mskh_logoԱմստերդամցի նավաստին

 Գիյոմ Ապոլիներ

I

Համեմունքով ու այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական «Ալկմաար» առագաստանավը վերադառնում էր Ճավայից:

Նավը կանգ առավ Սաութհեմփթնում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնելու ափ:

Նրանցից մեկը՝ Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին՝ մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:

Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը, և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:

Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ±ր կամենա արդյոք թութակը վաճառել:

— Իմ ուզածը,- ասաց պարոնը,- հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի՝ առանց սպասելու իմ պատասխանին: Եվ հետո, ես մենակ եմ ապրում:

Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը՝ Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որի հետ անծանոթը համաձայնեց:

— Հետևեք ինձ,- ասաց վերջինս,- ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:

Երկնային պարգևից այնքան երջանիկ՝ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել՝ հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:

Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսելուց: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:

Նրանք լուռ կողք կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառներին, արևադարձային օդին, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնեղ աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:

Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.

—  Մոտենում ենք իմ տանը:

Նրանք քաղաքից դուրս էին եկել: Ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային: Մերթընդմերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:

Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի աառաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը, ու հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:

Վախը պատեց նավաստուն: Պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:

Լռակյաց անծանոթ, անկայնք տուն՝ այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:

«Խենթի մեկն է»,- մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածի չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:

II

— Եթե լուցկի ունեք, լուսավորեք,- ասաց անծանոթը՝ բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:

Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:

Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:

Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ՝ ձեռքին վանդակ:

— Թութակը մեջը դրեք,- ասաց նա,- թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ կընտելանա և կկարողանա ասել այն, ինչ որ ես ուզում եմ:

Հետո շշմած թութակի վրա փակելով վանդակի դռնակը՝ նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակ, որտեղ, իր ասելով, գործվածքը փռելու հարմար սեղան կար:

Հենդրիյկ Վերստեեգը հլու-հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույնևեթ փակվեց նրա ետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:

Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել: Բայց մի ձայն կանգնեցրեց նրան.

— Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:

Գլուխը բարձրացնելով՝ Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը:  Նա սարսափից քար կտրեց:

Իմաստ չուներ դիմադրելը. տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակն անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում՝ երդիկի կողքին, որտեղից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:

— Ուշի ուշով լսեք ինձ,- ասաց անծանոթը,- և հնազանվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը… Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա՝ մեջը հինգ փամփուշտ… Վերցրեք այն:

Հոլանդացի նավաստին ենթարկվում էր՝ գրեթե անգիտակցաբար: Ուսից կառչած կապիկը սարսափահար ճիչեր էր արձակում և ամբողջ մարմնով դողում: Անծանոթը շարունակեց.

— Սենյակի խորքում վարագույր կա: Հետ քաշեք:

Հենդրիյկը վարագույրը հետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը՝ լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր  նավաստուն:

— Արձակեք այդ կնոջ կապերը,- ասաց անծանոթը,- և բերանի լաթը հանեք:

Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը՝ բղավեց.

— Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք՝ վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի՝ վերջապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել… Հարրի, Հարրի, ես անմեղ եմ:

— Չեմ հավատում,- շեշտակի ասաց անծանոթը:

— Հարրի, ես անմեղ եմ,- կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով:

— Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,- անծանոթի ձայնը մի պահ դողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:- Որովհետև ես ձեզ դեռ սիրում եմ,- ավելացրեց նա,- եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ…

Իսկ այժմ, նավաստի, եթե մինչև տասը հաշվեմ, ու դուք գնդակը չմխրճեք այս կնոջ գլուխը, մեռած կթավալվեք նրա ոտքերի տակ: Մեկ, երկու, երեք…

Եվ մինչ անծանոթը կհասցներ հաշվել չորսը, սարսափահար Հենդրիյկը կրակեց կնոջը, որը դեռևս ծնկաչոք՝ նավաստուն էր գամել հայացքը: Կինը բերանքսիվայր ընկավ գետնին: Գնդակը դիպել էր ճակատին: Երդիկից արձակված կրակոցը նույն պահին խոցեց նավաստու աջ քունքը: Նա փռվեց սեղանին, մինչդեռ ահաբեկված կապիկը, ճղճղան ճիչեր արձակելով, պահ մտավ նրա թիկնոցի մեջ:

III

Հաջորդ օրը անցորդները, որ Սաութհեմփթնի արվարձանի մենատնից հասած տարօրինակ ճիչեր էին լսել, այս մասին հայտնեցին ոստիկանատուն: Շուտով ոստիկանները եկան դեպքի վայրը և ջարդեցին դռները:

Նրանք գտան երիտասարդ կնոջ և նավաստու դիակները:

Հանկարծ տիրոջ թիկնոցից դուրս պրծած կապիկը ցատկեց ոստիկաններից մեկի դեմքին: Նա բոլորին այնքան ահաբեկեց, որ մի քանի քայլ ընկրկելով և չհամարձակվելով նորից մոտենալ՝ սրանք ատրճանակը պարպեցին կապիկի վրա:

Հետաքննությունը հանգեց միանգամայն պարզորոշ հետևության. նավաստին սպանել էր կնոջը, հետո էլ՝ ինքնասպան եղել: Այսուհանդերձ, ողբերգության հանգամանքները առեղծվածային էին թվում: Երկու դիակների ինքնությունը առանց դժվարության հաստատվեց: Բայց թե ինչպես կարող էր լեդի Ֆինգալը՝ Անգլիայի պերի կինը, գյուղական այդ մեկուսի տանը մեն-մենակ գտնվել նախօրեին Սաութհեմփթն ժամանած նավաստու հետ՝ այդպես էլ անհասկանալի մնաց:

Մենատան տերը ոչ մի տեղեկություն չկարողացավ տալ, որ պարզաբանվեր եղելությունը: Մի շաբաթ առաջ տունը վարձով էր տրվել ոմն մանչեսթերցի Քոլինզի, որի հետքերն այդպես էլ չգտնվեցին: Այդ Քոլինզն ակնոցավոր էր և ուներ կարմրահեր երկար մորուք, որը ամենայն հավականությամբ կարող էր դնովի լինել:

Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կսկիծի: Ինչպես բոլորը, նա ևս այս ամենից ոչինչ չէր հասկանում:

Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա նա ապրում է Քենսինգթնի իր տանը՝ ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է.

— Հարրի, ես անմեղ եմ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրական բառարանից դուրս գրիր ընդգծված բառերի բացատրությունները:

2. Հիմնվելով տեքստում եղած փաստերի վրա՝ փորձիր վերականգնել նավաստու կյանքի պատմությունը:

3. Նշիր բառեր, արտահայտություններ, որոնք նախապատրաստում են հետագա  գործողությունների չարագուշակ ընթացքը:

4. Դուրս գրիր կնոջը նկարագրող բառերն ու բառակապակցությունները: Ինչո±ւ հեղինակը մանրամասնորեն չի նկարագրել կնոջը:

5. Համառոտ ներկայացրու սյուժետային գիծը՝ հետևելով տրված սկզբին:

Նավաստին ափ իջավ Սաութհեմփթնում: Նրան խաբեությամբ՝ գնումներ անելու պատրվակով, իր առանձնատունը տարավ մի անծանոթ:

6. Փաստերով ցույց տուր, որ սպանությունը կանխամտածված էր:

7. Բեր ապացույցներ, որ առեղծվածային անծանոթն ու մեծահարուստ լորդը միևնույն անձնավորությունն են:

8. Ստեղծագործությունը նովե՞լ է, թե՞ պատմվածք: Պատասխանդ հիմնավորիր:

9.   Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը: Ընտրությունդ հիմնավորիր:

• Առեղծվածային անծանոթը.

• ամստերդամցի նավաստին.

• կինը.

• թութակը:

10. Բնութագրիր (մեղադրիր արդարացրու)՝

• կնոջը,

• տղամարդուն,

• նավաստուն:

11. Համոզո՞ւմ է քեզ հետևյալ հատվածը: Պատասխանդ հիմնավորիր:

Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կսկիծի:

12. Հիմնավորիր այս հատվածի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա նա ապրում է Քենսինգթնի իր տանը՝ ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է.

— Հարրի, ես անմեղ եմ:

13. Ո՞րն է ստեղծագործության հիմնական գաղափարը (կարող ես ընտրել տրվածներից կամ ձևակերպել ինքնուրույն): Պատասխանդ հիմնավորիր:

• Մարդիկ չար են, դաժան նաև իրենց սիրած անձանց հետ:

• Անմեղ մարդն էլ կարող է քավության նոխազ դառնալ:

• Փողի ետևից գնացողը կարող է ընկնել փոսը:

• Եսակենտրոն մարդը չի կարող հանդուրժել, որ ինչ-որ բան վիրավորի կամ անհանգստացնի իրեն և շարունակի գոյություն ունենալ: Նա  չի մտածում ուրիշների (նրանց զգացմունքների, նպատակների, խնդիրների,  կյանքի)  մասին:

Օգնություն

Պատմվածքը     գրականության պատմողական ժանրերից է, փոքր ծավալի արձակ ստեղծագործություն: Պատմվածքը ևս, ինչպես ցանկացած այլ ստեղծագործություն, կարող է ունենալ փոխաբերական իմաստ: Պատմվածքի սյուժեն հակում չունի դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ կատարվում են ավելի սովորական, հանդարտ ընթացքով:

Նովելը,    ինչպես և պատմվածքը, սակավաթիվ հերոսներ ունեցող փոքրածավալ ստեղծագործություն է:  Այն պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ: Նովելը պատմվածքից տարբերվում է անսովոր սյուժեով, սուր բախումով, գործողության արագ զարգացմամբ և անսպասելի, կտրուկ ավարտով: Մանրամասն նկարագրություններ նովելում սովորաբար չեն լինում:

Ստեղծագործության վերնագիրն      իր մեջ ամփոփում է ստեղծագործության հիմնական գաղափարը: Այն կարող է արտահայտվել բառի, բառակապակցության կամ նույնիսկ նախադասության միջոցով:  Ստեղծագործությունը կարող է վերնագրվել նաև գլխավոր հերոսի անունով, քանի որ նախևառաջ  գլավոր հերոսի միջոցով է արտահայտվում ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ստեղծագործության գաղափարը  երկի մեջ առաջադրված հարցերին գրողի տված պատասխանն է: Այն պատկերվող իրականության նկատմամբ հեղինակի արտահայտած վերաբերմունքն է,  նրա տված գնահատականն ու եզրակացությունը:

14. Այս բանաստեղծության տողերը 10 վանկանի են: Հարցական բառերի փոխարեն գրիր այնպիսի բառեր, որ վանկերի քանակը պահպանվի, վերականգնվի  բանաստեղծության պատկերավորությունը և հանգավորումը:

Լեռներն    արևի   ոգին շնչելով,

Թոթափում են լուռ   մուժն     իրենց հագի,

Քարանձավները մամռոտ   դնչերով

Կապույտն են  խմում արևածագի:

Արցունք է կաթում   ինչե՞րն   ի վար,

Մարջան է կաթում ու կաթում   ի՞նչ,

Ինչե±րը  օդում խառնվել իրար,

Չեն կարողանում  ինչերի՞ն   թառել:

Վայրի մի ծաղիկ    ինչի՞ց    նոր ելած,

Նայում է իր շուրջն ու լուռ   ի՞նչ   անում,

Մուժի ծվեն է, ծիծաղ է ու   ի՞նչ,

Իսկ ինքը, ինքը չունի դեռ    ի՞նչ:

15. Գտիր ավելորդ բառերը և վերականգնիր քառատողերի ռիթմը:

ա)  Ի՞նչ ես գազազում, իմ սև, վիրավոր սիրտ,

Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես,

Աշխարհը իրեն ճամփով կընթանա,

Դու խեղճ, դու անզոր, ի՞նչ պիտի անես:

բ)         Եղել է, թե չէ, ո՞վ գիտի հաստատ,

Եվ ի՞նչն է հաստատ այս մեծ աշխարհի վրա,

Աշխարհում հաստատ մի բան կա միայն,

Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:

Օգնություն

Ռիթմ — Ռիթմը   հավասար միավորների կանոնավոր կրկնությունն է: Ռիթմիկ բնույթ ունի սրտի աշխատանքը, բոլոր մեխանիզմները կատարում են ռիթմիկ աշխատանք, ռիթմիկ է մարդու նորմալ քայլվածքը կամ վազքը: Այս բոլոր դեպքերում հավասար ժամանակամիջոցում պարբերաբար կրկնվում են որոշ միանման շարժումներ: Ռիթմը կարևոր դեր է խաղում չափածո ստեղծագործության մեջ: Դրանով է նա հիմնականում տարբերվում արձակ ստեղծագործությունից:

Վանկական ոտանավոր — Բանաստեղծության մեջ ռիթմը գոյանում է նախևառաջ տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ, և ռիթմի վճռական պայմանը վանկերի հավասար քանակն է:

Հանգ — Հանգը այն երևույթն է, երբ բանաստեղծության մեջ երկու կամ ավելի տողեր ունեն նմանª համահնչուն վերջավորություն:

Օրինակ՝        Հովի շունչ կար ու հովի թև,

Ու լուսին կար խոշոր,

Եկել էր նա՝ հագին թեթև

Հագին բարակ մի շոր:

( թև — թեթև,  խոշոր — շոր)

Ժակ Պրևեր

Ավելի վատ

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում ենª պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

Օգնություն

Անհանգ բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն է, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններª հանգեր: Ժամանակակից անհանգ չափածոն ստացել է նաև սպիտակ բանաստեղծություն պայմանական անունը:

16. Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է: Պատասխանդ հիմնավորիր:

17. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

18. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը: