Կարդալ հատվածները՝ ուշադրություն դարձնելով ձմեռային պատկերներին:

1. Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։

Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։

Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե ոչ /Ստ Զորյան ,,Ձմռան գիշեր,,/։

2. Ձյուն է գալիս…

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։ /Ստ. Զորյան ,,Բարեկամներ,,/

Լրացուցիչ կրթություն

Նկարագրեք ձեր տեսած ձմեռը: