Արձագանքեմ «Ազատությունում» հրապարակված «Կրթության նախարարությունում հաստատակամ են՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այլ տնօրեն կունենա» հոդվածին:

Նախ՝ նախարարությունում մի հարցում կարող են հաստատակամ լինել՝ թողնել կրթությսն ոլորտը, որովհետև ոչ միայն ապաշնորհ են կրթական խնդիրներ լուծելու հարցում, այլև օրենքների հետ կապված տարրական տեղեկատվության չեն տիրապետում: Եվ հետո, եթե նույնիսկ կրթական֊մանկավարժական խնդիրներից հեռու էլ լինեն, օրենքներ գոնե պիտի՞ կարդան։ Թե՞ արդեն ԿԳՄՍ նախարարը «նպատակահարմար» չի գտնում օրենքով առաջնորդվելը։ Թե՞ կարևորն այն է, որ նախարարը կարծիք ունենա տվյալ հարցի մասին: Էլ ի՞նչ օրենք նախարարի կարծիքի մոտ։
Հարգելի լրագրող, գրում եք «կրթական գերատեսչությունում դեմ չեն Բլեյանին այլ պաշտոնում տեսնելուն, ավելին՝ ասում են՝ նրան առաջարկվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը»։
Ա՜յ քեզ բան…
Հարգելի լրագրող և ԿԳՄՍ նախարարություն, կարդացեք Հայաստանի Հանրապետության օրենքը ՊՈԱԿ-ների մասին, որտեղ հոդված 19-ում՝ «Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի լիազորություններ» բաժնի է կետում հստակ գրված է, որ կառավարման մարմնի ղեկավարն ընտրվում է: Ընտրվում է, ընկերներ, չի առաջարկվում նախարարության կողմից:

Փաստորեն «կրթական գերատեսչությունում» չգիտեն, որ դպրոցների կառավարման խորհուրդների նախագահը նշանակովի պաշտոն չէ: Կառավարման խորհուրդն ընտրվում է, որից հետո այդ խորհուրդն ընտրում է նախագահ: ԿԳՄՍ նախարարությունը այնքան է գլուխը կորցրել, որ իրեն թվում է, որ իր իրավասություններն անսահմանափակ են՝ ում որտեղից ուզի, կհանի, ում որտեղ կուզի, կնշանակի:
Իսկ գուցե մնացած դպրոցներում իրո՞ք նախարարությունն արդեն նշանակում է տնօրեններ: Գուցե լրագրողը լրագրողական հետաքննությո՞ւն անցկացնի: Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում: Նախարարությունում այդ մասին հայտարարություն են արել մարդիկ: Հետաքննեք:

Եվ հետո, ի՞նչ է նշանակում նախարարությունում արդեն որոշել են, որ ,,Մխիթար Սեբաստացին,, այլ տնօրեն պիտի ունենա, երբ կրթահամալիրը դիմել է իր հիմնադրին՝ կառավարությանը՝ տեղեկացնելով իր հիմնադրամ դառնալու որոշման մասին: Դեռ կառավարությունը չի էլ արձագանքել, իսկ ԿԳՄՍ նախարարությունն արդեն որոշել է… Գուցե կրթահամալիրի նոր տնօրենի անո՞ւնն էլ հրապարակի: Ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարն իր ապօրինի որոշումներում այդքան ,,հաստատակամ,, գործում և շտապում հրապարակել այն: Չէ՞ որ կառավարությունը օրենքով պիտի հաստատի  ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի հիմնադրամ դառնալու որոշումը։ Թե՞ նախօրոք անօրինական պայմանավորվածություն կա:Պիղատոսը լվացե՞լ է ձեռքերը: Հեղափոխություն է եղել բարոյական արժեքներո՞ւմ: Օրենքները շարունակում են վերնախավի ձեռքին ըստ պատեհությա՞ն գործածվել։ Հուսանք, որ այդպես չէ։ Հակառակ դեպքում ՝մնում է՝ օրենքները պաշտպանենք նպատակահարմարություններից: Իսկ դա պարտավոր ենք անել՝ հանուն Հայաստանի Հանրապետության: