Առաջին բանը, որ ցանկանում եմ անել՝ շնորհակալություն հայտնելն է թեկնածությունս առաջադրելու համար։

Երկրորդ միտքը, որ առաջացավ՝ տեսնես ես համապատասխանո՞ւմ եմ այս մրցանակին, թե՞ ուղղակի առաջադրողի բարի կամքի արտահայտությունն է։

Բացում եմ ,,Տիգրան Հայրապետյան,, մրցանակին ներկայացվող պահանջները․,,․․․Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար,,.։
Ուզում եմ ճշտել՝ ճի՞շտ եմ հասկանում ,,քաղաքացիական ,, բառի նշանակությունը։ Բացում եմ Արդի հայերենի բացատրական բառարանը և նայում եմ բառի բացատրությունը։ Նշանակում է նաև՝ ,,․․․հասարակության բարօրության, հասարակության շահերին վերաբերող․․․,,,։

Փորձեմ այս տեսանկյունից ներկայացնել Գրական ակումբի, Մանկավարժական ակումբի գործունեությունը, ,,Դպիր,, մանկավարժական ամսագրում հրապարակված գործընկերներիս կողմից արված իմ հոդվածների թարգմանությունը։

Գրական ակումբ

Կրթահամալիրի Գրական ակումբը անխափան գործում է 2016 թվականի օգոստոս ամսից։ Ակումբը շուրջտարյա է՝ առանց արձակուրդների, հանգստյան և տոն օրերի։

Արդեն 5-րդ տարին է, որ ամեն շաբաթ գրական գեղարվեստական ստեղծագործություն է հրապարակվում ակումբի բլոգում, դրվում է ֆեյսբուքյան իմ և ակումբի անդամների էջերում /յուրաքանչյու անգամ նշվում է ակումբի մասնակցի մոտ 30 անուն՝ նյութի տարածումը հնարավորինս տարածելու համար/։

Յուրաքանչյուր շաբաթ՝ նախօրոք, համացանցից ընտրվում է բարձրարվեստ գեղարվեստական ստեղծագործություն և հրապարակվում։

Գրական ակումբի մասնակիցներն են կրթահամալիրի դասավանդողները՝ դասվարներ, օտար լեզվի ուսուցիչներ, կազմակերպիչներ, մաթեմատիկներ, մայրենիի ուսուցիչներ։

Ակումբը բաց է, մուտքը ազատ է, և շատ դասավանդողներ տարբեր տարիների եղել են ակումբի քննարկումներին․․․ Երբ Գրական ակումբը ներկայացվեց դասավանդողներին առաջարկվող ակումբների շարքում, պարզվեց, որ ամենաշատ հայտ ստացած ակումբներից է։

Առցանց՝ ֆեյսբուքում միանում են նաև այլ՝ ֆեյսբուքյան ընթերցողներ։ Ակումբի միջոցով ձեռք բերեցի ֆեյսբուքյան նոր, հետաքրքիր ընկերներ։ Շատերն էլ մնացին ուղղակի ընթերցող, առանց ընկերության հայտ ուղարկելու։

Գրական ակումբը ունեցավ նաև մի շարք արտագնա հանդիպումներ՝ տարբեր մանկավարժական, ստեղծագործական հավաքանիների հետ․
Արագածոտնի մարզ
Սևան
Հացավան
Չանախչի
Ոսկեհատ
Գյումրի

