Կուզեի լինել

                                                     Ռաբին Դրանաթ Թագոր

 Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

 

Առաջադրանքներ

  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….
  1. Ստեղծագործության մեջ գտի’ր կրկնվող արտահայտությունը:

Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը:

  1. Բնութագրի’ր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):
  2. Շարունակի’ր ստեղծագործությունը  (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:

Սկսի’ր այսպես` Կուզեի ես էլ ………………… լինել: