Գրականության նոր հայեցակարգի, ծրագրի մասին

Նախ՝ շնորհակալություն աշխատախմբին բավականին ծավալուն աշխատանքի համար։ Դա մանրակրկիտ, ժամանակատար և ուժերի գերլարում պահանջող աշխատանք է, որ արվել է։
Քննարկումներին բոլորովին դեմ չեմ։ Ավելին՝ ողջունում եմ։ Բազմակարծությունը նույն հարցի մասին միշտ արդյունավետ է, օգնում է ճիշտ լուծում գտնելու հարցում։ Բայց այն, ինչ կատարվում է ֆեյսբուքյան ,և այլ, տարբեր հարթակներում, դժվար է քննարկում համարել։ Ցավում եմ մեր բանավիճային այդ հմտությունների մակարդակի համար և փաստում եմ, որ դա մեր կրթութան ամենամեծ բացթողումներից մեկն է։

Հիմա խոսեմ ներկայացված հայեցակարգի և ծրագրերի մասին։

Հայեցակարգի մասին

  • Կարծում եմ հայեցակարգում խոսքի մշակման, լեզվական հմտությունները, քերականական աշխատանքները պետք է դուրս գան գրականության հայեցակարգից, ինչքան էլ որ կրտսեր դպրոցում մայրենիի բաղադրիչով միասնական են հանդես գալիս հայոց լեզուն ու գրականությունը, դրանք խնդիրներ են լուծում։
  • հայեցակարգի գրականության ուսուցման /կարծում եմ՝ ուսումնառության փոխարեն ուսուցանումը ավելի ճիշտ է/ նպատակներ բաժնի առաջին կետում շարադրվածը խնդիրներ են,որոնք ուղղված են նպատակի իրագործմանը։
  • Նպատակը երկրորդ կետում է շարադրված։ Գրականության ուսումնառությունը /ուսուցանումը/ սովորողի անձնային նկարագրի, կարողությունների, հմտությունների, արժեհամակարգի ձևավորման և զարգացմանն է ուղղված, քննադատական և պատկերավոր մտածողության զարգացմանը։
    Սրանք նպատակներ են իահրկե, բայց կարևոր է նաև գրական ճաշակի ձևավորումն ու զարգացումը, որոնք էլ նպաստելու են ընդհանուր ճաշակի բարձրացմանը:
  • կարողություններ և հմտություններ ընդհանուր է ասված։ Դրանք պետք է հստակեցնել՝ հատկապես ի՞նչ կարողությունների զարգացում է, ինչպիսի՞ հմտություններ է տալիս։ Թե չէ՝ կարողություններ և հմտությունները շատ կարող են լինել։
  • Արդիականություն բաժնում ներկայացված է երեք կետ՝ ժողովրդավարություն, անձնակենտրոն կամ սովորողակենտրոն ուսումնառություն /տես՝ ուսուցանում/ և տարբերակված ուսուցում։ Այս կետերում մասնավորապես շարադրված է․ ,,նրա (սովորողի ) կարծիքի և հետաքրքրությունների հիման վրա են ծրագրվում նյութի բովանդակությունը կամ ,,ուսուցում. ուսումնառության բովանդակությունը, կրթական միջավայրը, տրվող առաջադրանքները, չափորոշչային պահանջները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, պահանջները, կարողությունները:

Ձևակերպումները լավն են , բայց ես դրա իրագործումը, մեխանիզմները, կազմակերպումը չտեսա ծրագրում։ Ո՞րն է սովորողի ընտրությունը։ Տրված են պարտադիր հեղինակներ և գործեր։ Ուսուցիչն ու սովորողը պարտադիրից հետո կարող են ընտրել տրված հեղինակի մեկ-երկու բան:

Վերջնարդյունքների մասին

Գրականության դեպքում վերջնարդյունքները բոլոր տարիներում նույնը պետք է լինի՝ տարիքային համապատասխան նյութ ընթերցելիս կարողանա խոսել գործի ձևի և բովանդակության մասին: Իսկ թե ինչ խորությամբ և մանրամասնությամբ կխոցի, այնքան անհատական է, որ դրա դա միասնական վերջնարդյունքի բերելն անհնարին է:

Թե չէ՝ ներայացված վերջնարդյունքները երբեմն դասարանից դասարան իրարից չտարբերվող, կամ ճիգով մեկ-երկու բառի փոփոխությամբ արբերվող , երբեմն էլ անհասկանալի զարգացումով ձևակերպումներ են:

Արհեստական ճիգ կա յուրաքանչյուր դասարանի համար վերջնարդյունքների ձևակերպման, ինչպես նաև արժևորում, ինքնություն բաժինների մեջ:

Գրողների, գործերի ընտրություն

Ոչ գրողների, ոչ ստեղծագործությունների ընտրության սկզբունքը չի երևում: Կարծում եմ՝ դրանով էլ բացատրվեց առաջացած աղմուկը:

Առանց մանրամասներով անեմ առաջարկություններ:

  1. Ձևակերպել գրողների և ստեղծագործությունների ընտրության սկզբունքներ:
  2. Ըստ այդ սկզբունքների ընտրել հայ հեղինակներ՝ 20%-ի չափով հնարավորություն տալով ուսուցչին փոփոխություն անել
  3. Ստեղծագործությունների ընտրությունը թողնել ուսուցչին՝ իրենց մեթոդ միավորման քննարկմամբ և հաստատման
  4. Արտասահմանյան և Ժամանակակից գրողների և նրանց գործերի ընտրությունը թողնել ուսուցչին:
  5. Քննությամբ և ստուգումների չպայմանավորել անցնելիքը: Անհրաժեշտության դեպքում ստուգել գրական ստեղծագործության ընկալման հմտություններ:
  6. 5-9-8-րդ դասարաններում ՝ համատեղել հայ, ժամանակակից և արտասահմանյան գրողների գործեր:
  7. 10-12-րդ դսարաններում հայ գրականության մեջ ընդգրկել հին, միջին, նոր, նորագույն շրջանների գրականության լավագույն կտորները՝ գրականության զարգացման փուլերը դարձնելով նախագծային — հետազոտական աշխատանք սովորողների համար:
  8. Արտասահմանյան գրականության գրողները և գործերը թողնել ուսուցչի ընտրությանը՝ հստակ ձևակերպելով ընտրության սկզբունքներ:
  9. Վեպերի ընթերցանությունը թողնել որպես լրացուցիչ կրթություն ՝ բացառելով վեպերի կրճատ տարբերակները սովորողին հանձնարարելը: