Առակ

Մի մարդ երջանիկ էր ապրում իր կյանքը: Միշտ ժպտում էր, ծիծաղում էր, ոչ ոք երբևէ նրան տխուր չէր տեսել: Երբեմն-երբեմն մարդիկ հարցնում էին.

— Ինչպե՞ս է, որ դու երբեք չես տխրում: Ինչպե՞ս ես կարողանում միշտ ուրախ լինել: Ո՞րն է քո երջանկության գաղտնիքը:

Այդպիսի հարցերին մարդը սովորաբար պատասխանում էր.

— Կար ժամանակ, որ ես էլ էի ձեզ նման տխուր: Եվ ես հանկարծ գլխի ընկա. բայց չէ՞ որ դա ԻՄ ընտրությունն է, ԻՄ կյանքը:  Եվ այդ ընտրությունը ես անում եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: Եվ այդ պահից ամեն անգամ արթնանալիս ես հարցնում եմ ինձ.

— Դե, ի՞նչ ես ընտրում այսօր՝ տխրությո՞ւն, թե՞ ուրախություն:

Եվ ամեն անգամ ստացվում է այնպես, որ ես ընտրում եմ ուրախությունը:

1. 5-6 նախադասությամբ վերապատմիր առակը:

2. Ո՞րն է առակում արտահայտված գաղափարը:

 

Վիլյամ Սարոյան. Հյուսնի պատմությունը

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.

– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.

– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

 

  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմիր զրույցը:
  2. Ո՞րն է զրույցում արտահայտված գաղափարը:
  3. Համաձա՞յն ես արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորի’ր: