Պատմեմ որպես ականատես: Իմ երիտասարդ գործընկերները չգիտեն, թող իմանան:

1998 թիվ: Աշոտ Բլեյան քաղաքական գործչի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով սկսվեց հետապնդում: Քաղաքական հետապնդում: Միշտ են անանջատ եղել Բլեյանն ու կրթահամալիրը, միշտ, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ: Եվ տասնյակ ուսուցիչներ Բլեյանի հետ միասին հայտնվեցին քննչական նկուղներում: Հարցաքննվում են: Պատկերացրի՞ք, հա՞: 7-8 տարեկան երեխաների հետ խաղացող, պատանիների հետ ապրող ուսուցիչ,  բութ դեմքերով քննիչներ և՝ խաչաձև հարցաքննություն: Կրթահամալիրը ոչ մի իրավիճակում հումորը չի կորցրել: Այդ շրջանում բերանից բերան անցնող, քննիչների հետ կապվող զավեշտալի պատմություններ՝ ինչքա՜ն ասես: Ուսուցիչների վրա կիրառվող ճնշումը վիթխարի էր։  Սպառնում են՝ բանակում գտնվող տղային, ծառայության մեջ գտնվող ամուսնուն ակնարկելով: Բայց սեբաստացիները դիմակայում են։ Իրենց տնօրենի կողքին են։ Սեբաստացիների մեջ հուդաներ չեն լինում։ Եվ քննչական այն ժամանակ էլ կուռ համակարգը մտավ փակուղի: Քննչական մեքենան բախվեց Բլեյանի սեբաստացի ամուր, անկոտրում կոլեկտիվին: Ոչինչ չստացվեց, բայց իհարկե Աշոտ Բլեյանը հայտնվեց անազատության մեջ:  Էդպիսին են լինում պատվերները:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը՝ իր թերթով, իր լրագրող ընկերներով  մեր կողքին էր: Եվ մենք ավելի վստահ էինք զգում մեզ. Երբ իշխանությունն է սկսում հետապնդել, հավատարիմ յուրաքանչյուր ընկեր մեծ դեր և նշանակություն է ստանում:  Եվ էդպիսի ընկեր էր մեզ համար Նիկոլը, ով բոլոր միջոցներով աջակցում էր մեզ: Բարոյական աջակցությունը հասավ նրան, որ իր տղային կոչեց Աշոտ Բլեյանի անունով՝ Աշոտ Փաշինյան։  Այ էդպիսի նվիրում: Հետո էլ իհարկե կրթահամալիրը կանգնեց Նիկոլ Փաշինյանի թիկունքին, երբ Նիկոլը սկսեց հետապնդվել իշխանությունից։ Եվ ամուր կանգնեց, հավատարիմ, նվիրված, վստահելի ընկերոջ նման կանգնեց։

1998-99 թվերին սեբաստացի համայնքը՝ ուսուցիչներ, ծնողներ,  ներքաշվեցին քննչական գործողությունների մեջ։ Կրթահամալիրը ստացավ այնպիսի մի գրություն, ինչպիսին այսօր ստացել ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցչից՝ Արայիկ Հարությունյանից: Աշոտ Բլեյանի պաշտոնավարությունը դադարեցվում է՝ այն ժամանակ կապված դատական գործընթացի հետ:  Չուշացավ նաև հաջորդ քայլը: Այդ տարիներին կրթության նախարարն էր Լևոն Մկրտչյանը: Նա կրթահամալիր եկավ տնօրենի թեկնածուի ՝ Ռուբեն Սարգսյանի հետ, ում  բերել էր ներկայացնելու աշխատախմբին: Հարգելի մարդիկ էին, գուցեև, բայց ինչո՞ւ էին գնացել այդ քայլին: Չգիտեի՞ն՝ ուր են գալիս: Չգիտե՞ր Ռուբեն Սարգսյանը՝ ինչ վտանգավոր դերակատարում են տվել իրեն։ Ոչ մեկիդ չէի ցանկանա էն վիճակը, ինչի մեջ հայտնվեցին նախարարն ու տնօրենի թեկնածուն:  Պատկերացրի՞ք ալեկոծված կրթահամալիրը: Այն տարիներին էլ՝  երիտասարդ, եռանդուն, համարձակ: Անարդարության սուր զգացումը անկառավարելի էր դարձրել էդ ստեղծագործ ու ընդունակ աշխատախմբին: Մի խոսքով՝ ճամփեցինք, գնացին: Եվ մեր հաշտ, միասնական աշխատախումբն անցավ հաջորդ քայլին՝ դատական գործընթացին: Փուլ էր պարտադրված: Կրթահամալիրը իր հիմնադիր տնօրենի կողքին էր:

Բլեյանի աշխատախումբը կյանքով է կապված Բլեյանի հետ: Միասին ոչ թե աշխատում են, այլ ապրում են: Դա Բլեյանի ֆենոմենն է: Բլեյանի կրթահամալիրը ընտանիք է՝  հեղինակային մանկավարժության շուրջ համախմբված, միասնական,  գործող, առողջ, ստեղծական։ Այդպես էր այն ժամանակ, այդպես է և հիմա:

Փաստորեն պատմությունը կրկնվելու վատ սովորություն ունի։ Այսօր նորից հայտնվել ենք իշխանության դիտակետում: Փաստորեն իշխանությունները փոխվում են, բայց վերաբերմունքը հեղինակային մանկավարժություն իրականացնող կրթահամալիրի նկատմամբ՝ մնում է: Ի՞նչը ձեռք չի տալիս, ի՞նչն է էսպես վախեցնում  իշխանություններին՝ ազատ, համարձակ, նախաձեռնող, իր իրավունքը գիտակցող և պաշտպանել կարողացող  անհատի կերտո՞ւմը։ Գուցեև, ի՞նչ կիմանաս։ Կարծես թե ոչ մի իշխանություն չի կարողանում ազատվել ինքնիշխանությունից։ Չեն կարողանում համակերպվել օրենքի գերակայության հետ։
Ինչևէ։ Մենք նորից գրություն ենք ստանում տիար Բլեյանի պաշտոնավարության դադարեցման մասին, այս անգամ Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ, նորից կարող ենք մեր իրավունքը պաշտպանելու համար հայտնվել դատական դահլիճներում, նորից ոչ օրինական մոտեցումից փոթորկվում է սեբաստացիական համայնքը, նորից… Նորից իր մանկապարտեզային տարածքն անապատի վերածած ու ցանկապատելու մոլուցքով քնող-արթնացող  մանկապարտեզի վարիչը, իր անձնական ծանոթություններն օգտագործելով, տիար Բլեյանին կարմիրբերետայինների միջոցով  ոստիականություն է տանում, նորից ԿԳՄՍ նախարարը մեր կառավարման խորհրդին անհասկանալի օրակարգով դիվան է կանչում, նորից հերթական իշխանական  համակարգը երազում է  ազատվել ստեղծագործ, գործուն անհատից… Նորից…
Մեր սերունդն անցավ էս ամեն ինչի միջով: Հիմա հերթը հասավ մեր ջահելներին: Ու մեր երիտասարդացած համայնքը նորից պիտի պաշտպանի իրեն, իր կրթահամալիրը, իր մանկավարժությունը․․․Նորից պիտի պայքարի իր լինելիության, զարգացման, օրենքով ամրագրված իր իրավունքի համար: Նորի՞ց: Ափսոս: Ափսոս մեր ժամանակը։ Իսկ մենք այնքա՜ն նոր ծրագրեր ունենք կյանքի կոչելու։
Բայց գուցե սա՞ էլ է գործ, ոչ պակաս կարևոր։ Գործ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն օրինապահ Հայաստանի, կամայականությունից զերծ հանրապետության։