Ի՞նչ եմ ես կարևորում Գրական ակումբի գործունեության մեջ։

  • Նախ՝ այն գեղարվեստական գրականությունը, որը մի քանի օր ամենայն բծախնդրությամբն ընտրում եմ, և դրա արդյունքում ակումբի բլոգում հավաքված է մոտ 230 բարձրաժեք գրականություն, որը կարդում են ոչ միայն ուսուցիչներ։ Դրանք դառնում են նաև ուսումնական նյութ սովորողների համար։
  • Այն միջավայրի ստեղծումը, որտեղ մարդիկ կարող են ազատ, հանգիստ, ինքնավստահ ինքնարտահայտվել, և որը դառնում է յուրօրինակ վերապատրաստում ուսուցիչների համար։
  • տարբեր մասնագետների վերլուծությունները հնարավորություն են տալիս ստեղծագործության առավել բազմակողմանի դիտարկմանը, որն առավել կենդանի և հետաքրքիր են դարձնում գրական ակումբի քննարկումները։
  • Մի առանձին փուլ եմ դիտարկում նաև ֆեյսբուքյան քննարկումները։ Այստեղ ընթերցողները հիմնականում առանձնացնում են այն հատվածները, որոնք իրենք կարևորել են։ դա էլ մի ինքէնատիպ վերլուծության, կարևորն առանձնացնելու ձև է։
  • Գրական ակումբի նյութերը ակումբի անդամ դասավանդողները ուսումնական նյութեր են դարձնում նաև սովորողների համար:
  • Գրական ակումբին առցանց պարապմունքներին մասնակցում են նաև Ավագ դպրոցի սովորողներ:

Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ գրականության տարածման, քննարկումների խթանման աշխատանքները համակարգել։ Սա ես համարում եմ իմ, գործընկերներիս և այլոց ինքնակրթությանն ուղղված կարևոր գործ, որը անում եմ ոգևորված և հավեսով։

Մանկավարժական ակումբ

Մանկավարժական ակումբի աշխատանքները ղեկավարել եմ նաև 2018-2019, 2019-2020 ուսումնական տարիներին։ Այդ աշխատանքները տես Ուսուցչի լաբորատորիայի ,,Մանկավարժական ակումբ,, մասում։
Սակայն 2020-2021 ուստարում մանկավարժական ակումբը, Գևորգ Հակոբյանի առաջարկով, ստացավ նաև այսպիսի ուղղվածությունը։ Նոր ընդունված դասավանդողների ակումբի աշխատնքի համակարգումը ինձ համար դարձավ իր տեսակով նոր մենթորական աշխատանք։ Այն ուղղված է․․

  • առաջին տարին դասավանդող սեբաստացի դասավանդողների ներառմանը
  • նրանց մանկավարժական նյութերի կարդալու, քննարկելու միջոցով մանկավարժական մեթոդներին, մոտեցումներին ծանոթացմանը, դրանց քննարկման միջոցով առավել արդյունավետ յուրացմանը
  • մանկավարժական նյութերի ,,Կարծիքներ,, բաժնում տարբեր կարծիքների ընթերցմանը

    Ամեն անգամ այս աշխատանքները կազմակերպումը /նյութի ընտրություն, քննարկման անցկացում/ իմ առաջարկով կատարում է մեր երիտասարդ դասավանդողից մեկը, որը բրա համար էլ է դառնում կարևոր փորձառություն՝ ,,Դպիրը,, կարդալու, նյութերը կարդալ, դրանց քննարկումը կազմակերպելու հմտությունների ձեռքբերում ու զարգացում։

Սա էլ իմ երիտասարդ մանկավարժ գործընկերների կայացմանն ուղղված մենթորական գործունեություն է, որը կատարում եմ ամենայն սիրով ու պատասխանատվությամբ։

,,Դպիր,, մանկավարժական ամսագրում իմ հոդվածների թարգմանությունները

Երբ նայում էի ,,Դպիրի,, իմ հեղինակային էջը, սիրով փաստեցի, որ իմ գործընկերները, իրենց ընտրությամբ, բավականին շատ են թարգմանել իմ հոդվածները։ Դրանք 20-ից ավելի անգլերեն, ռուսերեն, վրացերեն արված թարգմանություններ են։ Ուրախ եմ, որ իմ հմուտ մանկավարժ գործընկերները այդքան կարևորել են դրանցում արտահայտված մանկավարժությունը և ցանկացել են դրանք հասանելի դարձնել նաև մեր օտարալեզու գործընկերներին։ Հուսով եմ, որ մեր օտարալեզու, վրացախոս, ռուսախոս, անգլախոս մանկավարժ-գործընկերների համար դրանք նույնպես հետաքրքիր և օգտակար կլինեն։