրանց հիման վրա՝ առարկայական ծրագրերը։
Չի կարող հանրակրթության պետական չափորոշիչը հիմնվել նաև առարկայական չափորոշչի և ծրագրերի վրա։

3․․ Հանրակրթության պետական նոր չափորոշչում գործածվում են և՛ աշակերտ, և՛ սովորող հասկացությունները։
Հանրակրթության մասին օրենքում սովորողներ  հասկացությունն է։ Նոր չափորոշչում  աշակերտ չի կարող լինել։

4․Տասը միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։ /Նոր Չափորոշիչ/

Սա չի՞ հակասում  հանրակրթության մասին օրենքին, որտեղ գրված է․«Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան»:  

Սա վերաբերո՞ւմ է նաև ավարտական քննություններին։ Կարելի՞ է ենթադրել, որ սովորողը քննական ցանկացած արդյունքի դեպքում ստանում է ավարտական վկայականը։

5,Վերջնարդյունքներ

Տպավորություն է, որ  վերջնարդյունքները / և ոչ միայն/ ինչ-որ տեղից վերցված վատ թարգմանությոններ են։
Ասենք, հետևյալ նախադասությունները․

  • Սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման
  • Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են ցուցաբերել մասնագիտական կողմնորոշում:
  • Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր:Այսպիսի անհարթ ձևակերպումնեը քիչ չեն չափորոշիչում։
    6․ Կան ձևակերպումներ, որոնք միանշանակ չեն, և դրանց հետ դժվար է համաձայնելը։

Հանրակրթական տարրական ծրագրի վերջնարդյունքներից է․

  • Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը
    Եթե տարրական դասարաններում այս խնդիրը լուծվեր, կարելի էր համարել, որ մայրենին իր խնդիրը հիմնականում լուծել է։ Ցավոք, մենք այս խնդիրը շատ ավելի բարձր մակարդակներում էլ չենք կարողանում լիարժեք լուծված համարել։

Հիմնական կրթության վերջարդյունքում ակնկալվող արդյունք է․

  • Հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին․․․
    Սա հայ մարդու համար հիմնական կրթության վերջնարդյո՞ւնք է։ Նույնիսկ նախակրթարանի հայ սանը իրեն հետաքրքող թեմայի մասին ազատ զրուցում է։

Միջնակարգ կրթության վերջնարդյունքներից է․

  • Գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք
    Սա հանրակրթական պետական չափորոշչի պահա՞նջ է։ Այդքան հե՞շտ է տարբեր ժանրերի գրավոր և բանավոր խոսք կազմել։․․

Կարելի է չափորոշրի մնացած բաղադրիչներն էլ վերլուծել, բայց, ինչպես ասացի, ամբողջական վերլուծության  խնդիր չեմ դրել իմ առաջ։ Ընդամենը կառաջարկեի, որ նախ՝ Չափորոշչի լեզուն վերանայվեր և ապա նաև մանրամասն նորից վերանայվեին ձևակերպումները։
Ի վերջո՝ սա հանրակրթության պետական չափորոշիչ է։